Նինոծմինդայում և Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրոջալար, Մեծ Խանչալի և Կաթնատու գյուղերում իրականացվում է նոր ջրամատակարարման գծի կառուցում։ Աշխատանքների մրցույթը շահել է «Գզա» ընկերությունը, պայմանագրի գումարը կազմում է 40 200 000 լարի, իսկ նախագծի սկզբնական արժեքը՝ 42 488 990 լարի էր։
Նինոծմինդայում աշխատանքները սկսվել են 2024 թվականի գարնանը, չնայած կապալառուի հետ պայմանագիրը ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 26-ին: Ջրամատակարարման համակարգի վերականգնումն անհրաժեշտ էր, քանի որ այն կառուցվել էր Խորհրդային Միության տարիներին ու արդեն մաշվել էր:
Նոր ջրամատակարարման ցանցը կառուցվում է հնից առանձին, առայժմ դեռ բնակչությունը շարունակում է ջուր ստանալ հին ջրագծով։ Մայիսի 20-ին Jnews-ն այցելեց Նինոծմինդա և արձանագրեց Գոգոլի փողոցի՝ Հովսեփյան փողոցի հետ խաչմերուկում կատարվող աշխատանքները։ Այնտեղ արդեն նոր խողովակն անցկացվել էր, տրակտորը լցնում էր փոսերը, ինչպես նաև կառուցվել է բաշխիչ ջրհոր՝ անհրաժեշտության դեպքում ջուրը փակելու փականներով։
Աշղեկ Շավարշ Գրիգորյանի խոսքով, քաղաքի աջ կողմում (Ախալքալաքի կողմից) նոր ջրագծի կառուցումն արդեն ավարտվել է, այժմ աշխատանքներն ընթանում են հակառակ կողմում։
«Մենք անցկացնում ենք կենտրոնական գիծը և ջրախողովակները տանում մինչև բնակչի բակ, մնացածը դեռ չգիտեմ՝ ով և ինչպես է անելու։ Այսօր (մայիսի 20-ին) մենք այստեղ կավարտենք և կտեղափոխվենք Մյասնիկյան փողոց։ Բոլորը կունենան առանձին գիծ։ Դրանից հետո կտեղադրվեն հաշվիչներ։ Ոչ մի բաժանորդի ջրախողովակը չի անցնի ուրիշի հողատարածքով», — ասաց Շավարշ Գրիգորյանը։
Խողովակները տեղադրվում են 1.70-1.80 մ խորության վրա։ Աշխատանքների ընթացքում շինարարները բախվել են ստորգետնյա հաղորդակցությունների հետ կապված դժվարությունների, ինչպիսիք են ինտերնետային մալուխները, գազատարները և կոյուղիները, սակայն, ըստ Գրիգորյանի, բոլոր խնդիրները լուծվել են։ Օրինակ՝ գազի ընկերությունը չուներ ստորգետնյա հաղորդակցությունների սխեմա։
Բացի այդ, արդեն տեղադրվել է մոտ 500 հրշեջ հիդրանտ, որպեսզի հրշեջ մեքենաները կարողանան անհրաժեշտության դեպքում արագ ջուր ստանալ։
Նոր ջրամատակարարման ցանցի ընդհանուր երկարությունը մոտավորապես 55 կմ է։ Շինարարական հրապարակում ներգրավված է 100 աշխատող և 25 միավոր տեխնիկա։ Արդեն կառուցվել են չորս ջրամբար, բազմաթիվ հորատանցքեր և հիդրանտներ։
«Գզա» ընկերության մենեջեր Գիա Դիասամիձեի խոսքով, Նինոծմինդայում աշխատանքների 75%-ն արդեն ավարտված է։ Օրոջալարում աշխատանքները սկսվել են վերջերս, իսկ Կաթնատու և Մեծ Խանչալի գյուղերում դրանք կսկսվեն այս տարի։
Կենտրոնական ջրագիծն անցկացնելուց և դեպի տներ խողովակները տանելուց հետո, կսկսվի ջրաչափերի տեղադրումը։ Բնակիչների կարծիքներն այս հարցի վերաբերյալ առանձնանում են. ոմանք կողմ են հաշվիչների տեղադրմանը, ոմանք՝ ոչ։
Պուշկին փողոցում ապրող Վալիկո Ղարսլյանի համար սա առանց գրաֆիկի ջուր ստանալու հույս է։
«Ես ջուր եմ ստանում ժամը 3-ից մինչև 5-ը և պոմպով։ Եթե նոր գիծ լինի, ասում են, պոմպն այլևս պետք չի լինի, և ջուրը գրաֆիկով չի լինի։ Ինձ ձեռնտու է հաշվիչ տեղադրելը։ Ես հողամաս չունեմ, ոռոգման համար այգի չունեմ, իսկ նրանց համար, ովքեր հող ունեն, այն, անշուշտ, շահավետ չէ նրանց համար», — ասում է Վալիկո Ղարսլյանը։
Բնակիչները դժգոհություն են հայտնում փողոցների վիճակից՝ շարունակական աշխատանքների պատճառով ամենուրեք փոսեր, կեղտ ու փոշի են։ Նրանք մտահոգված են, որ աշխատանքների ավարտից հետո փողոցները չեն ասֆալտապատվի։
Շինարարական աշխատանքների մենեջեր Գիա Դիասամիձեն մեկնաբանեց իրավիճակը.
«Մենք այս տարի կսկսենք ասֆալտապատումը, մինչև ամեն ինչ չավարտենք և չստուգենք, չենք կարող ասֆալտապատել, բայց աշխատանքներից հետո փողոցները հարթեցնում ենք ։ Այսօր (մայիսի 21-ին) մենք հենց հարթեցնում ենք փողոցը Խոջաբեկում», — ասաց նա։
Գիա Դիասամիձեն վստահեցրեց, որ Նինոծմինդայում մինչև տարեվերջ աշխատանքները կավարտվեն։
«Մենք կհասցնենք մինչև տարեվերջ։ Կավարտենք Նինոծմինդայում, իսկ գյուղերում՝ հաջորդ տարի»։
Այսպիսով, նախագծի ավարտից հետո Նինոծմինդայի և շրջակա գյուղերի բնակիչները կարող են հույս ունենալ կայուն ջրամատակարարման, կյանքի որակի բարելավման և խմելու ջրի վաղեմի խնդրի լուծման։