Սուլդա գյուղի դպրոցական շախմատիստները հաջողությամբ են հանդես եկել Նոնա Գափրինդաշվիլիի գավաթի մրցաշարում: Մասնակցելով Ախալցիխեում անցկացված շախմատի Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանային փուլին զբաղեցրել են պատվավոր երրորդ հորիզոնականը։
Ապրիլի 12-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի շախմատի դպրոցում տեղի է ունեցել Վրաստանի 2-րդ դպրոցական Նոնա Գափրինդաշվիլիի գավաթ շախմատի օլիմպիադայի քաղաքային փուլը։
Մրցաշարին մասնակցել են մունիցիպալիտետի տարբեր բնակավայրերի դպրոցական թիմեր։ Շրջանի ուժեղագույն շախմատիստ դպրոցականների միջև ծավալվեց լարված ու հետաքրքիր պայքար։
Սուլդա գյուղի դպրոցական հավաքականը հանդես է եկել ուժեղ կազմով, ցուցաբերելով թիմային ներդաշնակություն և խոր պատրաստվածություն՝ զբաղեցրել է առաջին տեղ և հնարավորություն ստացել՝ մասնակցելու հաջորդ փուլին։
Այդ հաջողության շնորհիվ արդեն մայիսի 18-ին Սուլդայի դպրոցական շախմատիստները մասնակցել են Ախալցիխեում անցկացվող՝ Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանային փուլին։ Այստեղ արդեն մրցակցությունը առավել բարձր մակարդակի վրա է եղել․ մունիցիպալիտետի տարբեր քաղաքների ու գյուղերի լավագույն դպրոցական թիմերն են ներկայացված եղել։
Սուլդայի պատանի շախմատիստները ևս մեկ անգամ ապացուցել են իրենց կարողությունները՝ արժանանալով պատվավոր երրորդ հորիզոնականին։ Այս արդյունքը վկայում է՝ ինչպես երեխաների աշխատասիրության, այնպես էլ մարզիչի հետևողական աշխատանքի մասին։
Սուլդա գյուղի դպրոցի տնօրեն Ալբերտ Առաքելյանը շատ բարձր է գնահատում շախմատի դերը դպրոցում։
«Սա մեր դպրոցի համար մեծ ձեռքբերում է։ Երեխաները մեծ նվիրումով և պատասխանատվությամբ էին պատրաստվում մրցաշարին, և իրենց խաղով իսկապես հիացրին բոլորիս։ Նրանք ոչ միայն լավ արդյունք ցույց տվեցին, այլև արժանապատվորեն ներկայացրին Սուլդան՝ ամբողջ մունիցիպալիտետի մակարդակով։ Մենք շարունակելու ենք աջակցել նրանց զարգացմանը՝ ինչպես շախմատում, այնպես էլ կրթության մյուս ոլորտներում», — ասում է Ալբերտ Առաքելյանը
Հարկ է նշել, որ առաջին տեղը զբաղեցրել է Ախալցիխեի շախմատի դպրոցի թիմը, իսկ երկրորդ տեղը՝ Ասպինձայի շրջանի հավաքականը։