Այսօր՝ մայիսի 21-ին, Ախալքալաքի թիվ 5 հանրակրթական դպրոցում 19 շրջանավարտ հրաժեշտ տվեց հարազատ կրթօջախին։
Ծաղիկներ, գեղեցիկ հագնված երիտասարդներ, երաժշտություն, հրաժեշտի խոսքեր, հուզումնալից ապրումներ… Հենց այս օրն է, որ երիտասարդները վերհիշում են դպրոցական անհոգ տարիները:
Ընդհանուր խառնաշփոթի մեջ բոլորը հուզված ժպտում են: Հուզված են՝ թե շրջանավարտները, թե ուսուցիչները, թե ծնողները։ Ավարտականները մի շարքի կանգնած վերջին հրաժեշտն են տալիս այդքան հյուրընկալ հարազատ կրթօջախին:
Ախալքալաքի թիվ 5 հանրակրթական դպրոցում շրջանավարտների ավարտական հանդիսությունը մեկնարկեց Վրաստանի ու Հայաստանի պետական օրհներգներով, որին հաջորդեց միջոցառման գեղարվեստական մասը։ Երգ ու պար, հրաժեշտի ասված ու չասված խոսքեր, ավանդական վալս ու շամպայն․․․
Նշենք, որ այս տարի թիվ 5 դպրոցի 19 ավարտականներից 2-ը ոսկե մեդալակիրներ են։
Այս տարի Ախալքալաք քաղաքում և մունիցիպալիտետի գյուղերում ընդհանուր դպրոցն ավարտեց 560 շրջանավարտ։
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 20-ին, Վերջին զանգը հնչեց քաղաքի թիվ 4 դպրոցի աշակերտների համար։ Այս օրերին բոլոր գյուղական դպրոցներում ևս հնչում է Վերջին զանգը։
Ընդգծենք, որ Վրաստանի կրթության և գիտության նախարարության փոխանցած տեղեկության համաձայն՝ այս տարի դպրոցն ավարտում է 37 հազար 573 շրջանավարտ:
Երկրորդից տասնմեկերորդ դասարանցիների համար համար ուսումնական տարին կավարտվի հունիսի 13-ին: