Նինոծմինդայում, Փարվանա գետի վրա ՀԷԿ (հիդրոէլեկտրակայան) կկառուցվի։ «Արակալի» ՍՊԸ-ն օգտագործելով Փարվանա գետի բնական հոսքը 4.4 ՄՎտ հզորությամբ ՀԷԿ կկառուցի։ Ըստ նախագծի՝ Փարվանա գետի հունի վրա ցածր բարձրությամբ ամբարտակ, ջրընդունիչ կառույցներ և ամբարտակի շահագործման համար անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներ կկառուցվի: Ջուրը ակունքներից ՀԷԿ-ի շենքեր կմատակարարվի շեղող-ճնշումային խողովակաշարով: Շինարարության համար նախատեսված է 25 ամիս։
«Արակալի» ընկերության 75%-ը պատկանում է ամերիկյան ՍՊԸ Լոնգշիպ Էներջիին, իսկ 25%-ը՝ Վախտանգ Բարբաքաձեին: «Արակալի ՀԷԿ» նախագծի իրականացումը նախատեսվում է Նինոծմինդայի մունիցիպալիտետում՝ Սաթխայի համայնքի Մեծ Արագյալ գյուղի և Սաղամո լճի մոտակայքում, Փարվանա գետի կիրճում: Առաջարկվող «Արակալի ՀԷԿ»-ը փոքր հզորության է լինելու, որը գործելու է Փարվանա գետի բնական հոսքի վրա: «Արակալի ՀԷԿ»-ի տեղադրված հզորությունը 4.4 ՄՎտ է լինելու, իսկ էլեկտրաէներգիայի կանխատեսվող արտադրությունը՝ 24.03 միլիոն կՎտ/ժ։
Ամենամոտ բնակելի տունը գտնվում է Փոքր Արագյալ գյուղում, 1200 մետր հեռավորության վրա դեպի հյուսիս-արևմուտք, իսկ Մեծ Արագյալ գյուղի ամենամոտ բնակելի տունը գտնվում է 1350 մետր հեռավորության վրա՝ դեպի հարավ-արևմուտք։
Նախատեսվող «Արակալի ՀԷԿ»-ի կառուցումն ապահովելու համար Նինոծմինդայի մունիցիպալիտետում՝ Սաթխա գյուղի մոտակայքում, կկազմավորվեն երկու շինարարական ճամբարներ։Նկարում պատկերված է ՀԷԿ-ի կառուցման և տեղակայման ծրագիրը
Փարվանա գետում ձկներին վնաս հասցնելու ռիսկը նվազագույնի հասցնելու համար նախատեսվում է ՀԷԿ-ի ջրընդունիչներում տեղադրել ձկնաբուծարան։
«Արակալի ՀԷԿ»-ի ենթակառուցվածքային կառույցների տեղակայման տարածքներն ընտրելիս նախապատվությունը տրվել է կենսաբազմազանությամբ չառանձնացող տարածքներին։
Այս թեմայով Մեծ Արագյալ գյուղում, մի քանի անգամ անցկացվել են հանդիպումներ։ Հանրային քննարկմանը մասնակցել են բնապահպանական տեղեկատվության և կրթության պետական կենտրոնի, շրջակա միջավայրի պահպանության պետական ազգային գործակալության, կատարող՝ ՍՊԸ «Արակալի», խորհրդատվական ընկերության ՍՊԸ «Էկոլոգիական գնահատման խմբի» ներկայացուցիչները, ինչպես նաև Նինոծմինդայի քաղաքապետարանի ներկայացուցիչներ և հետաքրքրված հասարակությունը։ Հանդիպման մասնակից Մասիս Վարդանյանը, ով Փոքր Արագյալ գյուղում քաղաքապետի ներկայացուցիչն է, ասաց․
«Ձմեռային շրջանում մի քանի հանդիպում անցկացրեցին, ժողովուրդը տեղյակ է, բայց այդպես էլ դեռ չեն եկել։ Նրանք բացատրեցին, որ վնաս բոլորովին չեն տա, այսինքն՝ մարդիկ մտածում էին, որ ջուրը պետք է տանեն, բայց ջուրը մնում է տեղում, ջուրը չեն տանի, ջուրը ինքնահոս նորից կգա, գյուղի միջից կանցնի։ Հանդիպում էինք հիմնականում Մեծ Արագյալում, ես էլ այստեղից էի գնում ու հետս էլ տանում էի մարդկանց։ Հիմա էլ տեղյակ չենք, թե ինչի չեն եկել, թե երբ կգան և երբ կկառուցեն»։
Նա նաև հավելեց, որ հանդիպման ժամանակ ասել են, որ շինարարական աշխատանքները սկսելուն են գարնանը։
Պետական և մասնավոր գործընկերության գործակալության պաշտոնական կայքէջում նշված է․
«Նախագիծը կնպաստի երկրի էներգետիկ անկախության և անվտանգության բարելավմանը: Նախագծի իրականացումը կնպաստի երկրում օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և պետական բյուջեում լրացուցիչ միջոցների մոբիլիզացմանը: Այս նախագծի միջոցով նախատեսվում է վերականգնվող էներգիայի ոլորտում ներդնել մոտ 9.77 միլիոն ԱՄՆ դոլար: Բացի այդ, պետք է հաշվի առնել անուղղակի դրական ազդեցությունները՝ տնտեսական աճի խթանման և շրջակա միջավայրի վրա դրական ազդեցության տեսքով: Նախագծի ընթացքում պետական բյուջեն տարեկան կստանա մոտ ~ 97,700 ԱՄՆ դոլար՝ գույքահարկի տեսքով։ Նախագիծը կնպաստի ՄԱԿ-ի մի շարք կայուն զարգացման նպատակների իրականացմանը, այդ թվում՝ աղքատության վերացում, մատչելի և մաքուր էներգիա, տնտեսական աճ և արժանապատիվ աշխատատեղեր, արդյունաբերություն, նորարարություն և ենթակառուցվածքներ, պատասխանատու սպառում և արտադրություն, կլիմայի փոփոխության մեղմացում և նպատակներին հասնելու գործընկերություններ։ Նախագիծը հիմնականում կաշխատեցնի Վրաստանի քաղաքացիներին՝ թե՛ շինարարության, թե՛ շահագործման փուլերում, ինչը կնպաստի տեղական տնտեսության և սոցիալական իրավիճակի բարելավմանը»։
Ինչպես նշեց Փոքր Արագյալ գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Մասիս Վարդանյանը, դեռ աշխատանքները չեն սկսվել և շինարարությունը կատարող գործակալությունը դեռևս ոչ մի տեղեկություն չի տարածել աշխատանքները սկսելու ժամկետների վերաբերյալ։
Լուսանկարը՝ Jnews-ի արխիվից