Ախալքալաքի շրջանի մի շարք գյուղեր կանգնած են լուրջ խնդիրների առջև՝ ոռոգման ջրի անբավարարության պատճառով։ Տեղացիները, որոնց հիմնական զբաղմունքը հողագործությունն է, ստիպված են պայքարել բնության ու անգործության դեմ՝ փորձելով գոյատևել սակավ ջրով։
Մաջադիա գյուղի բնակիչ Հարություն Խեդոյանը պատմում է, որ խորհրդային տարիներին իրենք ստանում էին հարուստ բերք, սակայն հիմա դրա կեսն անգամ չեն կարողանում ստանալ։
«Նախքան պոմպակայանի փլուզվելը գյուղատնտեսությունը զարգացած էր, կարողանում էինք նորմալ բերք ստանալ, արդեն 34 տարի է անձրևների հույսին ենք։ Մի քանի ամսից արդեն կվերսկսվի ոռոգման սեզոնը, բայց ինչպես տեսնում եք նույն վիճակում ենք, տարիներն անցնում են, բայց մեր խնդիրը չի լուծվում», — ասում է Հարությունը։
Բարվայի պոմպակայանը, որը կառուցվել է 1960-ականներին, տարիներ շարունակ ապահովել է ջրով շուրջ յոթ գյուղերի՝ ներառյալ Խուլգումոն, Կորխը, Թոթխամը, Օրջան, Մաջադիան և Արագվան։ Սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո համակարգը դադարել է գործել, և այդ ժամանակից ի վեր՝ այն չի վերանորոգվել։
Ախալքալաքի սակրեբուլոյի պատգամավոր Շիրվան Շիրինյանի խոսքով՝ համակարգը կարող էր ոռոգել շուրջ 1000-1200 հեկտար հողատարածք, սակայն այժմ այն գրեթե ամբողջությամբ շարքից դուրս է եկել։ Ըստ նրա՝ խնդիրը սրվում է ամեն տարի, իսկ ոչինչ չձեռնարկելու դեպքում վերականգնումն ապագայում գրեթե անհնար կլինի։
«Ջրային պաշարներ ունենք, բայց դրանք չեն օգտագործվում։ Բնակիչները մնացել են առանց ոռոգման ջրի, ոմանք խմելու ջրով բոստան են ջրում, իսկ շատերն ընդհանրապես չեն ջրում։ Բերք չկա՝ չկա նաև եկամուտ», — ասում է Շիրվան Շիրինյանը։
Արտագաղթը դարձել է այս ամենի անմիջական հետևանքը։ Մաջադիա գյուղի բնակիչը, նշում է, որ վերջին տարիներին իրենց գյուղը դատարկվում է, խոպանը պարզապես դարձել է ապրուստի միջոց։
«Ոռոգման ջուրը կյանքի հարց է։ Եթե ջուր չես ունենում, հողը դառնում է անպետք։ Մարդիկ հեռանում են գյուղերից, երիտասարդները չեն վերադառնում։ Ոչ ոք չի ուզում ապրել հողի վրա, եթե այն ոչինչ չի տալիս», — ասում է Մաջադիա գյուղի բնակիչներից մեկը, ով խուսափեց նշել անուն ազգանունը։
Կորխ գյուղի մասնագետ Գառնիկ Ղանդիլյանի խոսքով, Բավրա գյուղի պոմպակայանը կենսական կարևոր նշանակություն ունի գյուղացու համար։
«Այդ պոմպակայանը ոչ միայն մեր, այլ նաև շրջակա գյուղերի համար կենսական կարևոր օղակ է ամբողջ ոռոգման համակարգի համար։ Հարևան գյուղերի բնակիցների հետ մի քանի անգամ ստորագրահավաք ենք կազմակերպել ու դիմել քաղաքապետարան։ Մեր փաստաթղթերը ընդունել են, խոստացել՝ քննարկել, բայց մինչ օրս ոչ մի լուծում չի տրվել։ Ամեն տարի հույսով սպասում ենք», — ասում է Գառնիկ Ղանդիլյանը։
Ախալքալաքի մունիցիպալիտետի տնտեսական զարգացման և գույքի կառավարման ծառայության պետ Մնացական Փամբուխչյանը նույնպես նշում է խնդրի լրջությունը, սակայն աում է, որ լուծումը կախված է մեծ ֆինանսական ներդրումներից։
«Ներկայումս վերանորոգման ծրագիր չկա։ Խողովակների ամբողջ ցանցը պետք է փոխարինվի նորով, նաև պետք է մաքրվեն բոլոր կանալները։ Դա մեծածավալ և ծախսատար աշխատանք է։ Հնարավոր է մոտակա տարիներին ինչ որ քայլեր ձեռնարկվեն», — ասում է Մնացական Փամբուխչյանը։