Այսօր՝ մայիսի 19-ին, Ախալքալաքում հարգանքի տուրք մատուցեցին Օսմանյան Կայսրությունում հույների ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս օրը հույն ժողովուրդը նշում է իր պատմության ողբերգական էջի տարելիցը։
Այս օրը հույները սգում են իրենց հայրենակիցների մահը, որոնք դաժան ոչնչացման ենթարկվեցին օսմանցի թուրքերի կողմից 1916-1923 թթ:
Ախալքալաքում հույները և հայերը ծաղիկներ խոնարհեցին հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին: Այնուհետև ներկաները եկեղեցում մոմեր վառեցին և աղոթք բարձրացրին առ Աստված։
«Մենք միասին կատարեցինք մեր հույն եղբայրների համար հիշատակի կարգ։ Մենք եղբայրական ազգեր ենք, և հայերը նրանց վշտակցում ենք։ Ցավոք, մեր երկու ազգերի ճակատագրերը կապակցված են։ Ինչպես 1915 թվականին տեղի ունեցավ հայերի ցեղասպանությունը, այնպես էլ հույների ցեղասպանությունը տեղի են ունեցել պատմական Պոնտոսում։ Նրանք նույնպես ոչնչացվեցին երիտթուրքերի կողմից, և այս օրը նրանց հիշատակի օրն է։ Մենք բոլորս միասին աղոթեցինք առ Աստված», — իր խոսքում ասաց Ախալքալաքի Սուրբ Խաչ Առաջնորդանիստ Եկեղեցու հոգևոր հովիվ Տ․ Նարեկ քհն․ Տիգրանյանը:
20-րդ դարում հույները մեծամասնություն էին կազմում Փոքր Ասիայի հյուսիսում (Պոնտոսում) և արևմուտքում (Անատոլիա), ինչպես նաև Կապադովկիայի որոշ գավառներում: Ինչպես և հայերը, հույներն այդ տարածքների բնիկ ժողովուրդն էին ու չէին ցանկանում ենթարկվել մահմեդականացմանն ու թրքացմանը: Թուրքական կառավարությունը վախենում էր, որ Անատոլիան ու Պոնտոսը կարող են դուրս գալ Թուրքիայի իշխանության տակից, ինչպես դա արդեն տեղի էր ունեցել Հունաստանի, Սերբիայի ու Բուլղարիայի պարագայում, և հետո թուրքահպատակ հույների, հատկապես պոնտոսցիների թվում մեծ տոկոս էին կազմում բարձրագույն կրթությամբ մտավորականներն ու հաջողակ ձեռներեցները, որոնք բարձր դիրք էին զբաղեցնում և զգալի ազդեցություն ունեին թուրքական տնտեսության վրա:
Ուստի Թուրքիան «վճռական միջոցների» դիմեց արմատախիլ անելու համար հունական տարրը, ինչն էլ ի կատար ածվեց 1908 թվականից հետո, երբ իշխանության եկավ երիտթուրքերի կուսակցությունը, որը հռչակեց «Թուրքիան թուրքերի համար» կարգախոսը:
1911 թվականի սեպտեմբերին բացահայտ քննարկվեց Թուրքիայի ազգային, հատկապես քրիստոնյա, փոքրամասնությունների բնաջնջման հարցը, ինչն առաջին հերթին վերաբերում էր հույներին ու հայերին:
Հույների ցեղասպանության զոհերի թիվը տարբեր գնահատականներով 350.000-ից 1,2 միլիոնի է հասնում:
1994 թվականի փետրվարի 24-ին հունական խորհրդարանի միաձայն որոշմամբ մայիսի 19-ը սահմանվեց որպես Փոքր Ասիայի հույների ցեղասպանության հիշատակի օր: Պոնտոսի հույների ցեղասպանությունn այսօրվա դրությամբ պաշտոնապես ճանաչվել է միայն Հունաստանի, Կիպրոսի, Հայաստանի և ամերիկյան մի քանի նահանգի կողմից: