Ներքին գործերի նախարար, փոխվարչապետ Վախտանգ Գոմելաուրին հրաժարական է տվել:
Այս առնչությամբ Վախթանգ Գոմելաուրին տարածել է հայտարարություն․
«Հասարակությանը ցանկանում եմ տեղեկացնել, որ որոշում եմ ընդունել լքել Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնը։ Այս որոշումը հեշտ չէր ինձ համար։ 2011 թվականից ես եղել եմ այն պայքարի մասնակիցը, որը գլխավորել է պարոն Բիձինա Իվանիշվիլին և որը մեր երկրում բեկումնային փոփոխություններ է բերել։ Ինձ համար թանկ ու հպարտալի են բոլոր այն ձեռքբերումները, որոնք մեր երկիրն ունեցել է կառավարության թիմի ղեկավարությամբ։ Հաշվի առնելով դա՝ մնում եմ այս թիմի հավատարիմ անդամ։ Ապագայում ևս, ցանկացած պահի պատրաստ եմ կանգնել պետության և իշխող թիմի կողքին, եթե դրա անհրաժեշտությունը լինի։
Տասը տարուց ավելի զբաղեցրել եմ Վրաստանի ներքին գործերի նախարարի, պետական անվտանգության ծառայության ղեկավարի և փոխվարչապետի պաշտոնները։ Անշուշտ, այդքան տարիներ բարձր պետական պաշտոններ զբաղեցնելը շատ աշխատատար գործ է և մեծ էներգիա է պահանջում։ Այսօր, երբ երկրում կայուն իրավիճակ է, ինձ իրավունք տվեցի և խնդրեցի թիմին ազատել ինձ պաշտոնից, ինչը թույլ կտա ինձ ավելի շատ ժամանակ հատկացնել ընտանիքիս՝ կնոջս, երեխաներիս և նորածին թոռնիկիս։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Բիձինա Իվանիշվիլին, որի վստահության շնորհիվ կարողացա ծառայել իմ հայրենիքին ամենաբարձր պաշտոններից։ Նրա վստահությունն ու օրինակը ինձ յուրահատուկ խթան էին տալիս, որ բարեխղճորեն կատարեմ իմ գործը և իմ ներդրումն ունենամ Վրաստանի պետականության ամրապնդման գործում։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վարչապետ պարոն Իրակլի Կոբախիձեին և ամբողջ կառավարական թիմին, որի աջակցությունը մշտապես զգացել եմ և որը ըմբռնումով մոտեցավ իմ որոշմանը։
Շնորհակալություն եմ հայտնում Ներքին գործերի նախարարության յուրաքանչյուր աշխատակցի, յուրաքանչյուր հերոս ոստիկանի, հրշեջ-փրկարարի, բոլորին, ում հետ միասին տարիներ շարունակ հոգացել ենք մեր երկրի անվտանգությունը։ Ցանկանում եմ հաջողություն մաղթել յուրաքանչյուրին և ապագա նախարարին հետագա գործունեության մեջ։
Մնում եմ հավատարիմ իմ երկրին և թիմին։ Մաղթում եմ իմ հայրենիքին և իշխանությանը խաղաղություն, անվտանգություն և բոլոր դրված նպատակների իրականացում։
Հարգանքներով՝ ոստիկանության գեներալ-գնդապետ Վախտանգ Գոմելաուրի», – նշված է Վախթանգ Գոմելաուրի հայտարարության մեջ։