Չնայած ապրիլ ամսին Ախալքալաք-Կարծախ ճանապարհատվածում փոսալցման աշխատանքներ իրականացվեցին, միևնույն է ճանապարհը գտնվում է անմխիթար վիճակում։ Ճանապարհի վերանորոգման աշխատանքներն իրականացնող ընկերությունից վստահեցնում են, որ առաջիկա օրերին կմեկնարկեն աշխատանքները։
Ախալքալաք-Կարծախ ճանապարհին հարող գյուղերի բնակիչները քաղաք հասնելու համար ստիպված են ամեն օր հաղթահարել քարուքանդ ճանապարհը։
Ախալքալաք-Կարծախ միջպետական ավտոճանապարհի վերանորոգման փոխարեն ապրիլ ամսին հարթեցման աշխատանքներ են իրականացվել, սակայն անձրևների պատճառով ճանապարհը նորից նույն վիճակում է գտնվում։
Jnews-ը բազմիցս անդրադարձել է Ախալքալաք-Կարծախ միջպետական ճանապարհի անմխիթար վիճակին։
Հիշեցնենք, որ Ախալքալաք-Կարծախ միջպետական ավտոճանապարհի վերակառուցման համար երկու մրցույթ է կայացել։ Երկուսն էլ հաղթել է «Ջավախավտոգզա» ընկերությունը: Վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն հետևյալ հատվածներում՝ միջազգային ավտոճանապարհի կմ3-կմ7,8 և կմ8,8-կմ16:
Առաջին մրցույթը ընկերությունը հաղթել է 2 772 000.00 լարիով, իսկ երկրորդ մրցույթը՝ 4 488 000.00 լարիով:
Հետաքրքրական է, որ ըստ մրցույթի միայն մի պայմանագիրը կա, մյուսինը չկա:
Jnews-ը կապ հաստատեց «Ջավախավտոգզա» ընկերության հետ՝ հասկանալու համար, թե երբ են պատրաստվում սկսել ճանապարհի վերանորոգման աշխատանքները։
«Ջավախավտոգզա» ընկերությունից տեղեկացրին, որ տվյալ ճանապարհի վերակառուցման աշխատանքների համար կայացել է երկու մրցույթ։ Ընկերության փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ կնքվել է միայն մի մրցույթի պայմանագիրը, իսկ երկրորդ մրցույթի վերաբերյալ պայմանագրի ստորագրման գործընթացը դեռևս չի ավարտվել։
Ըստ «Ջավախավտոգզա» ընկերության՝ նախկին զինվորական ավանից (Գարադոկից) մինչև Վաչիան գյուղի սկզբնամասն ընկած ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներն իրագործելու է հենց իրենց ընկերությունը։ Աշխատանքները նախատեսում են սկսել առաջիկա օրերին։
Jnews-ը Վրաստանի ճանապարհային վարչությունից պարզեց, որ Ախալքալաք-Կարծախ (Թուրքիայի Հանրապետության սահման) միջազգային ավտոճանապարհի կմ3+000-կմ7+800 և կմ8+800-կմ16+000 հատվածների վերականգնման աշխատանքների (մասնավորապես՝ կմ8+800-կմ16+000 հատվածի) պայմանագիրը դեռևս կնքված չէ։
Իսկ այն հարցին, թե ինչ խնդիր կա, որ պայմանագիրը մինչ օրս չի կնքվել, Ճանապարհային վարչությունից հրաժարվեցին պատասխանել՝ պատճառաբանելով, որ իրենք իրավասու չեն պատասխանել նմանօրինակ հարցերի, միաժամանակ հոդորելով, որ կարող ենք նամակով դիմել իրենց։