նորություններ 23 Մայիսի, 2025 • Վրաստանի ռադիոն 100 տարեկան է

Վրաստանի ռադիոն 100 տարեկան է։ Ճիշտ մեկ դար առաջ՝ 1925 թվականին, Վրաստանում մեկնարկել է առաջին ռադիոհեռարձակումը։

Չնայած տեխնոլոգիաների և սոցիալական ցանցերի զարգացումն այսօր ռադիոն չի կորցրել իր լսարանը, իր դիրքն ու արդիականությունը։

«Այսօր լրանում է 100 տարի՝ առաջին հեռարձակման օրից Վրաստանում։ Վրաստանի ռադիոն Եվրոպայում առաջիններից էր, որ սկսել է հեռարձակում։ Դար անց մենք հպարտությամբ կարող ենք ասել, որ ռադիոն մնում է արդիական լրատվամիջոց։ Նրա նշանակությունը հատկապես լավ զգացվում է դժվար և արտակարգ իրավիճակներում՝ որպես ամենաօպերատիվ և վստահելի մեդիա։ Տարիների ընթացքում Վրաստանի ռադիոն վաստակել է հանրության սերը և հարգանքը։ Մեր ռադիոն պահպանում է եզակի արխիվ՝ «Ոսկե ֆոնդը», որը մեր երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն է և ազգային հիշողություն։ Հենց այս պատճառով ռադիոյի 100-ամյակը նշվում է հատուկ իրադարձությամբ՝ ռադիոհեռարձակման շարունակական ավանդույթին շնորհվել է ոչ նյութական մշակութային ժառանգության կոթողի կարգավիճակ։ Մենք կարծում ենք, սա միայն սկիզբն է։ Շարունակությունն անպայման կլինի», – հայտարարել է Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերզենիշվիլին։

Վրաստանում ցածր հզորությամբ ռադիոհաղորդիչ-ընդունիչ կայանների տեղադրումը սկսվել է 1918 թվականից։ 1924-ին Թբիլիսիում իրականացվել է ռադիոհաղորդման առաջին փորձը մետաղալարերով՝ օպերայի թատրոնից մինչև էլեկտրամեխանիկական գործարանի ակումբ (որտեղ գտնվում էր ռադիոցեխը)՝ հաղորդելով «Կարմեն» օպերան։

1925-ին Նավթլուղի ռադիոկայանից կազմակերպվել է առաջին ռադիո համերգը։ Առաջին կին մեներգչուհի՝ Մարո Թարխանիշվիլին իր հուշերում նկարագրում է, թե ինչպես իրենց՝ ութ հոգանոց խմբով, հրավիրեցին ռադիոհեռարձակման հանդիսավոր բացմանը՝ հյուրանոցի շենքում, որն այն ժամանակ կոչվում էր «Աշխատանքի պալատ»։ Առաջինն էր Մարո Թարխանիշվիլին, որ կատարեց իր հայտնի «Ուրմուլին», ապա իր խումբը՝ մի քանի երգ։

Սկզբնական շրջանում ռադիոն հեռարձակում էր գրողների և հասարակական գործիչների ելույթներ, թատերական տեսարաններ, գրական ընթերցումներ և այլն։ Երբ հայտնվեց ձայնագրող և վերականգնող սարքավորում, Վրաստանի ռադիոն սկսեց կարևոր նախաձեռնություն՝ ստեղծագործական և վավերագրական նյութերի ձայնագրում և պահպանում «Ոսկե ֆոնդում»։ Այսօր դա բազմադարյա վրացական մշակույթի անգնահատելի գանձ է։

«Ոսկե ֆոնդի» արխիվային նյութերը ներառում են միլիոնավոր ձայնագրություններ՝ ներառյալ հնագույն ժողովրդական երգեր և մեծ ավանդույթներ ունեցող ռադիոթատրոն։ Ֆոնդի առաջին ձայնագրությունը թվագրվում է 1913թ․, երբ գրամոֆոնը ձայնագրել է Ակակիի «Արշալույսը»։ Այս ձայնագրությունը ոչ միայն ժամանակագրական, այլև նշանակությամբ համարվում է առաջինը վրացական գեղարվեստական ռադիոհեռարձակման մեջ և համարվում է «Ոսկե ֆոնդի» առաջին ցուցանմուշը։

Ռադիոյի «Ոսկե ֆոնդը» հանդիսանում է երկրի ձայնային տարեգրությունը, որտեղ պահվում են գրողների, հասարակական և քաղաքական գործիչների ձայնագրություններ՝ Իվանե Ջավախիշվիլի, Սիմոն Կավկհչիշվիլի, Ակակի Շանիշվիլի, Նիկո Կեցխովելի, Գալակտիոն Տաբիձե, Գիորգի Լեոնիձե, Գրիգոլ Ռոբաքիձե, Վանո Սարաջիշվիլի, Էրոսի Մանջգալաձե, Վերիկո Անջափարիձե և այլք։ Ֆոնդում պահվում են նաև համաշխարհային ճանաչում ունեցող գործիչների եզակի ձայնային նյութեր։ Ռադիոարխիվը պահպանում է նաև առաջին հեռարձակումների վավերագրական ձայնագրություններ՝ յուրաքանչյուրը իր եզակի կենսագրությամբ։

Այսօր Վրաստանի ռադիոյի երկու ալիքների սիգնալը հասանելի է ողջ երկրի տարածքում՝ FM 102.3-ի վրա, իսկ Վրաստանի ռադիո երաժշտական ալիքը՝ FM 100.9։

Տարեցտարի Վրաստանի ռադիոյի ծրագիրը դառնում է ավելի բազմազան և համահունչ ժամանակակից տեխնոլոգիաներին և լսարանի պահանջներին։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝