նորություններ 18 Մայիսի, 2025 • Վարդատոնը 111-րդ անգամ դարձյալ համախմբեց վիրահայերին

Այսօր՝ մայիսի 18-ին, Թբիլիսիի Մեյդանը մարդաշատ էր։ Մայրաքաղաքի սրտում նշում էին Սայաթ-Նովայի հիշատակին նվիրված Վարդատոնը:

Երեք դար անց էլ Սայաթ-Նովայի երգն ապրում է Թբիլիսիի փողոցներում։ Աշուղական արվեստի մեծավարպետի հիշատակին նվիրված Վարդատոնը դարձյալ համախմբեց մարդկանց՝ հայերին ու վրացիներին՝ արվեստագետներին ու երաժշտասերներին։

Ըստ ավանդույթի՝ օրը սկսվեց «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնից, որտեղից մեկնարկած քայլերթը տարավ մասնակիցներին քաղաքի կենտրոնական փողոցներով՝ ձեռքին կարմիր վարդեր՝ ի նշան Սայաթ-Նովայի անմահության, ստեղծագործության արդիականության և նրա թողած ժառանգության հարատև ազդեցության։ Քայլերթի մասնակիցները, երիտասարդից տարեց, համախմբված էին մեկ ընդհանուր ներաշխարհի՝ աշուղի մեղեդիների շուրջ։

vardaton

Քայլերթն ավարտվեց Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում, որտեղ հանգչում է Սայաթ-Նովան։ Վարդերի անուշ բույրը միաձուլվեց աղոթքի մրմունջին՝ հոգեհանգստյան կարգի ընթացքում։ Արարողությունը կատարվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի գլխավորությամբ՝ հոգևոր դասի մասնակցությամբ։ Ժողովուրդը խոնարհումով ու երախտագիտությամբ մոտեցավ Սայաթ-Նովայի շիրմաքարին։

vardaton 4

Վարդատոնի միջոցառումները շարունակվեցին Գորգասալի հրապարակում՝ բացօթյա համերգով, որտեղ հնչեցին Սայաթ-Նովայի երգերն ու դրանցից ներշնչված ժամանակակից կատարումներ։ Այս հնչյունային կամուրջը՝ դարերից դարեր եկող, այսօր էլ միավորում է սերունդներին։ Վարդատոնը Թբիլիսիի հայ համայնքի համար դարձել է ինքնության, հիշողության ու մշակութային կենդանի շնչի խորհրդանիշ։ Ամեն վիրահայ գիտի՝ այս օրը Վարդատոն է, իսկ Սայաթ-Նովան ոչ միայն երգում էր անցյալից, այլ ապրում է ներկայի յուրաքանչյուր տոնական նոտայում։

vardaton 3

Միջոցառմանը ներկա էր Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Թբիլիսիի Հայ Առաքելական եկեղեցիների հոգևորականները, ՀՀ վաստակավոր արտիստ Հարութ Փամբուկչյանը, հյուրեր Վրաստանից ու Հայաստանից և այլք: Միջոցառմանը ելույթ ունեցան երգի և պարի խմբեր, հատուկ հյուրն էր երգիչ Մավր Մկրտչյանը: Հնչեցին Սայաթ-Նովայի, ինչպես հայերեն այնպես էլ վրացերեն գործերը:

vardaton 2

vardaton 5

Ավանդական միջոցառումն այս տարի ևս անցկացվեց «Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպության կողմից՝ Վրաստանում ՀՀ դեսպանատան, Վիրահայոց թեմի, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Թբիլիսիի քաղաքապետարանի և ավագանու հովանու ներքո:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝