նորություններ 23 Հունիսի, 2025 • Թվով երկրորդ ՀԷԿ-ը Նինոծմինդայում․ Որտե՞ղ կկառուցվի այն

Նինոծմինդայի մունիցիպալիտետում, Փարվանա գետի վրա կկառուցվի ևս մի նոր ՀԷԿ, որը կկրի «Փարավանի 1 ՀԷԿ» անվանումը։ Այս մասին տեղեկությունը տեղադրված է Բնապահպանական տեղեկատվական պորտալի պաշտոնական կայքէջում։

Ըստ էջում տեղադրված տեղեկատվության՝ «Փարավանի 1 ՀԷԿ» նախագծի իրականացումը նախատեսվում է Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանում, Նինոծմինդայի մունիցիպալիտետում, մասնավորապես՝ Ջիգրաշեն և Ղաուրմա գյուղերի հարակից տարածքներում։ ՀԷԿ-ի ենթակառուցվածքային օբյեկտների դասավորությունը նախատեսված է գետի երկայնքով։ Փարավանի գետի ձախ ափին։ Նոր ՀԷԿ-ի  կառուցումը իրագործում է «Վրաստանի նավթի և գազի կորպորացիա» ընկերությունը։ Շինարարական աշխատանքները կիրականացվեն 24 ամսում։ ՀԷԿ-ի շինարարության վրա կաշխատի մոտ 40 մարդ, իսկ շահագործման ընթացքում՝ 3 մարդ։

ԲԸ «Վրաստանի նավթի և գազի կորպորացիա»-ն  նախատեսում է Փարվանա գետի վրա  իրականացնել գետի բնական հոսքի վրա գործող 3.3  հզորությամբ «Փարավանի 1 ՀԷԿ»-ի կառուցման և շահագործման նախագիծը, 35 կՎ հավաքող ենթակայանը և մոտավորապես 1.5 կմ երկարությամբ 35 կՎ օդային էլեկտրահաղորդման գիծը։

«Փարավանի 1» ՀԷԿ-ի կառուցման տեխնիկատնտեսական ուսումնասիրության համաձայն՝ նախատեսված գործողությունները ներառում են գետում՝ ծովի մակարդակից 1 830.5 -1 794.5 մ բարձրության վրա գտնվող հատվածի հիդրոէներգետիկ ներուժի օգտագործում։ Այն տարածքը, որտեղ տեղակայվելու է էլեկտրակայանը, պետական ​​սեփականություն հանդիսացող տարածք է, որտեղ բուսական ծածկույթ չկա։ Շինարարության համար տարածքը ընտրվել է ջրհեղեղի նվազագույն ռիսկով։ ՀԷԿ-ի կառույցը իր մեջ ներառում է նաև մի քանի ենթակառույցներ։ Հիմնական օբիեկտների տեղակայված տարածքները  նույնպես պետական սեփականություն հանդիսացող տարածքներ են։ Էլեկտրակայանի տարածք մուտք գործելու համար կօգտագործվի գետի ձախ ափի տեղական հողային ճանապարհը, որտեղից նախատեսվում է կառուցել նոր ճանապարհ՝ ՀԷԿ-ի շենք մուտք գործելու համար։

Ամենամոտ բնակավայրը գտնվում է նախագծի գլխավոր գրասենյակից՝ Ղաուրմա գյուղից առնվազն  590 մետր հեռավորության վրա, իսկ նախագծի էլեկտրակայանից ամենամոտ բնակավայրը գտնվում Ջիգրաշեն գյուղում՝  մոտավորապես 325 մ հեռավորության վրա:

Բնապահպանական տեղեկատվական պորտալի պաշտոնական էջում նշված է նաև, որ ՀԷԿ-երի կողմից արտադրված էլեկտրաէներգիան պետական ​​էլեկտրաէներգետիկ համակարգին միացնելու համար նախատեսվում է ենթակայանին միացնել «Էներգո Պրո Ջորջիա»-ին պատկանող «Խոսպիո» էլեկտրահաղորդման գծի 35 կՎ ենթակայանը։ Այս գծի երկարությունը կկազմի մոտ 1.5 կմ։

Արդեն պատրաստվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման զեկույց, որի հանրային քննարկումը տեղի է ունեցել Նինոծմինդայի մունիցիպալիտետի երկու գյուղում՝ Հեշտիայում և Ջիգրաշենում, ինչպես նաև Ախալքալաքի մունիցիպալիտետի Խորենիա գյուղում։

joxov

Նկարը վերցված է «Վրաստանի նավթի և գազի կորպորացիա» ընկերության պաշտոնական կայքէջից

Ընկերության ներկայացուցիչները հանրային քննարկում են անցկացրել ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ։ Ընկերության պաշտոնական էջում գրված է․

«Վրաստանի նավթի և գազի կորպորացիայի տեխնիկական հարցերի տնօրեն Շալվա Կիկնավելիձեն, Շրջակա միջավայրի ազգային գործակալության, Շրջակա միջավայրի տեղեկատվության և կրթության կենտրոնի, «Գամա Կոնսալտինգ» խորհրդատվական ընկերության և տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ համատեղ, հանդիպումներ է ունեցել Նինոծմինդայի և Ախալքալաքի բնակչության հետ։ Հանդիպումների ժամանակ տեղի բնակչությանը տեղեկատվություն է տրամադրվել Փարավանի 1 ՀԷԿ-ի և Փարավանի 2 ՀԷԿ-ի նախագծերի վերաբերյալ։

Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար Jnews-ը նամակով դիմել է ԲԸ  «Վրաստանի նավթի և գազի կորպորացիային», բայց դեռևս ընկերությունից չի ստացել պատասխան։ Լրացուցիչ տեղեկություններ ստանալու դեպքում Jnews-ը կհրապարակի այն։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝