նորություններ 22 Մայիսի, 2025 • Տուրցխ գյուղի հին ու նոր խնդիրները

Ախալքալաքի մունիցիպալիտետի Տուրցխ գյուղն ունի մի շարք խնդիրներ, որոնք տարիներ շարունակ լուծում չեն ստանում։ Ամենահրատապ խնդիրներից են ճանապարհի անմխիթար վիճակը և խմելու ու ոռոգման ջրի պակասը, հատկապես՝ ոռոգման սեզոնին։

Ինչպես Ջավախքի շատ գյուղերում, Տուրցխում նույնպես նկատվում է արտագաղթի բարձր մակարդակ։ Գյուղից շատ բնակիչներ, հատկապես երիտասարդները, ստիպված են լքում իրենց բնակավայրերը՝ լավ կյանքի որոնման նպատակով։ Արտագաղթի հիմնական պատճառը սոցիալ-տնտեսական պայմանների վատթարացումն է, աշխատանքային հնարավորությունների սահմանափակ լինելը։

Մաթևոս Ալբերտյանը Տուրցխ գյուղի բնակիչ է։ Նա տարիներ շարունակ ապրել և աշխատել է Տուրցխում։ Այսօր, սակայն, նա միայնակ է մնացել կնոջ հետ։ Երեխաները վաղուց արտագաղթել են՝ Ռուսաստանի Դաշնություն։

«Այսօր զանգում են, ասում են՝ պապա, գանք գյուղ, էլի միասին ապրենք։ Բայց ես չեմ ասում՝ եկեք։ Ասում եմ՝ գաք ի՞նչ անեք։ Ո՛չ աշխատատեղ կա, ո՛չ եկամուտ։ Էստեղ չկան այդ պայմանները, որ մարդ ընտանիքով ապրի։ Իմ սիրտն ուզում է, որ հետ գան, բայց եթե գան՝ հուսախաբ են լինելու», – ասում է Մաթևոսը։

Ջուրը ոչ միայն գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետության համար է կենսական, այլև մարդկանց ամենօրյա կյանքի։ Ջրի մշտական պակասը ոչ միայն բարդացնում է կենցաղային պայմանները, այլ նաև խոչընդոտում է գյուղատնտեսության զարգացումը՝ ինչը գյուղի բնակչության հիմնական զբաղմունքն է։ Ճանապարհների վատ վիճակը նույնպես ծանր հետևանքներ ունի՝ դժվարացնելով մարդկանց տեղաշարժը։

turcx 2

«Ջրի հարցը մեր գյուղում ամենամեծ խնդիրն է։ Խմելու ջուրը չի բավականացնում գյուղին, իսկ ոռոգման սեզոնին դաշտերը չորանում են։ Գյուղում շատ մարդ է հող մշակում, բայց առանց ջուր ոչ մի բան չի աճում, արհեստական լճեր են կառուցում, գոնե մի փոքր որակով անեն, մեկ տարի հետո լիճը քանդվում է», — ասում է Սերգեյ Ավետիսյանը։

Այստեղ բողոքում են ոչ միայն ջրի սակավությունից, այլև ճանապարհների վիճակից։
«Ճանապարհի վիճակը շատ վատ է, Ախալքալաքից մինչև մեր գյուղի խաչմերուկ տևում է 15 րոպե, իսկ խաչմերուկից մեր գյուղ տևում է 20 րոպե։ Թող գոնե հարթեցման աշխատանքներ անեն։ Չենք ասում՝ ասֆալտ գցեն, բայց գոնե փոսերը լցնեն, ճանապարհը մի քիչ հարթեցնեն։ Երկար տարիներ է  սպասում ենք, խոստումներ լսում, բայց ոչինչ չի փոխվում։ Ճանապարհը մարդու համար կյանքի հարց է, ոչ թե շքեղություն», – ասում է Տուրցխ գյուղի բնակիչը, ով խուսափեց նշել անուն ազգանունը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝