Նինոծմինդայի մունիցպալիտետի Գորելովկա գյուղի մերձակայքում արևային վահանակներ կտեղադրվեն։ Նշված էլեկտրակայանի կառուցման հետ կապված, բնակիչների կարծիքը լսելու համար Jnews-ը եղավ Գորելովկա գյուղում և խոսեց բնակիչների հետ։
Նինոծմինդայում «Բաթերֆիլդ» ՍՊԸ-ի կողմից 550 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանի, 35 կՎ ստորգետնյա մալուխի և 500 կՎ ենթակայանի կառուցման և շահագործման նախագիծ է իրականացվելու։ 550 ՄՎտ հզորությամբ փոփոխական հոսանքի արևային էլեկտրակայանի նախագիծը հետագա զարգացնելու նպատակով, 2022 թվականին ստեղծվել է «Բաթերֆիլդ» ՍՊԸ-ն: Նախնական իրագործելիության ուսումնասիրության արդյունքների հիման վրա, 2023 թվականին «Բաթերֆիլդ» ՍՊԸ-ն վարձել է «Dornier Suntrace GmbH»-ին՝ վերոնշյալ էլեկտրակայանի համար լայնածավալ իրագործելիության ուսումնասիրություն պատրաստելու համար: Այս մասին տեղեկանում ենք Բնապահպանական տեղեկատվական պորտալի պաշտոնական կայքէջից։
Ըստ Բնապահպանական տեղեկատվական պորտալի՝ նախագծով շինարարական աշխատանքների տևողությունը 2 տարի է նախատեսված։ Այն ենթադրում է մոտավորապես 5 հեկտար մակերեսով շինարարական ճամբարի ստեղծում, որը կօգտագործվի շինանյութերի պահեստավորման և սեպտիկ բաք տեղադրելու համար։ Շինարարության փուլում կաշխատի մոտ 20 մարդ։ Ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ նախագծի տարածք մուտք գործելու համար կօգտագործվեն առկա գրունտային ճանապարհները: Նախագծի տարածքից ամենամոտ բնակավայրը Գորելովկա գյուղն է, որը գտնվում է մոտավորապես 2.5 կմ հյուսիս, իսկ Եֆրեմովկա գյուղը (հյուսիս-արևելք) գտնվում է 3.4 կմ, իսկ Ժդանովկան գյուղը (արևելք)՝ 4.4 կմ հեռավորության վրա։ Հասանելի տեղեկատվության համաձայն՝ ամենամոտ հնագիտական վայրը՝ Օրլովկայի գերեզմանատունը, բնակավայրը և եկեղեցին, գտնվում են 1.2 կմ հեռավորության վրա, և նախագծի տարածքում անմիջապես մշակութային ժառանգության վայրեր չկան։
Արևային վահանակները կտեղադրվեն Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա և Եֆրեմովկա գյուղերի գյուղատնտեսական նշանակության հողամասերում: Նախագծի տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 1200 հա: Նախագծի տարածքը ներառում է պետությանը և «Նինոծմինդայի մունիցիպալիտետ»-ին պատկանող գյուղատնտեսական հողամասեր: Ըստ Բնապահպանական տեղեկատվական պորտալի՝ տարածքը գնահատելու համար խորհրդատվական թիմը 2023 թվականի հունիսի 4-ին եղել է տեղանքում։ Բացի այդ, պատվիրատուի անունից կատարվել են տեխնիկական հետազոտություններ, շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության ուսումնասիրություններ, ինչպես նաև արևային էներգիայի չափման աշխատանքներ։
Ըստ Պետական և մասնավոր գործընկերության գործակալության պաշտոնական կայքում տեղադրված տեղեկության, նախագիծը կնպաստի երկրի էներգետիկ անկախության և էներգետիկ անվտանգության բարելավմանը: Նախագծի համաձայն՝ էլեկտրակայանի տեղադրված հզորությունը 500 ՄՎտ է, ինչը ենթադրում է տարեկան մոտ 749.4 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիայի լրացուցիչ արտադրություն։
«Նախագծի իրականացումը կնպաստի երկրում ուղղակի օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և պետական բյուջեում լրացուցիչ միջոցների մոբիլիզացմանը: Այս նախագծի միջոցով նախատեսվում է վերականգնվող էներգիայի ոլորտում ներդնել մոտ 250 միլիոն ԱՄՆ դոլար: Բացի այդ, պետք է հաշվի առնել անուղղակի դրական ազդեցությունները՝ տնտեսական աճի խթանման և շրջակա միջավայրի վրա դրական ազդեցության տեսքով: Նախագծի ընթացքում տարեկան պետական բյուջե կվճարվի մոտ ~ 2,500,000 ԱՄՆ դոլար՝ գույքահարկի տեսքով», — նշված է Պետական և մասնավոր գործընկերության գործակալության պաշտոնական կայքէջում։
Բնակչությանը նախագծին մանրակրկիտ ծանոթացնելու համար կազմակերպվել է հանդիպում՝ հանրային քննարկում, Նինոծմինդայի շրջանի Գորելովկա գյուղում։ Հանրային քննարկմանը մասնակցել են Շրջակա միջավայրի ազգային գործակալության, Շրջակա միջավայրի տեղեկատվության և կրթության կենտրոնի, «Բաթերֆիլդ» ՍՊԸ-ի, «Գամմա Քոնսալթինգ» ՍՊԸ խորհրդատվական ընկերության, Նինոծմինդայի քաղաքապետարանի և հանրության հետաքրքրված ներկայացուցիչներ: Հանրային քննարկման ընթացքում նախատեսված գործողությունների վերաբերյալ մասնակիցները հիմնականում կենտրոնացել են նախագծի շրջանակներում արոտավայրերի վրա սպասվող ազդեցության վրա:
Jnews-ը եղավ Գորելովկա գյուղում, որպեսզի բնակիչների կարծիքն իմանա այս հարցի շուրջ։ Գորելովկայում ապրում են ինչպես հայեր, այնպես էլ վրացիներ։ Բնակիչներից մեկը, ով չցանկացավ հրապարակել իր անուն ազգանունը, ասաց, որ հանրային քննարկումներին չի մասնակցել։ Նա նաև ավելացեց իր տեսակետը նշված հարցի շուրջ։
«Վնաս կարող են տալ։ Դա գյուղից հեռացնել է, չի կարելի նման բան անել։ Մարդիկ այստեղ՝ գյուղում, ունեն կովեր, արոտավայրը, որ ձեռքերից վերցնեն, ի՞նչ է լինելու։ Արոտավայրերը մարդկանց ձեռքերից վերցնում են, մարդիկ կովերը ծախելու են ու սովից մեռնելու են, պարզ է, որ ստիպված գաղթելու են։ Տեր ու տիրակալ չկա»։
«Եթե մեզ՝ բնակչությանը չեն խանգարի, խնդիր չկա», — ասաց Գորելովկա գյուղի մեկ այլ բնակիչ Մերաբ Իակոբաձեն։
Իսկ բնակիչներից մեկը, ով նույնպես ցանկացավ անանուն ներկայանալ, ասաց, որ տեղյակ չէ ո՛չ էլեկտրակայանի կառուցումից, ո՛չ էլ հանրային քննարկումներից։
Մենք խոսեցինք նաև Գորելովկա գյուղում Նինոծմինդայի քաղաքապետի ներկայացուցչի՝ Մնացական Բաբաջանյանի հետ։ Մեզ հետ զրույցում նա ասաց․ «Եղել է հանրային քննարկում, որին մասնակցել են գյուղացիները։ Քննարկման ժամանակ ներկայացվել է ծրագիրը»։
Jnews-ը դիմեց նաև Նինոծմինդայի քաղաքապետարան, պարզելու համար, թե եղե՞լ են արդյոք բնակիչների կողմից արոտավայրերի քիչ լինելու հետ կապված հետագա խնդիր ունենալու մասին մտահոգություններ։
Մեր հարցադրմանն ի պատասխան Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանն ասաց․ «Նրանք ունեն համապատասխան արոտավայր, խնդիր չկա»։
Վրաստանի էներգետիկ համակարգը գրեթե ամբողջությամբ «կանաչ էներգետիկ համակարգ» է, որտեղ սպառման մոտ 80%-ը ծածկվում է հիդրոէլեկտրակայաններով (ՀԷԿ), իսկ 20%-ը՝ ներմուծմամբ, ինչպես նաև համակցված ջերմային և էլեկտրաէներգիայի (ՋԷԿ) և քամու էլեկտրակայաններով (ՀԷԿ): Վրաստանի էլեկտրաէներգիայի սպառումը տարեցտարի աճում է։
Վրաստանում ձմռանը արտադրվում է ավելի քիչ էլեկտրաէներգիա, և պետությունը ստիպված է էլեկտրաէներգիա ներմուծել Ադրբեջանից և Ռուսաստանից, մինչդեռ ամռանը Վրաստանը օգտվում է նշված երկրներ, ինչպես նաև Թուրքիա և Հայաստան էլեկտրաէներգիայի արտահանումից: