Վրաստանը նոր դեսպաններ է նշանակել Իտալիայի Հանրապետությունում և Հունգարիայում։ Արտաքին գործերի նախարարության տեղեկատվությամբ՝ Իտալիայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան և Հռոմում տեղակայված ՄԱԿ-ի միջազգային կազմակերպություններում (FAO, IFAD, WFP) Վրաստանի մշտական ներկայացուցիչ է նշանակվել Թամար Լիլուաշվիլին։
«Թամար Լիլուաշվիլին մինչ այս զբաղեցրել է Հունգարիայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը, իսկ դրանից առաջ եղել է Վրաստանի դեսպանը Բուլղարիայում։ Թամար Լիլուաշվիլին ունի լայն փորձ պետական հատվածում, եղել է Invest in Georgia-ի գործադիր տնօրեն և RMJ խմբի տնօրենի տեղակալ», – ասված է նախարարության հայտարարությունում։
Հունգարիայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Նիկոլոզ Լալիաշվիլին։
«Նիկոլոզ Լալիաշվիլին եղել է Վրաստանի դեսպանը Ղազախստանում։ Նա ունի երկարամյա փորձ պետական ծառայությունում, զբաղեցրել է տարբեր պաշտոններ Վրաստանի պաշտպանության նախարարությունում և Անվտանգության խորհրդում։ Նա նաև եղել է Վրաստանի խորհրդարանի անդամ», – նշված է ԱԳՆ-ի տարածած տեղեկատվությունում։
Նախարարության պարզաբանմամբ՝ Թամար Լիլուաշվիլին և Նիկոլոզ Լալիաշվիլին իրենց նոր պաշտոնները կստանձնեն հուլիսի 1-ից։