Մայիսի 16-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում տեղի ունեցավ ռեգբիի փառատոն, որը կազմակերպել էին Ախալքալաքի մարզադպրոցն ու Սամցխե-Ջավախքի Տաո ռեգբիի ակումբը։
Փառատոնի նպատակն էր խթանել ռեգբիի զարգացումը տարածաշրջանում ներգրավելով 14 տարեկան երեխաներին։
15-ամյա Փայլակ Կարապետյանն Ախալքալաքից է։ Նա իրեն չի պատկերացնում առանց ռեգբիի:
«Ինքս ինձ պատկերացնում եմ միայն ռեգբիում, սակայն Ախալքալաքի մարզադպրոցում իմ քաշային կարգում մարդ չկա, այդ իսկ պատճառով ստիպված եմ պարապունքների մեկնել Ասպինձա։ Այս տարի հաստատ որոշել եմ, որ այս տարի մասնակցելու եմ մարզումներին»:
Ռեգբիի փառատոնին Ախալքալաքում մասնակցել են «Տաո» ակումբի նախագահ Իրակլի Գվինիտաձեն, ինչպես նաև ակումբի ներկայացուցիչ Տատո Միքելաձեն։ Ներկա է եղել նաև Ֆիջիի հանրապետությունից մի մարզիկ, ով միաժամանակ հանդիսանում է ռեգբիի պրոֆեսիոնալ խաղացող։
«Կցանկանայի նշել, որ Ֆիջին հանրապետություն է, որտեղ ռեգբին շատ զարգացած է։ Այն նաև օլիմպիական մարզաձև է, որտեղ Ֆիջիի հավաքականը բազմիցս դարձել է Օլիմպիական խաղերի մեդալակիր։ Այսպիսի միջոցառումներ մենք կազմակերպում ենք հնարավորինս հաճախ՝ ունենալով «Տաո» ակումբի և նրա ներկայացուցիչների շարունակական աջակցությունը, ինչն էլ խթանում է մարզաձևի զարգացումը մեր շրջանում», — նշեց մարզիչ Ռաֆայել Դարբինյանը։
«Տաո» մարզական ակումբը Սամցխե-Ջավախքում միավորում է վեց մունիցիպալիտետ՝ Ադիգեն, Բորժոմի, Ախալցիխե, Նինոծմինդա և Ախալքալաք ։
«Տաո» ակումբի նախագահ Իրակլի Գվինիտաձեի խոսքով, այս համայնքները համարվում են ակումբի պատմական և գաղափարական հիմադիրները։ Ակումբը ձևավորվել է տարածաշրջանային զարգացման ու ինտեգրացիոն ծրագրերի արդյունքում, որոնք իրականացվել են դեռևս 2003 թվականից՝ դրամաշնորհային աջակցության միջոցով։
«Տաո» ռեգբիի ակումբը ունի մի քանի խումբ՝ փոքրերի, պատանիների և պրոֆեսիոնալների։ Ակումբի պրոֆեսիոնալ թիմը՝ «Փիգ Ջերսը», ներկայումս հանդես է գալիս Վրաստանի առաջնության լիգայում։
«Թիմի կազմում ընդգրկված են մարզիկներ տարբեր շրջաններից՝ ոչ միայն Ջավախքից, այլ նաև ամբողջ երկրից։ Սա վկայում է այն մասին, որ մարզական հաջողությունները գերազանցում են քաղաքային կամ ազգային պատկանելության սահմանները։ Ինչպես Ռեալ Մադրիդում կարող են խաղալ թե՛ մադրիդցիներ, թե՛ բրազիլացիներ, այնպես էլ «Տաո»-ում։ Ախալքալաքցի մարզիկներն ունեն նույն իրավունքը և արժեքը։ Ակումբի նպատակն է ոչ միայն մարզական առաջընթաց ապահովել, այլև՝ հասարակական համախմբում, խաղաղության ու եղբայրության մթնոլորտ ստեղծել», — ասաց «Տաո» ակումբի նախագահ Իրակլի Գվինիտաձեն։
Ակումբի խաղերը ամեն կիրակի ցուցադրվում են ուղիղ եթերով, ինչը ոչ միայն բարձրացնում է մարզիկների մոտիվացիան, այլ նաև տարածում է տարածաշրջանի հաջողությունները երկրով մեկ։
«Ես՝ որպես ակումբի նախագահ, արդեն 22 տարի զբաղվում եմ այս գործով։ Աշխատել եմ նաև ինտեգրացիոն և էթնիկ ծրագրերի շրջանակներում՝ Նինոծմինդայում, Ախալցիխեում՝ գյուղերում կազմակերպելով բազմազգ մարզական թիմեր՝ մեկ հայկական, մեկ վրացական։ Սա եղավ այն հիմքը, որից ծնվեց «Տաո»-ի գաղափարն ու թիմային ոգին»,- ավելացրեց ակումբի նախագահը։
Վերջինիս խոսքով այսօր ակումբը կանգնած է ենթակառուցվածքային լուրջ խնդրի առաջ՝ մարզադաշտի բացակայությունը։
«Միակ ընդունելի պայմաններով մարզադաշտը գտնվում է Ասպինձայում, ուստի բարձր խմբի խաղերը ստիպված ենք անցկացնել այնտեղ։ Փոքրերի և պատանիների խմբերի համար երբեմն օգտագործում ենք Ադիգենի դաշտերը, սակայն այդ հնարավորությունները սահմանափակ են։ Մենք հավատում ենք, որ մարզական հնարավորություններն ու հաջողությունները պետք է հավասար հասանելի լինեն բոլոր համայնքների համար։ «Տաո»-ն այսօր արդեն ոչ միայն մարզական, այլ նաև սոցիալական շարժում է, որը ձևավորում է առողջ, միավորված և նպատակասլաց սերունդ Ջավախեթիում», — եզրափակեց Իրակլի Գվինիտաձեն։