Ախալքալաքում՝ Զազա Ֆերաձեի անվան նախնական ռազմական պատրաստության կենտրոնում ութ ամսով բանակ զորակոչված 418 զինվորական նորակոչիկ ռազմական երդում է տվել։
Միջոցառումը մեկնարկել է պետական հիմնով։ Երդումից հետո նորակոչիկները արտասանել են զինվորի հավատամքը։
Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել նախնական ռազմական պատրաստության կենտրոնի ղեկավար, գնդապետ Զաքարիա Կալանդաձեն, ով շնորհակալություն է հայտնել նորակոչիկների ծնողներին և հաջողություն մաղթել զինվորներին՝ հայրենիքի առաջ տված ռազմական երդման պատվով կատարելու համար։
Երդման արարողությանը ներկա են եղել նաև նորակոչիկների ծնողները և ընտանիքի անդամները, ովքեր հնարավորություն են ունեցել հանդիպելու իրենց զավակներին և կիսվելու նրանց հետ այս կարևոր պահով։
Երդումից առաջ նորակոչիկներն անցել են երկամսյա նախնական ռազմական պատրաստության (BCT) հատուկ ծրագիր, որը նախատեսված է այն քաղաքացիների համար, ովքեր ութ ամսով զորակոչվել են ազգային զինվորական ծառայության և գրանցվել են կամավոր։ Այդ ընթացքում նրանք ուսումնասիրել են տարբեր ռազմական առարկաներ և զինվորի պարտականությունները, անցել առաջին բուժօգնության, հրաձգության, տակտիկական, շարային և այլ ռազմական թեմաներով դասընթացներ։
Այսօրվանից զինվորները կբաշխվեն տարբեր ստորաբաժանումներում՝ ուսումնական և ռազմական պատրաստության, զորքերի նյութատեխնիկական ապահովման, ինչպես նաև ավիացիայի և հակաօդային պաշտպանության հրամանատարություններում՝ շարունակելով ազգային զինվորական ծառայությունը։ Նրանք կծառայեն մարտական ապահովման և աջակցության ստորաբաժանումներում՝ ամեն երեք օրը մեկ հերթափոխով։ Նրանց ամսական աշխատավարձը կկազմի 635 լարի, իսկ նրանք, ովքեր ծառայության անցել են սեփական ցանկությամբ, կստանան լրացուցիչ 30% հավելավճար։
Այս մասին հաղորդում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։