նորություններ 9 Հունիսի, 2025 • Երբ երազանքը ուժեղ է կարծրատիպերից

Ծալկայի շրջանի Աշխալա գյուղից մինչև Թբիլիսիի տեխնոլոգիական կենտրոն՝ Ֆլորա Այվազյանի ուղին ոչ միայն կրթության, այլև ինքնահավատարմության և սահմանները քանդելու մասին է։ Նա կարողացավ հաղթահարել շրջապատի կարծրատիպերը, դիմակայել դժվարություններին ու կայացնել իր առաջին քայլերը տեխնոլոգիական ոլորտում՝ դառնալով ոգեշնչող օրինակ այն երիտասարդների համար, ովքեր մեծ երազանքներ ունեն՝ անկախ իրենց բնակության վայրից։

21-ամյա Ֆլորա Այվազյանը ծնվել և մեծացել է Վրաստանի Ծալկայի շրջանի Աշխալա գյուղում։ Այսօր նա Թբիլիսիի պետական համալսարանի համակարգչային գիտությունների բաժնի երկրորդ կուրսի ուսանող է:

«Իմ հետաքրքրությունը ծրագրավորման նկատմամբ առաջացել է դեռ յոթերորդ դասարանում։ Մի անգամ վրացերենի դասագրքում կարդացի մի հոդված հայտնի ծրագրավորողների մասին, և դա շատ մեծ տպավորություն թողեց վրաս։ Այդ օրվանից ծրագրավորումն ինձ համար դարձավ հետաքրքիր և գրավիչ ոլորտ», — կիսվում է Ֆլորան։

Սկզբում հեշտ չէր, բայց նպատակը թույլ չէր տալիս դժվարություններից հիասթափվել ու հետ կանգնել իր որոշումից։

«Մեր գյուղում ծրագրավորումն այնքան էլ ընդունված կամ հասկանալի մասնագիտություն չէր։ Շատերն ասում էին, որ ավելի լավ է ընտրեմ ավանդական ճանապարհ՝ մանկավարժություն կամ տնտեսագիտություն։ Ասում էին՝ դու մաթեմատիկա շատ լավ պիտի իմանաս, կամ՝ դա տղաների ոլորտ է։ Բայց ես համոզված էի՝ եթե իսկապես ուզում եմ, կարող եմ հաջողել», — ասում է նա։

Առաջին կուրսը, Ֆլորայի խոսքով, բարդ է եղել։

«Շատ նոր ինֆորմացիա, պահանջկոտ ծրագրեր, դժվար քննություններ։ Բայց ես որոշել էի՝ անպայման պետք է անցնեմ այս ճանապարհը։ Հանձնարարությունները կատարում էի ոչ թե ուղղակի ավարտելու համար, այլ հասկանալու, սովորելու նպատակով։ Այդ մոտեցումը օգնե ինձ։ Ամեն բան ստացվեց։ Վերջում ստացա կրթաթոշակ, ինչը շատ խրախուսող էր», — պատմում է Ֆլորա Այվազյանը։

Վերջինս նաև մասնակցել է TBC IT ակադեմիայի մրցութային փուլերին, որտեղ 800 դիմորդներից ընտրվել է ընդամենը 30-ը, այդ թվում՝ Ֆլորա Այվազյանը։

«Իրականում չկային հատուկ ակնկալիքներ, ուղղակի մտածում էի՝ փորձեմ։ Երբ ստացա հաստատումը, շատ ուրախացա։ Այդ հինգ ամիսների ընթացքում մենք անցանք խորացված դասընթացներ, ստացանք գործնական գիտելիքներ։ Դրա ավարտին առաջարկ ստացա Test Automation Engineer-ի հաստիքի համար, և մեծ ուրախությամբ համաձայնեցի։ Այդ պահը շատ կարևոր էր ինձ համար՝ իմ առաջին քայլն իմ ընտրած ոլորտում», — նշում է նա։

Ներկայումս Ֆլորան միաժամանակ սովորում է և աշխատում։ Չնայած ծանրաբեռնվածությանը, նա սա համարում է մեծ առավելություն, որ կարողանում է կրթությունը համտեղել աշխատանքի հետ։

«Իմ կարծիքով՝ գործնական փորձը շատ մեծ արժեք ունի։ Դասախոսություններից կարելի է ստանալ հիմքերը, բայց ամեն ինչ սկսում ես հասկանալ, երբ սկսում ես կիրառել։ Երբ խնդիրներ ես լուծում՝ ոչ թե քննական գնահատականի, այլ իրական նպատակի համար», — ասում է նա։

Ֆլորան հավատում է, որ եթե մարդ իսկապես նպատակ ունի, ապա շրջապատի կարծրատիպերը կոտրելը հնարավոր է։

«Իմ պատմությունն ապացուցում է՝ եթե հավատաս ինքդ քեզ, ամեն ինչ հնարավոր է։ Գյուղից լինելը խոչընդոտ չէ։ Միգուցե մի քիչ դժվար է, միգուցե ուղին երկար է, բայց արդյունքը արժե», — ասում է նա։

Թեև Ֆլորան այժմ ապրում է Թբիլիսիում, նա չի բացառում, որ մի օր կվերադառնա հարազատ Աշխալա։

«Ծրագրավորումը տալիս է աշխատելու հնարավորություն՝ աշխարհի ցանկացած վայրից։ Ես կցանկանայի ապագայում վերադառնալ իմ գյուղ և ապրել իմ գյուղում՝ միաժամանակ աշխատելով գլոբալ ընկերությունների հետ։ Դա ինձ համար մեծ արժեք է», — եզրափակում է նա։

Ֆլորա Այվազյանի ուղին մի պարզ հիշեցում է՝ մեծ երազանքների համար տարածություն ու սահմաններ չկան։ Նրա պատմությունը վկայություն է այն մասին, որ հաստատակամությունը, սերը սեփական ընտրած ոլորտի նկատմամբ և ինքնավստահությունը կարող են ճանապարհ հարթել անգամ ամենահեռու գյուղից դեպի մեծ հարթակներ։ Ֆլորան այսօր ոչ միայն իրականացնում է իր երազանքը, այլ նաև հույս է ներշնչում այն երիտասարդներին, ովքեր պատրաստ են հավատալ սեփական ուժերին՝ չնայած բոլոր կարծրատիպերին ու դժվարություններին։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝