Վրաստանի դպրոցներում, հատկապես ավարտական դասարանի աշակերտների համար նախապատրաստական շրջան է։ Նրանք պատրաստվում են միասնական ազգային քննություններին։ Քննությունների գրանցման փուլն արդեն ավարտված է, դիմորդներն արդեն ընտրել են ցանկալի համալսարանները, առարկան, քննության լեզուն և քննության անցկացման ցանկալի քաղաքը։
Այս շրջանը դիմորդներից շատերի համար ուղեկցվում է էմոցիոնալ տարբեր ֆոներով։ Դիմորդներն արդեն սկսել են հաճախել հավելյալ պարապունքների, հատուկ մասնագետների մոտ։ Ոչ վրացալեզու դպրոցներն ավարտած դիմորդները հանձնում են քննություն երկու առարկայից՝ մաթեմատիկա և տրամաբանություն, հետևաբար, պարապում են այդ առարկաների համար։
Հիմնականում, թե՛ շրջանի դիմորդները և թե՛ Ախալքալաքի դիմորդները պարապունքների համար դիմում են քաղաքում աշխատող հատուկ մասնագետների օգնությանը, ովքեր արդեն տարիներ շարունակ պարապում են դիմորդների հետ, և նրանց ուղղորդում են դեպի ուսանողական կյանք։
Մենք խոսեցինք մասնագետներից մեկի հետ, ով տարիներ շարունակ պարապում է դիմորդների հետ, և հետաքրքրվեցինք, ըստ իր կարծիքի, հնարավո՞ր է համալսարան ընդունվել և ուսումը շարունակել անվճար, առանց պարապունքների հաճախելու։
Նա պատասխանեց․ «Չեմ կարող ասել, պատահականություն հնարավոր է հազարից մեկ լինել։ Չի կարող պատահել, որ չպարապեն ու հանկարծ ընդունվեն անվճար»։
Ուսուցիչը նշեց, որ դպրոցական դասագրքերը և քննությանը հանդիպող հարցերն այդքան էլ չեն համապատասխանում իրար։ Համապատասխանություն, ըստ մասնագետի, կա միայն տարրական հարցերի մեջ։
Համալսարան չընդունվելու վախը շատ դիմորդների դրդում է մտածել, որ առանց պարապունքների հաճախելու հնարավոր չէ ընդունվել, և այն էլ՝ անվճար։ Բայց, կան երիտասարդներ, ովքեր ընդունվել են համալսարան, առանց անհատական պարապունքների հաճախելու։
Ալվարդ Մարտիրոսյանը հիմա սովորում է Թբիլիսիի պետական Բժշկական համալսարանում, 5-րդ կուրսում։ Նա դպրոցն ավարտել է 2019 թվականին և նույն տարում հանձնելով միասնական ազգային քննություններ ընդունվել է համալսարանի նախապատրաստական կուրս՝ անվճար և մինչ օրս էլ շարունակում է ուսումն անվճար համակարգում:
Ալվարդը դպրոցն ավարտել է գերազանց առաջադիմությամբ։ Ինչպես բոլորի համար, այնպես էլ Ալվարդի, դիմորդ լինելու ժամանակահատվածն ուղեկցվել է որոշակի դժվարություններով։ Բայց նա չհուսահատվելով և իր ուժերի վրա վստահ լինելով շարունակել է ինքնուրույն պարապել։ Ալվարդն ուներ հստակ նպատակ՝ ընդունվել բժշկական համալսարան և սովորել անվճար։
«Քննությունները ձախողելու միտքը ստիպում է, որ սկսես թերագնահատել ունեցած գիտելիքներդ, և ավելորդ լարվածության և վախի աղբյուր է հանդիսանում։ Լինելով գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտուհի, քաջատեղյակ էի իմ և՛ ուժեղ, և՛ թույլ կողմերին, ուստի որոշեցի եղած բացերը շտկել ինքնուրույն։ Չնայած նրան, որ տարածված տենդենց կա ԲՈՒՀ ընդունվելու համար լրացուցիչ պարապունքների հաճախել։ Իմ շրջապատում բոլորը հաճախում էին, ինքս անընդմեջ տարբեր մարդկանց կողմից լսում էի խորհուրդներ, որ սխալ եմ վարվում և գուցե չկարողանամ ընդունվել, քանի որ դպրոցի տված գիտելիքները բավարար չեն։ Ինքս այդպես չէի համարում, բայցևայնպես նախորդ տարիների դիմորդների փորձը իմանալով տարակուսանք կար»,- պատմեց Ալվարդը։
Նա նշեց, որ սկզբում կոնկրետ հաճախականությամբ չի պարապել, բայց հետո, երբ մոտեցել է քննական շրջանը, ավելի շատ ժամանակ և ռեսուրս է տրամադրել։ Վերջում, Ալվարդի ինքնուրույն աշխատանքը և 2 առարկայի միաժամանակ պարապելը տվել է սպասելի արդյունքը և նա ընդունվել է համալսարան։ Նա հավաքելով բարձր բալեր 100% դրամաշնորհ է ստացել։
Վերջին 2-3 տարիների ընթացքում, ուսանողների շրջանում քննարկվում է նաև այն թեման, որ ընդունելության քննության հարցաշարը հեշտացվել է, և ըստ այդմ՝ դիմորդների քանակն զգալիորեն ավելացել է։ «Հին» ուսանողները հաճախ են ասում, որ դիմորդների քանակի զգալի աճը պայմանավորված է հենց դրանով, որ քննական հարցաշարը հեշտացվել է։
Այս թեմայով ախալքալաքցի մասնագետն ասաց․ «Ընդունելության քննության թեստերը համեմատած հեշտացել են։ Աշակերտների քանակը շատացել է, որովհետև արդեն մարդիկ մտածում են, որ պետք է սովորեն պետական լեզուն, այսպես՝ համ պետական լեզուն են սովորում, համ էլ բարձրագույն կրթություն են ստանում»։