Այս տարվա հունվարի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց հրամանագիր, որով 90 օրով կասեցվեցին բոլոր օտարերկրյա օգնության ծրագրերը։ Ժամանակավոր կասեցման պաշտոնական նպատակն է ստուգել դրանց համապատասխանությունը ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքական նպատակներին։ Արդյունքում, ԱՄՆ աջակցության շնորհիվ գոյություն ունեցող բազմաթիվ ծրագրեր պարզապես դադարեցին գործել, այդ թվում՝ Ջավախքում, և միայն մեկ ծրագրի ֆինանսավորումը վերականգնվեց։
Վերջնականապես փակվածները
Ապրիլի սկզբին հայտնի դարձավ, որ «GIPA MEDIA LAB»՝ «Մուլտիմեդիա հմտություններ բազմամշակութային հասարակության համար» ծրագրի ֆինանսավորումը վերջնականապես դադարեցվել է։
GIPA MEDIA LAB դասընթացները նախաձեռնվել և անցկացվել են Վրաստանի Հանրային գործերի ինստիտուտի (GIPA) կողմից՝ Վրաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։ 2016 թվականից ի վեր, Ախալքալաքում և Նինոծմինդայում յուրաքանչյուր երկրորդ շաբաթ ու կիրակի օրերին անցկացվում էին լրագրության, կինոարտադրության և սոցիալական մեդիայի դասընթացներ, որոնց մասնակցում էին ինչպես այս քաղաքների, այնպես էլ հարևան գյուղերի դպրոցականներ։
Դասընթացներն անվճար էին։ Ծրագրի շրջանակներում ամեն տարի լավագույն ուսանողների միջև խաղարկվում էին մրցանակներ, իսկ երկու շրջանավարտներ հնարավորություն էին ստանում չորս տարի անվճար սովորելու GIPA-ում։
«GIPA MEDIA LAB» ծրագրի նպատակն էր մարզերի երիտասարդներին գիտելիքներ փոխանցել հաղորդակցման, կինոյի, սոցիալական մեդիայի և ձեռներեցության, ինչպես նաև մեդիա գրագիտության վերաբերյալ, որոնք ժամանակակից աշխարհում կարևոր են բոլոր մասնագիտությունների համար։ Դասընթացներն անցկացվում էին նաև Քվեմո Քարթլիի շրջանում։ Դասընթացները ներկայումս դադարեցված են։ Ամեն տարի Ջավախքից շրջանավարտ լինում էր մոտ 30 երեխա։ Նախագծի գոյության ողջ ընթացքում մոտ 15 երիտասարդ հնարավորություն է ունեցել ընդունվել Վրաստանի հեղինակավոր համալսարաններից մեկը՝ GIPA։
Վերջնականապես փակվեց նաև Ախալքալաքի բիզնես-անգլերենի ծրագիրը, որին մասնակցում էր 60 հոգի։ Նախագիծն իրականցվել է USAID-ի ֆինանսավորմամբ և UNAG-ի հետ համագործակցությամբ։ Այս դասընթացներն անցկացվում են UNAG-ի հովանու ներքո ստեղծված Երիտասարդական կենտրոնների, այդ թվում՝ Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնի բազայով և նրանց հետ համագործակցությամբ։
Դասընթացի նպատակն է զարգացնել երիտասարդների լեզվական հմտությունները՝ բիզնես բովանդակության վերաբերյալ ուսուցման միջոցով։ Այս դասավանդման մեթոդը համատեղում է ձեռներեցության կրթությունը և բիզնես անգլերենը՝ օգնելու երիտասարդ շահառուներին առաջ շարժվել իրենց կարիերայում կամ անձնական զարգացման մեջ բիզնեսում։
Ֆինանսավորումը վերսկսվել է
Վերջերս հայտնի դարձավ, որ վերսկսվել է ACCESS (Անգլերեն լեզվի մատչելիության կրթաթոշակային ծրագիր) ծրագիրը, որը ֆինանսավորվում էր Վրաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից։ Անցյալ տարի ծրագիրը նշեց իր 20-ամյակը ամբողջ աշխարհում։ Վրաստանում ACCESS-ը գործում է 2010 թվականից՝ ընդգրկելով 26 բնակավայր։ Ախալքալաքում այս ծրագրի շրջանակներում անվճար անգլերեն էր սովորում 30 երեխա։ Այս ծրագիրը շարունակվում է նաև Նինոծմինդայում։
Ծրագրերը փակ են, բայց կազմակերպություններն աշխատում են
Նինոծմինդայի երիտասարդական կենտրոնը Նինոծմինդայում ակտիվորեն գործում է 2004 թվականից: Դրա ծրագրերն ու նախագծերը նպաստում են տեղի երիտասարդության ինտեգրմանը հասարակությանը և զարգացմանը հմտություններ ու կարողություններ: Այստեղ երիտասարդները մասնակցում են տարբեր վերապատրաստումների, սովորում են անգլերեն, անցնում են բիզնես դասընթացներ տարբեր ծրագրերի շրջանակներում, սովորում են նախագծեր գրել, մասնակցում են դրամաշնորհային մրցույթների, հնարավորություն են ստանում բացել իրենց սեփական փոքր բիզնեսը, զարգացնել այն առանց հայրենի քաղաքը լքելու և օգուտ բերել տեղական համայնքին։
2022 թվականի հոկտեմբերին երիտասարդական կենտրոնում մեկնարկել է USAID-ի կողմից ֆինանսավորվող և UNAG-ի կողմից իրականացվող «Միասնությունը բազմազանության մեջ է» նոր հնգամյա նախագիծը։ Դրա գլխավոր նպատակն էր ցույց տալ, որ Ջավախքի բնակիչները երկրի հավասար և լիարժեք քաղաքացիներ են։ Ավելի քան 1500 մարդ անցել է այս կազմակերպության ծրագրերով։ Սակայն «Միասնությունը բազմազանության մեջ է» ծրագիրը այդպես էլ չվերսկսվեց։ Այնուամենայնիվ, Երիտասարդական կենտրոնը գործում է կամավորական հիմունքներով։ Կազմակերպությունն այս ամռանը պլանավորում է ամառային ճամբար կազմակերպել։
Ախալքալաքի մեծահասակների կրթության կենտրոնը գործում է 2009 թվականից, որի գործունեության զգալի մասը ֆինանսավորվում է Միացյալ Նահանգներից։ Այս ընթացքում շատ բնակիչներ կարողացել են հաճախել անգլերենի, ռուսերենի և վրացերենի, ինչպես նաև տրամաբանության դասընթացների։ Այստեղ սովորել են նաև ուսուցիչներ և հաշվապահներ՝ քննություններին նախապատրաստվելու նպատակով։ Բնակիչները տիրապետել են համակարգչային հմտություններին, խոհարարությանը, տոնական սեղանները զարդարելու արվեստին (ֆուրշետ, քարվինգ) և շատ ավելին։
Կենտրոնը տրամադրել է անվճար իրավաբանական օգնություն և գյուղատնտեսական խորհրդատվություն։ Իրականացվել է «Սամցխե-Ջավախքի մշակութային ժառանգության պահպանում» նախագիծը, որի նպատակն է եղել զբոսաշրջության զարգացումը և տեղական արհեստների վերականգնումը։ Սա Ախալքալաքում կենտրոնի գոյության տարիների ընթացքում իրականացված նախագծերի միայն մի մասն է։ Հազարավոր բնակիչներ այստեղ ստացել են իրենց կրթությունը։ Անցկացվել են հանդիպումներ և վերապատրաստումներ՝ տարբեր թեմաներով։
ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերը չեն վերսկսվել, սակայն կենտրոնը գործում է գերմանական հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Սակայն կազմակերպության ջեռուցման խնդիրը մնում է չլուծված՝ այն վճարվել է ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերով։ Միևնույն ժամանակ, ինչպես հայտնի է, Ախալքալաքում ջեռուցման կարիք կա տարեկան 6 ամիս։
Ֆինանսավորման հետ կապված խնդիրներից բացի, շատ քաղաքացիական և հասարակական կազմակերպություններ օրենսդրական մակարդակում բախվում են այլ, ավելի բարդ խնդիրների։ Վրաստանի իշխանությունները մի շարք օրենքներ են ընդունել, որոնք սահմանափակում են նման կազմակերպությունների գործունեությունը, որոնք աշխատել և շարունակում են աշխատել հօգուտ Ջավախքի բնակչության։