Լարսով Ռուսաստան կամ Բալթյան երկրներ ալկոհոլային խմիչքներ արտահանող հայկական ընկերությունները վերջին 1-1,5 ամիսների ընթացքում, ինչպես իրենք են պնդում, Վրաստանի տարածքում բախվում են նոր ստուգումների։ Jnews-ը հետաքրքրվեց Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից, թե արդյոք նրանք տեղյակ են այս խնդիրների մասին և ինչ քայլեր են ձեռնարկվում դրանք լուծելու համար։
Ալկոհոլային խմիչքներ արտահանող հայկական ընկերությունների ներկայացուցիչները դժգոհություն են հայտնում, որ իրենց բեռները վրացական իշխանությունների կողմից ենթարկվում են ստուգման, ինչի պատճառով նրանք մեծ վնասներ են կրում։
Վրաստանում ՀՀ դեսպանությունը մեր հարցմանը պատասխանել է հետևյալ կերպ.
«ՀՀ պատկան մարմիններն իրազեկված են Ձեր կողմից նշված խնդիրների մասին: Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի պատկան գերատեսչությունների հետ՝ խնդրի մանրամասները պարզաբանելու նպատակով:
Դեսպանությունը ՀՀ համապատասխան կառույցների հետ համակարգված աշխատանք է տանում վրացական կողմի հետ՝ խնդրի հնարավորինս արագ կարգավորման ուղղությամբ»,- նշվում է նամակում:
Ալկոհոլային խմիչքներ արտահանող հայկական ընկերությունների ներկայացուցիչները Azatutyun.am-ի լրագրողներին հայտնել են, որ նման բան երբեք չի եղել, այս ամենի պատճառով երկու կողմերն էլ լուրջ ֆինանսական կորուստներ են կրում, և յուրաքանչյուր օրվա կանգնելու համար արտահանողները գումար են մուծում բեռնափոխադրողին, ու ապրանքն էլ նախատեսվածից մոտ մեկ ամիս ուշ է հասնում։
Նշենք, որ Ռուսաստան կամ Մերձբալթյան երկրներ Լարսով ալկոհոլային խմիչք արտահանող հայկական ընկերությունների բեռնատարները, ըստ Azatutyun.am կայքի, վերջին 1-1.5 ամիսներին տարօրինակ ստուգումների են ենթարկվում:
Արտադրողները վախենում են, որ չեն կարողանա պահպանել ռուսական կողմի հետ նախապես համաձայնեցված պայմանագրային ժամկետները։ Իսկ այդ ընթացքում խանութներում դարակաշարերը կարող են զբաղեցնել ադրբեջանական խմիչքները, քանի որ նրանք անարգել են տեղ հասցվում:
Մայիսի 13-ին Երևանում, Վրաստանի դեսպանության առջև տեղի ունեցավ, կոնյակ արտադրողների և բեռնափոխադրողների, բողոքի ակցիա՝ դեսպանի հետ հանդիպման պահանջով։ Նրանք ցանկանում էին պատասխան ստանալ այն հարցին, թե ինչու են Հայաստանից Ռուսաստան ալկոհոլային խմիչքներ տեղափոխող տրանսպորտային միջոցները ստուգվում Վրաստանում, եթե դրանք չեն վաճառվելու վրացական շուկայում։