2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններից հետո Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի կազմը կկրճատվի։ 2021 թվականին ընտրված 30 պատգամավորների փոխարեն կընտրվի 26-ը։ Պատգամավորների թիվը կկրճատվի 4 հոգով, սակայն մեծամասնական պատգամավորների թիվը կաճի 1-ով։ Ընդհանուր թվաքանակի կրճատումը տեղի է ունենում համամասնական պատգամավորների 5 մանդատով կրճատման պատճառով։
Ախալքալաքում պատգամավորների ընդհանուր թիվը նույնպես կկրճատվի 4 մանդատով, սակայն այս մունիցիպալիտետում մեծամասնական ընտրակարգով կընտրվի 9-ով ավելի պատգամավոր, քան նախորդ անգամ, իսկ Նինոծմինդայում՝ ընդամենը 1-ով ավելի մեծամասնական պատգամավոր։
Վրաստանի Ընտրական օրենսգրքում, 2024 թվականի վերջին, կատարված փոփոխությունների համաձայն, 2025 թվականի հոկտեմբերի 4-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում, Նինոծմինդայի թիվ 41 մեծամասնական ընտրատարածքի կառուցվածքում փոփոխություններ կկատարվեն։ Մասնավորապես, Նինոծմինդայի մունիցիպալիտետի մեծամասնական ընտրատարածքների թիվը 10-ից կավելանա մինչև 11 -ի։ Համապատասխանաբար, կավելանա նաև Նինոծմինդայի սակրեբուլոյում ընտրվող մեծամասնական պատգամավորների թիվը։
Նինոծմինդայի թիվ 41 մեծամասնական ընտրատարածքում, 2021 թվականի ՏԻՄ ընտրություններում, ընտրվել է 30 սակրեբուլոյի պատգամավոր։ Նրանցից 10-ը մեծամասնական են, իսկ 20-ը՝ համամասնական ընտրացուցակներով։ Այս տարի մեծամասնական ընտրացուցակով կընտրվի 11 պատգամավոր և համամասնական ընտրացուցակով՝ 15 պատգամավոր։
Նինոծմինդայի թիվ 41 մեծամասնական ընտրատարածքի գյուղական մեծամասնական ընտրատարածքներում ոչինչ չի փոխվի։ Փոփոխություններ կլինեն միայն քաղաքում։ Այսպիսով, եթե նախորդ անգամ (2021 թվականին) ամբողջ Նինոծմինդա քաղաքը ընտրել էր մեկ պատգամավոր, այս անգամ այն կընտրի երկու պատգամավոր։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի մեծամասնական ընտրատարածքները
41.1 Նինոծմինդայի մեծամասնական ընտրատարածք։ Այն ներառում է թիվ 1 և թիվ 2 ընտրատեղամասերը։
41.2 Նինոծմինդայի մեծամասնական ընտրատարածք: Այն ներառում է թիվ 3 ընտրատեղամասը:
Նախորդ 2021 թվականի ընտրություններում այս երեք ընտրատեղամասերը կազմում էին մեկ մեծամասնական ընտրատարածք՝ 41.1:
41.3 Գանձայի մեծամասնական ընտրատարածք։ Այն ներառում է Գանձա գյուղը՝ իր երկու ընտրատեղամասերով (թիվ 4 և թիվ 5) և Սաղամո գյուղը (թիվ 6):
41.4 Մեծ Գոնդուրայի մեծամասնական ընտրատարածք։ Ընդգրկված գյուղերն են՝ Մեծ Գոնդուրա (ընտրատեղամաս թիվ 7), Դիլիֆ (թիվ 8), Փոքր Գոնդուրա (9), Ղուլալիս (թիվ 10) և Նամզարա (թիվ 11):
41.5 Գորելովկայի մեծամասնական ընտրատարածք. Գորելովկայի վարչական միավորի մեջ են մտնում հետևյալ գյուղերը՝ Գորելովկա (թիվ 12), Օրլովկա (թիվ 13), Ժդանովականի ընտրատեղամաս (թիվ 14), Սամեբայի ընտրատեղամաս (թիվ 15), Սպասովկա (թիվ 16) և Եֆրեմովկա գյուղը (թիվ 17):
41.6 Մեծ Խանչալիի մեծամասնական ընտրատարածք. Այն ներառում է Մեծ Խանչալի (թիվ 18), Փոքր Խանչալի (թիվ 19) և Կաթնատու (թիվ 20) գյուղերը։
41.7 Հեշտիայի մեծամասնական ընտրատարածք։ Հեշտիայի մեծամասնական ընտրատարածքը ներառում է համանուն գյուղի ընտրատեղամաս (թիվ 21) և Թորիա (թիվ 22), Ուջմանա (թիվ 23) և Ղաուրմա (թիվ 24) գյուղերի ընտրատեղամասերը։
41.8 Սաթխա մեծամասնական ընտրատարածք։ Այն ներառում է Սաթխա (թիվ 25), Օրոջալար (թիվ 26), Մեծ Արագյալ (թիվ 27) և Փոքր Արագյալ (թիվ 28) գյուղերը։
41.9 Տամբովկայի մեծամասնական ընտրատարածք։ Ներառում է Տամբովկա (թիվ 29), Ասպարա (թիվ 30) և Ռոդիոնովկա (թիվ 31) գյուղերը։
41.10 Փոկայի մեծամասնական ընտրատարածք։ Ընդգրկված են երկու գյուղ՝ Փոկան (թիվ 32) և Վլադիմիրովկան (թիվ 33):
41.11 Ջիգրաշենի մեծամասնական ընտրատարածք։ Ներառում է Ջիգրաշեն (թիվ 34) և Փոքր Խորենիա (թիվ 35) գյուղերը։
Յուրաքանչյուր մեծամասնական ընտրատարածքում ընտրվում է մեկ պատգամավոր։ Թիվ 41 Նինոծմինդայի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում գործում է 35 ընտրատեղամաս, որից 3-ը գտնվում է Նինոծմինդայում, մնացած 32-ը՝ գյուղերում։