նորություններ 22 Մայիսի, 2025 • Առաջին դասարանցիների համընդհանուր գրանցումը կսկսվի այսօրվանից

Վրաստանում առաջին դասարանցիների համընդհանուր գրանցումը կսկսվի մայիսի 22-ին, ժամը 09:00-ին և կտևի մինչև հունիսի 17-ը ներառյալ։

Վրաստանի Կրթության, գիտության և երիտասարդության նախարարության տվյալներով՝ գրանցումն իրականացվում է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում՝ registration.emis.ge:

Երեխայի գրանցումն իրականացվում է ծնողի կամ օրինական ներկայացուցչի կողմից։

«Էլեկտրոնային եղանակով գրանցված աշակերտի ընդունման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումը դպրոցներում տեղի կունենա հունիսի 18-ից 27-ը ներառյալ։ Եթե փաստաթղթերը սահմանված ժամկետում չեն ներկայացվում, գրանցումը ավտոմատ կերպով չեղարկվելու է», – նշվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Առաջին դասարան ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝

  • օրինական ներկայացուցչի կողմից ներկայացված դիմում, որը պետք է պարունակի ներկայացուցչի բնակության հասցեն և հեռախոսահամարը, և պետք է համապատասխանի Վրաստանի «Ընդհանուր վարչական օրենսգրքի» 78-րդ հոդվածով սահմանված պահանջներին,
  • ներկայացուցչի անձնագրի պատճեն,
  • բնակության իրավունքի փաստաթղթի պատճեն՝ առկայության դեպքում,
  • երեխայի ծննդյան վկայականի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճեն, կամ բնակության իրավունքի փաստաթուղթ՝ առկայության դեպքում։

Արտասահմանյան լեզվով ներկայացված փաստաթղթերին պետք է կցվի վրացերեն թարգմանություն՝ Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով։

Նախարարությունը հիշեցնում է, որ ըստ «Ընդհանուր կրթության մասին» օրենքում կատարված փոփոխությունների՝ 2025-2026 ուսումնական տարում առաջին դասարանում կարող են գրանցվել այն երեխաները, որոնք մինչև դեկտեմբերի 31-ը դառնում են 6 տարեկան։ Բացի այդ, երեխաների ծնողները, որոնց երեխաները դառնում են վեց տարեկան սեպտեմբերի 16-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, կարող են ընտրել՝ շարունակել նախադպրոցական ծրագիրը, թե գրանցել երեխային դպրոցում։

Կրթության նախարարությունը կոչ է անում ծնողներին ուշադիր ծանոթանալ գրանցման ժամկետներին և պայմաններին՝ երեխայի դպրոցում ընդունումն առանց խոչընդոտների իրականացնելու համար։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝