նորություններ 19 Մայիսի, 2025 • Ծնելիության խրախուսում՝ ֆինանսական աջակցություն ընտանիքներին

Անցած տարի՝ 2024 թվականին Վրաստանում ավելի շատ մարդ է մահացել, քան ծնվել։ Իսկ ահա Ախալքալաքի մունիցիպալիտետում ծնելիությունն ընդամենը 29-ով է գերազանցել մահացությանը։  Jnews-ը ներկայացնում է, թե Ախալքալաքի քաղաքապետարանը մունիցիպալիտետում ծնելիությունը խթանելու համար ի՞նչ չափի ֆինանսական աջակցություն է տրամադրում նորածինների ընտանիքներին։

Վրաստանում, 2024 թվականի տվյալներով ապրում է  3 807 670 մարդ։ Մարդկանց այս թվաքանակը կարող է փոփոխվել ամեն վայրկյան։ Բնակչության քանակի վրա տարբեր ազդեցություն են գործում տարատեսակ գործոններ, այդ թվում՝ միգրացիան։ Օրինակ, 2024 թվականին Վրաստան ներգաղթյալների թիվը կազմում է 135 811 մարդ, իսկ Վրաստանից արտագաղթածների թիվը՝ 121 425 մարդ։ Միգրացիայից բացի, շատ մեծ ազդեցություն ունի նաև բնակչության փոփոխության բնական գործոնը՝ ծնելիությունը և մահացությունը։ 2024 թվականի գրանցվել է ավելի շատ մահ (43 971), քան ծնունդ (39 483):

Հաշվի առնելով այն փաստը, որ Սամցխե-Ջավախեթին Վրաստանի խոշոր շրջաններից մեկն է, այստեղ նույնպես բարձր չէ ծնելիության ցուցանիշը։ Սամցխե-Ջավախեթիում 2024 թվականին ծնվել է  1 556 մարդ, որից Ախալքալաքի մունիցիպալիտետում՝ 463 մարդ, Նինոծմինդայի մունիցիպալիտետում՝ 263 մարդ։

Մահացածների թվաքանակը Սամցխե-Ջավախեթիում ընդհանուր կազմում է 1 712 մարդ, որից Ախալքալաքի մունիցիպալիտետում՝ 434 մարդ,  Նինոծմինդայի մունիցիպալիտետում 235 մարդ։

Ծնելիությունը խրախուսելու համար և բարձրլեռնային բնակավայրերում մշտապես բնակվող անձանց ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը նպաստելու համար պետությունը նպատակային ծրագիր է իրականացնում, ըստ որի՝ երեխայի/երեխաների ծնողը/խնամակալը  ստանում են ֆինանասական աջակցություն։ Այս ծրագիրը  գործում է Վրաստանի բոլոր  բարձրլեռնային գոտիներում: Ընտանիքներին տրամադրվող ամսական ֆինանսական աջակցության չափը ճշտելու համար Jnews-ը դիմեց Սոցիալական ծառայության պետական գործակալությանը, որտեղից պատասխանեցին հետևյալը՝

«Ծրագրին դիմողը պարտադիր պետք է ունենա բարձրլեռնային գոտում բնակվողի կարգավիճակ։ Առաջին, երկրորդ երեխայի համար 100 լարի է տրամադրվում մեկ տարվա կտրվածքով, իսկ երրորդ կամ հաջորդ երեխայի պարագայում 200 լարի է տրամադրվում 2 տարվա կտրվածքով»։

Չնայած այս առավելությանը ծնելիության ցուցանիշները տարեցտարի նվազում են։ Օրինակ, Սամցխե-Ջավախեթիում 2020 թվականին ծնելիության ցուցանիշը եղել է 12․6, 2021-ին՝ 12․7, 2022-ին՝ 11․4, 2023-ին և 2024-ին էլ՝ 11։

Բացի ամսական տրամադրվող գումարից, ընթացիկ օրացուցային տարում, երեխա ունենալու դեպքում, Ախալքալաքի մունիցիպալիտետը նորածնի ընտանիքին կտրամադրի միանվագ ֆինանսական օգնություն յուրաքանչյուր նորածնի համար։

Թե ինչքան գումար է տրամադրվում նորածինների ընտանիքներին Jnews-ը խոսեց Ախալքալաքի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական աջակցության բաժնի ղեկավար Անահիտ Յորդանյանի հետ։

«Առաջին երեխային տալիս են՝ 350 լարի, երկրորդին՝ 400, երրորդին՝ 500, չորրորդին՝ 800 ու չորրորդից հետո յուրաքանչյուր նորածնին կավելանա 300 լարի։ Սա միանվագ օգնություն է նորածնի ընտանիքին, քաղաքապետարանի բյուջեից։ Կա մի կետ նաև, որ անչափահաս երեխաներն են հաշվվում «քանակ», չորրորդ երեխա հաշվվում է, եթե չորսն էլ անչափահաս են», — ասաց Անահիտ Յորդանյանը։

Վերջինս հաև հավելեց, որ կա առավելություն, ըստ որի՝ երեխայի ծնվելուց հետո, 12 ամսվա ընթացքում ծնողը կարող է դիմել ու օգտվել այս ծրագրից։

Հատկանշական է, որ Թիանեթիում, որը նույնպես համարվում է բարձրլեռնային գոտի,  քաղաքապետ Լևան Ծիկլաուրիի նախաձեռնությամբ ավելացվել է նորածիններ ունեցող ընտանիքներին տրամադրվող միանվագ ֆինանսական օգնությունը։ Տեղեկատվությունը հրապարակել է Թիանեթիի քաղաքապետարանը։

Առաջին երեխա՝ 1500 լարի, 300 լարիի փոխարեն։ Երկրորդ երեխա՝ 3000 լարի, 400 լարիի փոխարեն։ Երրորդ երեխա՝ 4500 լարի, 500 լարիի փոխարեն։ Յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար գումարը կավելանա 1500 լարիով։

 

 

 

 

 

 

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝