նորություններ 17 Հունիսի, 2025 • Լոմատուրցխում բողոքում են ջրի սակավությունից

Լոմատուրցխ գյուղը, որը գտնվում է Ախալքալաքի մունիցիպալիտետում՝ ծովի մակարդակից շուրջ 1740 մետր բարձրության վրա, արդեն տարիներ շարունակ բախվում է կենսական կարևորություն ունեցող մի շարք խնդիրների։ Դրանցից հիմնականը խմելու ջրի անբավարար մատակարարումն է։

Ջրամատակարարումն անկանոն է՝ հաճախ ընդհատվում է, իսկ տարվա որոշ ժամանակահատվածներում ամբողջությամբ բացակայում է։ Շատերն ստիպված են ջուր կուտակել տարաներում որպեսզի օգտագործեն։ Խնդիրը հատկապես սրվում է գարնանը և ամռանը, երբ ջրի սպառումն ավելանում է, իսկ մատակարարումը չի բավարարում բնակիչներին։

Լոմատուրցխի բնակիչ Լենա Իրիցյանը պատմում է․ «Ամռանը, երբ մարդիկ սկսում են այգիները ջրել, ջուրը կամ կտրում է, կամ հոսում է շատ թույլ։ Մենք արդեն սովորություն ունենք՝ երբ նկատում ենք, որ ջրի ճնշումն ընկնում է, սկսում ենք տարաները լցնել։ Չենք կարող ջուր չվերցնել, քանի որ հնարավոր է մինչև հաջորդ օրն անգամ մի կաթիլ ջուր չլինի»։

Գյուղի բնակիչների խոսքերով՝ Լոմատուրցխը խմելու ջուր ստանում է Բեժանո գյուղից, սակայն այն ծավալը, որ հասնում է Լոմատուրցխ, բավարար չէ ամբողջ գյուղի բնակչության համար։

«Ամեն օր բախվում ենք նույն դժվարությանը՝ ջուր չկա։ Մենք բազմիցս բարձրաձայնել ենք այս հարցը, սակայն պատասխան չկա։ Ամեն անգամ խոստումներ ենք լսում, բայց իրավիճակը չի փոխվում։ Մարդիկ հոգնել են՝ առավոտից երեկո սպասելով, թե երբ ջուր կլինի։  Ջուրն անհրաժեշտ է ամեն ինչի համար՝ խմելու, լվացքի․․․ », — ասում է Երվանդ Խաչատրյանը։

Ընդգծենք, որ Լոմատուրցխ գյուղի բնակիչները դեռ 2015 թվականից բողոքում են իրենց գյուղում առկա խմելու ջրի խնդրի մասին։

Բացի ջրի խնդրից, գյուղում ևս մեկ լուրջ խնդիր է՝ ճանապարհային անվտանգությունը։ Գլխավոր ճանապարհով մեքենաները հաճախ երթևեկում են մեծ արագությամբ՝ անտեսելով բնակավայրի սահմաններն ու վտանգելով գյուղացիների, հատկապես՝ երեխաների և տարեցների անվտանգությունը։

«Մեր գյուղում ոչ մի արագություն սահմանափակող արգելապատնեշ չկա։ Սա լուրջ բացթողում է։ Եթե դժբախտ պատահար լինի, ո՞վ է պատասխան տալու։ Մարդիկ չեն կարող հանգիստ դուրս գալ տնից կամ երեխային միայնակ ուղարկել խանութ», — դժգոհում է գյուղի բնակիչներից մեկը։

Jnews-ը կապ հաստատեց Ախալքալաքի մունիցիպալիտետի Լոմատուրցխ գյուղի ներկայացուցիչ Վարշամ Աղաբաբյանի հետ։

Աղաբաբյանը հաստատում է, որ ջրի սակավության խնդիրը հատկապես սրվում է ոռոգման սեզոնին։

«Մեր գյուղի ջուրը գալիս է Բեժանո գյուղից։ Երբ սկսվում է ոռոգման շրջանը, Բեժանոյի բնակիչները սկսում են ակտիվորեն օգտագործել ջուրը, ինչի արդյունքում մեր գյուղում ջրի քանակը զգալիորեն նվազում է»,- ասում է նա։

Ըստ գյուղապետի, Ախալքալաքի քաղաքապետարանից խոստացել են Բեժանոյից նոր ջրագիծ կառուցել։

«Սակայն դեռ պարզ չէ՝ այդ նախագիծն այս տարի կլինի, թե հետագա տարիներին», — հավելեց նա։

Բացի ջրի սակավությունից Լոմատուրցխում բողոքում են նաև ճանապարհների վիճակից, ավելի կոնկրետ իրենց գյուղ տանող ճանապարհին արգելապատնեշներ չկան։

«Գյուղի որոշ հատվածներում անհրաժեշտ է արհեստական անհարթությունների՝ արագություն սահմանափակող պատնեշների տեղադրում։ Սակայն քաղաքապետարանից մեզ պատասխանել են, որ տվյալ ճանապարհը միջպետական է և այդպիսի փոփոխությունները թույլատրելի չեն», — Ախալքալաքի մունիցիպալիտետում Լոմատուրցխ գյուղի ներկայացուցիչ Վարշամ Աղաբաբյանը։

Չնայած առկա խնդիրներին՝ գյուղում նաև զարգացման որոշակի ծրագրեր են իրականացվում։ Այս տարի ՕԳԾ շրջանակներում նախատեսվում է ֆուտբոլի դաշտ կառուցել։ Բացի այդ, քաղաքապետարանը ֆինանսավորում է հատկացրել նաև հարսայնաց հանդիսությունների սրահի վերանորոգման համար։

 

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝