Այսօր՝ մայիսի 17-ին, Վրաստանում նշվում է Ընտանիքի սրբության և միասնականության օրը, որը 2024 թվականից հանդիսանում է պետական պաշտոնական տոն։
Տոնի հիմնական ավանդույթը երթերն ու խաչերթերն են, որոնք կազմակերպվում են Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանի կողմից՝ Թբիլիսիում և շրջաններում։
Մայրաքաղաքում տոնակատարությունը կմեկնարկի ժամը 14:00-ին՝ Կաշվեթի եկեղեցում անցկացվելիք պատարագով, որից հետո հավատացյալները խաչերթով կուղևորվեն դեպի Սուրբ Երրորդության մայր տաճար։
Տոնը լայն աջակցություն է ստանում պահպանողական և կրոնական շրջանակների, ինչպես նաև իշխող՝ «Վրացական երազանք» կուսակցության կողմից։
Այս օրվա սահմանումը կապված է 2013 թվականի մայիսի 17-ի իրադարձությունների հետ, երբ Թբիլիսիի կենտրոնում մի խումբ ուղղափառ ակտիվիստներ և հոգևորականներ խափանեցին հոմոֆոբիայի դեմ անցկացվող խաղաղ ակցիան։ Հարձակման արդյունքում վիրավորվեց մոտ 30 մարդ, այդ թվում՝ քաղաքացիական ակտիվիստներ, մարդու իրավունքների պաշտպաններ և ոստիկաններ։
2024 թվականից սկսած՝ մայիսի 17-ը Վրաստանում, պաշտոնապես հայտարարվել է հանգստյան օր։