նորություններ 29 Մայիսի, 2025 • Խմելու ջուրն ամիսներ շարունակ լցվում էր գյուղացու դաշտը

Խուլգումո գյուղի բնակիչ Վիկտոր Մուրադյանը վեց ամիս շարունակ պայքարում է սեփական հողամասի ճահճացման դեմ։ Նրա հողամասի միջով անցնող ջրատար խողովակում վթար է եղել, ինչի պատճառով խմելու ջուրն ամիսներ շարունակ անիմաստ հոսում էր դաշտի մեջ։ Հողամասն արդեն ճահճուտի է վերածվել, այդպիսով անհնարին դարձնելով գյուղատնտեսական աշխատանքները։

Մինչ Jnews-ն աշխատում էր այս նյութի վրա, փորձելով պատասխաններ ստանալ պատասխանատու մարմիններից, մայիսի 24-ին, մեր Խուլգումո այցից երկու օր անց Ախալքալաքի Սպասարկման կենտրոնը աշտախանքներ է տարել վթար վերացման ուղղությամբ։ Չնայած Վիկտոր Մուրադյանը համարում է, որ աշխատանքները դեռ ավարտված չեն։

Վթարը տեղի է ունցել Աբլարից Դիլիսկա տանող գլխավոր ջրագծի վրա, որը խմելու ջրով է ապահովում Դիլիսկա գյուղին։ Այդ ջրատար խողովակն անցնում է Վիկտորի դաշտով։

«Դեռ հոկտեմբերին նկատեցի խոնավություն։ Սկզբում քիչ էր, հետո շատացավ, ամբողջ տարածքը ջրի տակ անցավ։ Հիմա տեխնիկա չի կարող մտնել դաշտ։ Կարտոֆիլն էլ նկուղում է փչանում», — ասում է Վիկտոր Մուրադյանը։

Այս վթարի պատճառով, ըստ Վիկտորի՝ 8 ար հողատարածք պիտանի չէ մշակման։ Խուլգումո գյուղի բնակիչը հարցադրում է անում՝ ով պետք է փոխհատուցի վնասը։

hox xulgumoԼուսանկարն արված է մայիսի 22-ին

Խուլգումո գյուղում Ախալքալաքի քաղաքապետի ներկայացուցիչ Մովսես Գիգոլյանը մայիսի 28-ին Jnews-ի հետ հեռախոսազրույցում այս խնդրի առնչությամբ ասաց․

«Երբ իմացել եմ վթարի մասին տեղեկություն եմ տվել Ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոն։ Խոստացան, որ վթարը կվերականգնեն, բայց աշունը չարեցին, պատճառաբանելով, որ ձյուն է եկել արդեն և հնարավոր չէ աշխատել։ Մայիսի 2-ին նորից եմ դիմել, ասացին իրենց տեխնիկան Նինոծմինդայում է աշխատում և մոտ օրերս կվերականգնեն վթարը, բայց չարեցին, դրանից հետո լսել եմ, որ տեխնիկան փչացել է։ Ես խնդրի մասին նույնիսկ Դիլիսկայի պատգամավորին եմ տեղեկացրել, որ իրենք էլ դիմեն։ Չգիտեմ ինչ պատճառով չեն անում, ուրիշ անգամներ էլի եղել են, արագ վերականգնել են։ Փաստացի Վիկտորի հողամասը օր օրի ավելի է ընկղմվում ջրի մեջ»։

Վիկտորը դիմել է Խուլգումո գյուղում Ախալքալաքի քաղաքապետի ներկայացուցչին և Վրաստանի միավորված ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոն, բայց մինչ մայիսի վերջերը արձագանք չստանալով որոշել է դիմել Jnews-ի խմբագրություն։

Մայիսի 22-ին Jnews-ի լրագրողը եղել է Խուլգումո գյուղում և տեղում արձանագրել է հողամասի ճահճացումը, որից հետո մենք դիմեցինք Վրաստանի միացյալ Ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոն, որտեղից մեզ պատասխանեցին, որ իրենք իրավասու չեն հարցազրույց տալու։ Փորձեցինք խնդրի շուրջ պարզաբանումներ ստանալ Վրաստանի միացյալ ջրամատակարարման կենտրոնից, սակայն խնդրեցին հարցերը գրավոր ուղարկել։

Այսօր՝ մայիսի 29-ին, Jnews-ը կրկին զանգահարեց Վրաստանի միացյալ ջրամատակարարման թեժ գիծ։ Օպերատորը խոստացավ ինֆորմացիան փոխանցել համապատասխան գերատեսչություններին։

Այնունհետև Jnews զանգահարեց Վրաստանի միավորված ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի ղեկավար Գիորգի Վախտանգաշվիլին և մեզ մեղադրեց սուտ ինֆորմացիա տարածելու մեջ։ Պնդելով, որ վթարը վերացված է։ Jnews-ն անմիջապես կապ հաստատեց Վիկտոր Մուրադյանի հետ և պարզվեց, որ մայիսի 24-ին Ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի աշխատակիցները վթարի վերացման ուղղությամբ աշխատանքներ են իրականացրել։

veracvac vtar

Լուսանկարն արված է մայիսի 24-ին Վիկտոր Մուրադյանի կողմից

Սակայն Վիկտոր Մուրադյանի խոսքով, աշխատանքները կիսատ են արված։

«Կասկածում եմ, որ խնդիրը վերացված է, քանի որ եկել փորել են, բայց հորը չեն փակել», — ասաց Վիկտորը։

Միաժամանակ հավելելով, որ վթարի վերացման աշխատանքներն ուշացած են, քանի որ նա այս տարի չի հասցնի ցանքս անել։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝