նորություններ 13 Մայիսի, 2025 • «MEGOBARI act»-ը և Վրաստանում այլ երկրների հետախուզությունների մասին հաշվետվությունները

ԱՄՆ-ում «MEGOBARI act» օրինագիծը ընդունման փուլում է, դրան զուգահեռ Վրաստանում նախաձեռնվել է պատասխան հայտարարություն խորհրդարանում, և այս ակտը քննադատության է ենթարկվում կառավարության պաշտոնյաների կողմից։ «MEGOBARI act»-ը անմիջականորեն վերաբերում է ԱՄՆ-ի և Վրաստանի միջև հարաբերություններին, որը պահանջում է Վրաստանից որոշակի քայլեր ձեռնարկել ժողովրդավարական չափանիշներին համապատասխանելու, ինչպես նաև արտաքին ազդեցության, մասնավորապես՝ Ռուսաստանի ազդեցության դեմ պայքարելու համար, հակառակ դեպքում ակտը նախատեսում է պատժամիջոցներ։

Ամերիկյան «Վրաստանի հաշվետվողականության, դիմադրողականության և անկախության հնարավորությունների հզորացման և ընդլայնման մասին օրենքը»՝ «MEGOBARI act»-ը, Սենատի կողմից վերջնական ընդունվելուց հետո սահմանում է, որ Վրաստանը պետք է որոշակի քայլեր ձեռնարկի, հակառակ դեպքում երկրի իշխանությունները կպատժվեն պատժամիջոցներով։ Մասնավորապես, օրենքը պահանջում է, որ Վրաստանը շարունակի զարգացնել ժողովրդավարական արժեքները, անցկացնի արդար ընտրություններ, ապահովի դատական համակարգի անկախությունը և պահպանի քաղաքական կուսակցությունների և լրատվամիջոցների ազատությունը։ Jnews-ը հոդված է հրապարակել այս մասին

Այս անգամ Jnews-ը իր ուշադրությունը կենտրոնացրել է Ակտի այնպիսի պահանջի վրա, ինչպիսին է արտաքին ազդեցության սահմանափակումը, իսկ ավելի կոնկրետ՝ Վրաստանում ռուսական ազդեցության սահմանափակումը։ Ինչպես բացատրում են ակտն ուսումնասիրած փորձագետները, դրա համար անհրաժեշտ են հաշվետվություններ, որոնք կպարունակեն Վրաստանում գտնվող ռուսական և չինական հետախուզական ակտիվների մասին կոնկրետ տեղեկություններ։ Օրենքում նշվում է, որ անընդունելի է, որ Վրաստանը դառնա Չինաստանի տնտեսական և քաղաքական ռազմավարությունների մաս, որոնք կարող են ծառայել Ռուսաստանի շահերին։

Վրացական ռազմավարական և միջազգային հետազոտությունների հիմնադրամի (Ռոնդելի հիմնադրամ) քաղաքագետ Գիորգի Բադրիձեի խոսքով՝ «MEGOBARI act»-ի որոշ կետերի հիման վրա կարելի է եզրակացնել, որ ԱՄՆ հետախուզությունը տեղեկություններ ունի վրացական իշխանությունների համագործակցության մասին ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Չինաստանի հետախուզական ծառայությունների հետ։ Նրա կարծիքով, այս համագործակցության մասին կարող է վկայել, օրինակ, այն փաստը, որ Վրաստանի սահմանապահները պարբերաբար թույլ չեն տալիս Կրեմլի համար անցանկալի Ռուսաստանի քաղաքացիներին մուտք գործել երկիր։

«Սա նշանակում է, որ նրանք ունեն ցուցակներ, որոնք կարող են ստանալ միայն ռուսական հատուկ ծառայություններից՝ ընդդիմադիր համարվող կամ ընդհանրապես Վլադիմիր Պուտինի կառավարության համար անցանկալի ՌԴ բնակիչների վերաբերյալ։ Բացի այդ, կան այլ շեղակի տվյալներ։ Օրինակ՝ վերջին 12 տարիների ընթացքում Վրաստանում հակահետախուզական գործողության կամ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների ձերբակալման ոչ մի դեպք չի եղել, ինչը նախկինում պարբերաբար տեղի էր ունենում։ Կարծեք թե Ռուսաստանը դադարել է հետաքրքրվել Վրաստանով։ Բայց իրականում հակառակն է տեղի ունենում։ Ռուսաստանի ազդեցությունը Վրաստանի ներքաղաքական գործընթացների վրա երբեք այսքան նկատելի չի եղել։ Ավելին, վերջին մի քանի տարիների ընթացքում Վրաստան ազատորեն մուտք գործող Ռուսաստանի քաղաքացիների թիվը մի քանի հարյուր հազարով աճել է։ Այսպիսով, նման պայմաններում, երբ վրացական հատուկ ծառայությունները ոչինչ չեն անում, բացի ընդդիմության կամ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ ճնշումներ իրականացնելուց, հարցեր են առաջանում. արդյո՞ք հակահետախուզական ծառայությունները կատարում են իրենց աշխատանքը և արդյո՞ք նրանց աշխատանքը վերաբերում է ՌԴ հատուկ ծառայությունների հետախուզությանը կամ այլ գործունեությանը»- ասում է Գիորգի Բադրիձեն։

Վերջին տարիներին վրաց-ամերիկյան հարաբերությունները լարված են եղել, այս տարի Թրամփի իշխանության գալու հետ մեկտեղ և նրա քաղաքականության հիման վրա վրացական իշխանությունները բազմիցս հայտարարել են հարաբերությունները վերսկսելու մասին, որ այդ հարաբերությունները կսկսվեն զրոյից, սակայն այդ ուղղությամբ ակնհայտ քայլեր չեն ձեռնարկվել։ Ընդհակառակը, «MEGOBARI» ակտը, որը ոչ բարիդրացիական է Վրաստանի իշխանությունների նկատմամբ, ընդունվել է Կոնգրեսի կողմից և ուղարկվել Սենատ՝ վերջնական ընդունման համար։ Վրաստանում պատրաստվում է խորհրդարանական հայտարարություն, քանի որ նրանք կարծում են, որ «ակտում խեղաթյուրված է իրականությունը»։ Ժամանակը և կոնկրետ քայլերը ցույց կտան, թե ինչպես կզարգանան վրաց-ամերիկյան հարաբերությունները պաշտոնական փաստաթղթերի միջոցով հաղորդակցության ֆոնին։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝