Օրջա գյուղում, որը գտնվում է Ախալքալաքի մունիցիպալիտետում, երեխաները շարունակում են մեծանալ առանց խաղահրապարակի։ Տարիներ շարունակ գյուղի բնակիչները բարձրաձայնում են այս խնդրի մասին, սակայն մինչ օրս խնդրին լուծում չի տրվել։ Ազատ հողամասերը դարձել են ժամանակավոր խաղատեղիներ:
Ծնողներն անհանգստացած են իրենց երեխաների անվտանգության համար։
«Տեսեք ամեն գյուղում, նույնիսկ փոքր բնակավայրերում, ունեն գոնե մի փոքր խաղահրապարակ երեխաների համար։ Իսկ Օրջայում ոչինչ չկա, ուզում եք ամբողջ Վրաստանում նայենք միայն մեր գյուղում է այս վիճակը», — ասում է Օրջա գյուղի բնակիչ Մելսիկ Մկոյանը։
Օրջայում չկա ոչ մի ճոճանակ, սղարան կամ նույնիսկ հարմարավետ նստարան երեխաների համար։ Փոքրիկները ստիպված են խաղալ ավտոճանապարհների կողքին։ Բնակիչները վստահեցնում են, որ երկար ժամանակ է իրավիճակն այսպիսին է։
«Երբ փոքրիկս դուրս է գալիս խաղալու, ես մշտապես անհանգիստ եմ։ Գյուղում չկա որևէ կառույց, ուր երեխաները կարող են անվտանգ խաղալ։ Մի քանի տարի առաջ կառուցեցին ու մինչև օրս ոչ մի սարքավորանք չկա, գոնե մի ճոճանակ լինի երեխաների համար, ինչու մնացած գյուղերում կա մանկական խաղահրապարակ մեր գյուղում չկա», — ասում է մեկ այլ բնակիչ:
Օրջա գյուղում Ախալքալաքի քաղաքապետի ներկայացուցիչի Ռոբերտ Արևյանն ասաց․
«Մեր գյուղին ամեն տարի հատկացվում է 16 000 լարի, խնդիրները լուծելու նպատակով: Գյուղի մանկական այգին ևս կառուցվել է այդ միջոցներով, սակայն գյուղացիները բավարար ուշադրություն չեն դարձնում եղածին և մեծ տարիքի երեխաները մտնում են այգի և ջարդում։ Եթե եղածին նայեին հիմա այս վիճակը չէր լինի մանկական խաղահրապարակում»:
Այս տարվա Օգնություն գյուղին ծրագրի գումարը հատկացրել են գյուղի բնակիչների համար նստելավայր կառուցելուն։ Մանկական խաղահրապարակը վերանորոգելու ծրագիր չունեն։
«Ապագայի համար կարող եմ ասել, որ մանկական խաղահրապարակի կողքը ֆուտբոլի դաշտ պետք է կառուցվի։ Եթե գումարը բավականացնի մանկական խաղահրապարակը նույնպես կվերանորոգենք», — հավելեց Ռոբերտ Արևյանը: