Ախալքալաքի մունիցիպալիտետի տեղական բյուջեից Կիրովական գյուղի ճանապարհի ասֆալտապատման համար հատկացվել է 991 271 լարի։ Աշխատանքները հաշվարկված են երկու տարվա կտրվածքով։ Մրցույթն արդեն հայտարարված է։
Ախալքալաք-Կումուրդո մայրուղուց մինչև Կիրովական գյուղի դպրոց տանող ճանապարհի հատվածը, ինչպես նաև հենց գյուղում կասֆալտապատվի մի փոքր հատված։ Ընդհանուր երկարությունը՝ 788 մետր։
Աշխատանքները կիրականացվեն երկու փուլով՝
• 2025 թվականին կասֆալտապատվի 330 մետր՝ 650 000 լարի արժողությամբ։
• 2026 թվականին՝ մնացած 458 մետրը՝ 341 271 լարի արժողությամբ։
Աշխատանքների կատարման մրցույթն արդեն հայտարարված է։ Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2025 թվականի մայիսի 28-ն է: Ախալքալաքի մունիցիպալիտետի Ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանը նշում է, որ Կիրովականում ասֆալտապատվում են ոչ թե գյուղի ծայրամասային փողոցները, այլ կենտրոնականները:
«Մենք դեռ նախագծերն ենք կազմում։ Ներգյուղական ճանապարհների ասֆալտապատումը դեռ չի սկսվել, նախ կավարտենք դեպի գյուղեր տանող բոլոր ճանապարհների աշխատանքները», — ասաց Արա Մովսիսյանը։
Արա Մովսիսյանի խոսքով, եթե գյուղեր տանող ճանապարհների նախատեսված ասֆալտապատման ծրագիրն այս տարի կատարվի, կմնա միայն Մեծ և Փոքր Սամսար գյուղեր տանող ճանապարհը։
Արդեն մի քանի տարի է Ախալքալաքի մունիցիպալիտետի ասֆալտապատումը տեղական իշխանությունների համար առաջնահերթություն է։ Գյուղեր տանող ճանապարհների մեծ մասն արդեն ասֆալտապատված է։ Մունիցիպալիտետը ներկայումս նախապատրաստվում է միջգյուղական ճանապարհների վերանորոգման աշխատանքներին։