նորություններ 9 Մայիսի, 2025 • Հաղթանակից 80 տարի անց` ծաղիկներ խոնարհեցին հերոս Վանցյանի հուշարձանին

Այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի օրը Ախալքալաքում ծաղիկներ խոնարհեցին Հայրենական մեծ պատերազմի հերոս Վաչագան Վանցյանի հուշարձանին: Ֆաշիզմի դեմ հաղթանակի օրվանից անցել է ուղիղ 80 տարի:

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Ախալքալաքում հիշեցին միլիոնավոր կյանքեր խլած պատերազմը՝ հավաքվելով Խորհրդային Միության հերոս Վաչագան Վանցյանի հուշարձանի մոտ, որը գտնվում է քաղաքի տոնավաճառի հրապարակում։

mayisi 9-2

Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Ախալքալաքի սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը և տեղական ինքնակառավարման մարմինների այլ ներկայացուցիչներ,պատերազմում զոհվածների հարազատները  և հասարակ ախալքալաքցիները ծաղիկներ խոնարհեցին Վաչագան Վանցյանի հուշարձանին։ Արդեն երեք տարի է մայիսի 9-ի տոնակատարությունն Ախալքալաքում անցնում է առանց վետերանների։

mayisi 9-3

«Ընդհանուր Վրաստանի մասշտաբով կենդանի է մնացել Հայրենական մեծ պատերազմի 50 մասնակից, մեր շրջանում ոչ մի մասնակից չի մնացել։ Այդ մարդիկ կռվել են, պայքարել են իրենց վաղվա օրվա համար, իրենց երեխաների ապագայի համար։ Նրանք սերմնացաններ էին, որոնցից շատերը վերադարձան, շատերն էլ հերոսի մահով ընկան մարտի դաշտում։ Մեկ անգամ ևս հիշենք նրանց և միմյանց շնորհավորենք այս մեծ հաղթանակի կապակցությամբ»,- ելույթի իր խոսքում ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավոր Համլետ Մովսիսյանը։

Միաժամանակ հավելելով, որ պատերազմը չարիք է ցանկացած ժողովրդի համար։

«Եվ այսօր այդ չարքիը շարունակվում է։ Մեր կամեցողությունն է, որ համայն աշխարհում խաղաղություն լինի։ Այսօր, այս դժվարին պայմաններում մեր պետությունն ամեն ինչ անում է, որ երկրում խախաղություն լինի»,- ավելացրեց Համլետ Մովսիսյանը։

mayisi9-1

Ախալքալաքցի պատմաբան, գրող Մկրտիչ Քթոյանի վկայությամբ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել է մոտ 18 000 ախալքալաքցի, նրանց կեսից ավելին զոհվել է։ Ընդհանուր առմամբ՝ Խորհրդային Վրաստանը պատերազմ է ուղարկել գրեթե 700,000 սպայի և զինվորի։ Վրաստանի 137 բնակչի շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում։

Հայրենական մեծ պատերազմը պատմության մեջ մտավ, որպես ամենամասշտաբային և արյունալի հակամարտությունը: Պատերազմում, որը ձգվեց 1941 թվականից մինչև 1945 թվականը, զոհվեց 300 հազար վրացի:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝