Ի՞նչ խնդիրների են բախվում ուսանողները մայրաքաղաքում, ինչպես են դրանք հաղթահարում, այս և այլ հարցերի շուրջ Jnews-ը խոսել է նախապատրաստական կուրսի ուսանողների հետ, ովքեր արդեն մեկ տարի է սովորում են Թբիլիսիի բարձրագույն ուսումնական հաստատություններում։
Ալբինա Շիրինյանը Ախալքալաքի շրջանի Բավրա գյուղից է։ Նա սովորում է Իլիայի Պետական համալսարանում։ Վրացերեն լեզվի նախապատրաստական կուրսում։ Չնայած նրան, որ դպրոցում բավականին լավ էր տիրապետում վրացերենին, մայրաքաղաքում ուսանելու ընթացքում բախվել է լեզվի իմացության հետ կապված խնդիրների։
«Շատ դպրոցներում չկան բավարար քանակությամբ որակյալ վրացերենի ուսուցիչներ։ Որոշ ուսուցիչներ իրենք էլ լավ չեն տիրապետում լեզվին կամ չունեն փորձ երեխաներին օտար լեզու սովորեցնելու հարցում։ Ես դպրոցում հատկապես լավ էի տիրապետում գրավոր վրացերենին ու քերականությանը, սակայն ունեի շփման՝ կոմունիկացիայի խնդիր։ Քանի որ իմ շրջապատում հիմնականում բոլորը հայերեն էին խոսում, հազվադեպ էի օգտագործում վրացերենը խոսակցական մակարդակով», — ասում է Ալբինա Շիրինյանը։
Ալբինան ասում է՝ մասնագիտության ընտրությունը բավականին բարդ և անհատական որոշում է։ Ամեն մարդ պետք է ընտրի այն ուղին, որը համապատասխանում է իր հետաքրքրություններին և կարողություններին։
«Շատ ուսանողներ ստիպված են ուսման հետ զուգահեռ աշխատել, ինչը երբեմն անդրադառնում է առաջադիմության վրա՝ ծանրաբեռնվածության պատճառով։ Ես նույնպես աշխատում եմ, բայց տանից։ Դա ինձ հնարավորություն է տալիս համատեղել ուսումը և աշխատանքը, ինչպես նաև հոգալ իմ ֆինանսական կարիքները։ Զբաղվում եմ գրաֆիկական դիզայնով», — ուսանողական առաջին տարվա դժվարությունների մասին պատմում է Ալբինա Շիրինյանը։
Ալբինայի պատմությունը վկայում է, որ ազգային փոքրամասնությունների ուսանողներին անհրաժեշտ է համակողմանի աջակցություն՝ թե՛ լեզվական ինտեգրման, թե՛ մասնագիտական կողմնորոշման, և թե՛ սոցիալական ապահովության հարցում։ Բացի պետական մակարդակով բարեփոխումներից, կարևոր է նաև հասարակության՝ այդ խնդիրների նկատմամբ իրազեկվածությունն ու փոխըմբռնումը։
Ալբինան այսօր շարունակում է զարգանալ՝ չնայած դժվարություններին։ Նրա նպատակասլացությունը օրինակ կարող է դառնալ այն բոլոր երիտասարդների համար, ովքեր ձգտում են հաղթահարել սահմանափակումները և հասնել իրենց երազանքներին՝ կրթության միջոցով։
Անի Սանդրոսյանը ծնունդով Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղից է։ Նախնական կրթությունն ստացել է տեղի հանրային դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո նա որոշել է շարունակել ուսումը Թբիլիսիում՝ բիզնեսի և էկոնոմիկայի ֆակուլտետում։
Սակայն մայրաքաղաք տեղափոխվելը ոչ միայն նոր հնարավորություններ, այլև մի շարք մարտահրավերների առաջ է կանգնեցրել։ Անին, ինչպես նաև շատ ջավախահայ ուսանողներ, ստիպված են բախվել դժվարությունների, որոնք հիմնականում փոխկապակցված են սոցիալ-տնտեսական և լեզվական խնդիրներով։
«Թբիլիսիում ուսանելու հիմնական խնդիրները ֆինանսական են։ Ուսման վարձը, բնակության ծախսերը և առօրյա կարիքները շատ ուսանողների համար ծանր բեռ են դառնում։ Բացի այդ, ուսման ընթացքում ժամանակավոր աշխատանք գտնելն էլ բարդ է, քանի որ շատերս վրացերենին լիարժեք չենք տիրապետում, իսկ աշխատանքային շուկան մրցակցային է», — նշում է Անի Սանդրոսյանը։
Բացի նյութական խնդիրներից, կարևորվում է նաև տեղեկատվության պակասը։ Շատ ուսանողներ տեղյակ չեն կրթաթոշակային ծրագրերից, սոցիալական աջակցությունից կամ ուսանողների իրավունքներից, ինչն էլ հաճախ նրանց մղում է փակուղի։ Լեզվական խոչընդոտները ևս շարունակում են մնալ առաջնային խնդիրներից մեկը։
«Լեզուն նորմալ հասկանում եմ, բայց որոշ բառեր դժվար եմ ընկալում։ Ես սովորել եմ հայկական դպրոցում, և վրացերենը շաբաթական ընդամենը մի քանի ժամ ենք անցել։ Կարծում եմ՝ այս խնդիրը բնորոշ է գրեթե բոլոր ջավախահայ ուսանողներին։ Լեզվին չտիրապետելը խոչընդոտում է ոչ միայն դասերին մասնակցելուն, այլև փաստաթղթային հարցերում, աշխատանքի մեջ և առհասարակ՝ նոր միջավայրում ինտեգրվելուն», — ընդգծում է Անին։
Թբիլիսիում ուսանող դառնալը միանշանակ կարևոր և արժեքավոր քայլ է շատ երիտասարդների համար, սակայն նրանց պատմությունները վկայում են այն մասին, որ հաջողության հասնելու ճանապարհին անհրաժեշտ է ոչ միայն անձնական ջանք, այլև համակարգային աջակցություն՝ լեզվական, ֆինանսական և ինֆորմացիոն մակարդակներում։
Ալլա Անտոնյանը Ախալքալաքի շրջանի Փոքր Սամսար գյուղից է։ Ավարտելով գյուղի հանրային դպրոցը, Ալլան ընտրել է իր ապագայի ճանապարհը՝ ուզում է դառնալ անգլերենի բանասեր։ Բայց Թբիլիսի հասնելուն պես հանդիպել է առաջին խոչընդոտին։
«Երբ նոր էի եկել Թբիլիսի, այնքան էլ լավ չէի խոսում վրացերեն։ Դրա պատճառով խուսափում էի շփումներից։ Լեզվի իմացության պատնեշը իրական խոչընդոտ էր։ Բայց հիմա, մեծ ջանքերից հետո, արդեն կարողանում եմ սովորական շփում ունենալ վրացերենով», — կիսվում է նա։
Չնայած նրան, որ մեր հերոսուհին դպրոցում վրացերեն անցել է, սակայն խոսակցական հմտությունների պակասը զգալի է եղել։
«Մենք չենք ունեցել վրացալեզու միջավայր, այդ պատճառով չկար հնարավորություն լեզուն կիրառել։ Իսկ այստեղ, երբ ամեն քայլափոխի շփում ես ունենում վրացիների հետ, լեզվի չիմացությունն ավելի ակնհայտ է դառնում», — ասում է Ալլան։
Ներկայումս նա հաճախում է նախապատրաստական կուրսերի, բայց նույնիսկ այնտեղ լեզվական կարողությունները վճռորոշ դեր ունեն։
«Պետք է կարողանաս արտահայտել մտքերդ վրացերեն, նույնիսկ եթե թեման դժվար է։ Երբեմն խոսում ենք, երբեմն հասկանում, բայց լիարժեք արտահայտվելը դեռ բարդ է», — հավելում է նա։
Ալլան այս պահին չի աշխատում։ Նրա առաջնահերթությունն ուսումն է, և լեզվին լիարժեք տիրապետելը։
«Ուզում եմ ամբողջությամբ կենտրոնանալ վրացերենի վրա, քանի որ ապագայում պատրաստվում եմ սովորել մի մասնագիտություն, որն ուսուցանվելու է հենց վրացերենով», — վստահ ասում է նա։
Մեր հերոսների պատմությունը որքան յուրովի օրինակ է, ցանկացած խոչընդոտ հաղթահարելու, այնքան էլ պարզ և ուժեղ ուղերձ է․ եթե նպատակդ հստակ է, ապա ցանկացած խոչընդոտ հաղթահարելի է։