Ախալքալաքի մունիցիպալիտետի համար ուղևորատար ավտոբուսներ գնելու մրցույթը շահել է «Սենա Ավտո» ՍՊԸ-ն։ Երեք ամսվա ընթացքում ավտոբուսները կհասցվեն Ախալքալաք, որից հետո կսկսվեն նրանց շահագործման մանրամասների քննարկումները։ Ուղևորափոխադրումների կազմակերպման հարցը քննարկվել է Սակրեբուլոյի հանձնաժողովի 2025 թվականի մայիսի 27-ի նիստում։
Ավտոբուսներ գնելու համար մունիցիպալիտետը հատկացրել է 424 178 լարի։ «Սենա Ավտո» ՍՊԸ-ն շահել է մրցույթը՝ առաջարկելով 398 000 լարի։
Jnews-ի կայքում, քաղաքապետարանի կողմից հասարակական տրանսպորտ գործարկելու մտադրության մասին, հոդվածի հրապարակումից հետո, խմբագրությունը նամակներ է ստացել գյուղի բնակիչներից, ենթադրվող երթուղիների վերաբերյալ հարցերով։
Մեր տեղեկություններով, ավտոբուսների երթուղիների և սպասարկման հետ կապված այլ մանրամասների վերաբերյալ, Ախալքալաքի մունիցիպալիտետի վարչակազմը դեռևս վերջնական որոշում չի կայացրել։ Այս հարցը քննարկվեց նաև Սակրեբուլոյի 2025 թվականի մայիսի 27-ի համատեղ հանձնաժաողովների նիստում։
Ախալքալաքի քաղաքապետարանի տնտեսական զարգացման և գույքի կառավարման ծառայության պետ Մնացական Փամբուխչյանի խոսքով, բոլոր մանրամասները կլուծվեն ավտոբուսները ստանալուց հետո։
«Ավտոբուսները կհասնեն, այդ ժամանակ էլ կորոշենք ուղղություններն ու մանրամասները», — ասաց Մնացական Փամբուխչյանը։
Ենթադրաբար, հասարակական տրանսպորտը շահագործելու համար կստեղծվի նոր ծառայություն։ Սակայն Ախալքալաքի մունիցիպալիտետի 2025 թվականի հաստատված բյուջեն դեռևս չի ներառում ավտոբուսների սպասարկման համար միջոցներ։
Ինչ ուղղությամբ կգործեն ուղևորատար ավտոբուսները, քանի վարորդ կաշխատի, որքան կլինի տրանսպորտի վճարը, այս և ավտոբուսների սպասարկման հետ կապված այլ հարցեր քաղաքապետարանի վարչակազմը նախատեսում է լուծել ավտոբուսները ստանալուց և բնակչության ներկայիս պահանջները վերլուծելուց հետո։