նորություններ 7 Մայիսի, 2025 • Ախալքալաքի նոր մանկապարտեզի համար մունիցիպալիտետը կահույք է գնում

2025 թվականի բյուջեում կատարված փոփոխությունների արդյունքում, նոր մանկապարտեզի համար, Ախալքալաքի մունիցիպալիտետը տեղական բյուջեից 76 000 լարի է հատկացրել կահույք և այլ անհրաժեշտ պարագաներ գնելու համար։ Մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերին։

Ախալքալաքի նոր մանկապարտեզին անհրաժեշտ է կահույք անձնակազմի և երեխաների համար, ինչպես նաև տարբեր այլ անհրաժեշտ իրեր՝ սեղաններ, աթոռներ, պահարաններ և խոհանոցային պարագաներ:

Մահճակալներ չեն գնվելու, քանի որ երեխաների ցերեկային քունը չեղարկվել է։ Դրա շնորհիվ նոր մանկապարտեզում կձևավորվի 6 խումբ՝ 3-ի փոխարեն։

Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանի խոսքով, նրանք մտադիր են, քաղաքի մանկապարտեզների վերանորոգման պատճառով, Կումուրդո և Չունչխա գյուղերի մանկապարտեզներ հաճախող երեխաներին տեղավորել նոր մանկապարտեզում։ Նրանք ընդամենը 60-ն են։

«Մենք ամեն ինչ կպատվիրենք, բացի մահճակալներից։ Կահույք՝ մենեջերի, խմբակների, խոհանոցի համար։ Շենքը դեռ չի շահագործվել, բակում աշխատանքներ են ընթանում, սալահատակն են տեղադրում։ Գնումից հետո ամեն ինչ կտեղադրենք, մինչ խոհանոցում գազօջախները միացնենք, մեզ մեկ-երկու ամիս կպահանջվի, հետո ամառային արձակուրդները կսկսվեն, ու կսկսենք սեպտեմբերի 15-ից», — ասաց Անահիտ Ասատուրյանը։

Կահույքի գնման համար մունիցիպալիտետի կողմից հատկացված գումարը կազմում է 76 000 լարի։ Մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերին։

Անահիտ Ասատուրյանի խոսքով, նորաբաց մանկապարտեզի համար նոր դաստիարակներ և դայակներ չեն ընդունի։

«Մեր դաստիարակները, ովքեր այժմ աշխատում են գյուղական մանկապարտեզներում, նրանք կաշխատեն այս նոր մանկապարտեզում», — հավելեց Անահիտ Ասատուրյանը։

Քաղաքի մանկապարտեզների վերանորոգման պատճառով, Միավորման տնօրենի խոսքով, 78 աշխատող աշխատում է Բարալեթ, Կումուրդո, Խուլգումո, Դիլիսկա, Չունչխա, Կուլիկամ գյուղերում։

Ախալքալաքի նոր մանկապարտեզի բացումից հետո բոլորը կաշխատեն այս մանկապարտեզում։

Շինարարությունն իրականացնում է «IKB Build» ընկերությունը՝ 1 657 000 լարիով։ Միջոցները հատկացվել են Մունիցիպալ զարգացման հիմնադրամի կողմից։

Նշենք, որ Ախալքալաքի նոր մանկապարտեզի շահագործման հանձնումը մի քանի անգամ հետաձգվել է։ Մարտի սկզբին շինարարական ընկերության ներկայացուցիչ Կախա Գերգեդավան Jnews-ին տված հարցազրույցում ասաց, որ մնացել է միայն ճոճանակների տակ ռետինե սալիկներ տեղադրել և բակի սալահատակը նորից դնել, քանի որ դրանք տեղադրվել են ցուրտ եղանակին, ուժեղ ցրտահարություններից վնասվել են, և որ նրանք դա կանեն, հենց որ եղանակը տաքանա։ Այնուհետև, ապրիլի 23-ին, ընկերության աշխատակիցը վստահեցրեց, որ աշխատանքները մեկ շաբաթից ավել չեն տևի։ Սակայն, մայիսի 6-ի դրությամբ, շենքը դեռևս շահագործման չի հանձնվել։

Ակնկալվում է, որ մոտ օրերս կավարտվեն բոլոր բարեկարգման աշխատանքները, որից հետո շենքը պաշտոնապես կհանձնվի շահագործման։ Մունիցիպալիտետը հույս ունի, որ նոր ուսումնական տարվա սկզբին՝ սեպտեմբերի 15-ին, Ախալքալաքի նոր մանկապարտեզը իր դռները կբացի երեխաների առջև։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝