2025 թվականի հոկտեմբերի 4-ին Վրաստանում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։ Այդ օրը շրջաններում, քաղաքներում և մունիցիպալիտետներում, այդ թվում՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետում, կընտրվեն նոր սակրեբուլոյի կազմ և նոր քաղաքապետ։ Նինոծմինդայի մունիցիպալիտետում այս ընտրություններում մեծամասնական պատգամավորների թիվը կավելանա, իսկ պատգամավորների ընդհանուր թիվը՝ կնվազի։
Չնայած ընտրությունների մոտենալուն, ո՛չ իշխող կուսակցությունը, ո՛չ էլ ընդդիմադիր ուժերը դեռևս մեծ ակտիվություն չեն ցուցաբերում Նինոծմինդայում։ Քաղաքի բնակիչները նույնպես նմանատիպ պասիվություն են ցուցաբերում։ Jnews-ը Նինոծմինդայի կենտրոնական փողոցում փոքր հարցում անցկացրեց՝ պարզելու, թե, արդյոք քաղաքի բնակիչները տեղյակ են առաջիկա ընտրությունների մասին և ինչպես են գնահատում տեղական իշխանությունների աշխատանքը։
Հարցումը ցույց տվեց չափազանց ցածր հետաքրքրության մակարդակ. 33 հարցվածներից 23-ը նախընտրեցին չպատասխանել հարցին և պարզապես հեռացան։ Հարցվածներից 5-ը նշեցին, որ չեն պատրաստվում մասնակցել ընտրություններին։ Եվս 4-ը, հեռանալով, մեկնաբանեցին իրավիճակը հետևյալ խոսքերով. «Մասնակցելու իմաստ չեմ տեսնում»։
Հարցման միայն մեկ մասնակից՝ Թորիա գյուղից Լավրենտ Մկրտչյանը, հայտնեց իր պատրաստակամությունը մասնակցելու ընտրություններին, սակայն նշեց, որ չի կարողանա դա անել։ Նրա խոսքով՝ ինքը ՌԴ քաղաքացի է և Վրաստանում ունի միայն բնակության թույլտվություն, իսկ գործող օրենսդրության համաձայն՝ բնակության թույլտվություն ունեցող անձինք իրավունք չունեն ընտրություններում ձայն տալու։
Հարկ է նշել, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետում քաղաքական ակտիվությունը մնում է չափազանց ցածր մակարդակի վրա։ Ընդդիմադիր կուսակցությունները քարոզարշավ չեն անցկացնում, իսկ իշխող կուսակցությունը նույնպես դեռևս շատ ակտիվ չէ։
Այս տարի Նինոծմինդայի մունիցիպալիտետի ՏԻՄ ընտրություններում, Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի կազմում, փոփոխություններ են տեղի ունեցել, ըստ որի սակրեբուլոյի մեծամասնական պատգամավորների թիվը կավելանա 1-ով, սակայն պատգամավորների ընդհանուր թիվը կնվազի 4-ով, 2021 թվականին ընտրված 30 պատգամավորի փոխարեն կընտրվի 26-ը։ Ընդհանուր թվի կրճատումը տեղի է ունենում համամասնական պատգամավորների 5 մանդատով կրճատման հաշվին։
Այս ընտրություններում, շնորհիվ Վրաստանի ընտրական օրենսգրքում 2024 թվականի վերջին կատարված փոփոխությունների, մեծամասնական պատգամավորների թիվը բոլոր մունիցիպալիտետներում կավելանա: Այս փոփոխությունների համաձայն, Նինոծմինդայի մունիցիպալիտետի մեծամասնական ընտրատարածքների թիվը 10-ից կավելանա մինչև 11 -ի: Այս տարի Նինոծմինդայի մունիցիպալիտետում կընտրվեն 11 մեծամասնական և 15 համամասնական ցուցակներով պատգամավորներ:
Յուրաքանչյուր մեծամասնական ընտրատարածքում ընտրվում է մեկ պատգամավոր։ Նինոծմինդայի թիվ 41 ընտրատարածքում կա 35 ընտրատեղամաս, որոնցից 3-ը գտնվում են Նինոծմինդայում, մնացած 32-ը՝ գյուղերում։
Նինոծմինդայի թիվ 41 շրջանային ընտրական հանձնաժողովի տվյալներով, 2024 թվականին մունիցիպալիտետում գրանցված է 20,413 ընտրող։ Ընդհանուր առմամբ, Վրաստանում գրանցված է 3,426,250 ընտրող։