2025 թվականի մայիսի 20-ին Ազավրեթի միջնակարգ դպրոցի 1985 թվականի շրջանավարտները, 40 տարի անց, առաջին անգամ հանդիպեցին։ Հանդիպումը տեղի ունեցավ վերջին զանգի տոնակատարությանը նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ։
Տարբեր պատճառներով ոչ բոլորը կարողացան գալ՝ 28 շրջանավարտից ներկա էին միայն 14-ը։ 1985 թվականին Ազավրեթ գյուղի դպրոցը տասնամյա էր, և հենց այդ ժամանակ էր այս դասարանն ավարտել այն։ Այս տարի նրանք այնտեղ էին, որտեղից ամեն ինչ սկսվել էր։
Կարինե Կարոյանը հանդիպմանը եկել էր ամուսնու և թոռան հետ։ Նա խոստովանեց, որ դպրոցն ավարտելուց ի վեր չի եղել իր հայրենի Ջավախքում։
«Ես վաղուց չէի եղել այստեղ և շատ էի ուզում գալ։ Մեզ շատ ջերմորեն ընդունեցին։ Դպրոցը վերանորոգվել է, մեր դասարանն այժմ դարձել է ուսուցչանոց, բայց մենք, այնուամենայնիվ, նստեցինք նստարաններին։ Տնօրենը ներկա բացակա արեց։ Մենք մեծացել էինք, փոխվել, բայց, միևնույն է, ճանաչելի էինք։ Մեզանից երկուսը, ցավոք, այլևս կենդանի չեն՝ Սերգեյ Քաչայանը և Ռաֆիկ Փաշայանը», — պատմեց Կարինե Կարոյանը։
Նրա խոսքով, հանդիպման գաղափարը պատկանում էր դասարանի կանանց, իսկ կազմակերպչական հարցերով զբաղվել է Իշխան Սարգսյանը։ Բոլոր ծախսերը հոգացել են տղամարդիկ։
1985 թվականի շրջանավարտները, ինչպես և 2025 թվականի ներկայիս շրջանավարտները, ժապավեններով կանգնեցին հանդիսավոր տողանին, պարեցին, ուրախ էին և հուզված։ Դպրոցի ներկայիս տնօրեն Սլավիկ Եղիազարյանը ժամանակին դասավանդել է հայոց լեզու։ Ավարտական դասարանի դասղեկը Նարիման Թորոսյանն էր, ով այլևս կենդանի չէ։ Այդ ժամանակվա շատ ուսուցիչներ արդեն կյանքից հեռացել են։
1985 թվականի շրջանավարտները ավանդույթ ունեին վերջին զանգի նախօրեին գնալ անտառ և ծաղիկներ քաղել («խորոտ մորոտ»)՝ շրջանավարտներին նվիրելու համար։ Նրանք այս անգամ էլ չխախտեցին այս ավանդույթը, չնայած ծաղիկները չնվիրեցին, այլ պահեցին իրենց՝ որպես հուշ։
Իրենց դպրոցական տարիներին վերջին զանգը չէր նշվում այսքան մեծ շուքով, որքան հիմա, ու այն ժամանակ խանութներում ծաղիկներ չէին վաճառվում։
Հանդիպման բոլոր մասնակիցները նկատեցին գյուղում կատարված դրական փոփոխությունները, դպրոցում և ընդհանուր առմամբ շրջանում։ Նրանց խոսքով, Ջավախքի բնակչության կենսապայմաններն ու առօրյան բարելավվել են։
Շրջանավարտները չորս անմոռանալի օր անցկացրին հայրենիքում, այցելեցին հայրենի վայրեր, զբոսնեցին, հանգստացան և բարձրացան Թեթրոբի։ Նրանք բաժանվեցին իրենց՝ շրջանավարտների, 60-ամյակի առիթով հանդիպելու հույսով։
Հանդիպման մասնակիցների՝ 1985 թվականի շրջանավարտների, ցանկը՝
Սարգսյան Իշխան, Եգիազարյան Յուրա, Գափոյան Անդրանիկ, Կարոյան Կարինե, Դիլանյան Հռիփսիմե, Սերոբյան Էթերա, Շիպակցյան Բելլա, Փաշայան Արփենիկ, Գրիգորյան Ալինա, Սերոբյան Եղասի, Դավթյան Վալեր, Աղայան Մելինե։