նորություններ 6 Մայիսի, 2025 • Այսօր Խանդո գյուղում նշեցին Ծռատոնը

Այսօր Խանդո գյուղում մեծ շուքով նշվեց Ծռատոնը։ Խանդոյի Սուրբ Գևորգ եկեղեցին, որը տեղացիները կոչում են «Ծռատոնի վանք», հանդիսանում է տոնի գլխավոր ուխտավայրը։ Նաև կայացավ նոր մանկական խաղահրապարակի բացումը:

Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղի բնակիչները վաղ առավոտից ուխտի են գնում Սուրբ Գևորգի անունը կրող եկեղեցի և խնդրում սրբի բարեխոսությունն իրենց մերձավորների համար:

Ամեն տարի մայիսի 6-ին գյուղ են այցելում մարդիկ Ջավախքի տարբեր բնակավայրերից՝ մասնակցելու ծիսական արարողություններին, մոմավառությանը և տոնական միջոցառումներին։

Տոնախմբության կազմակերպման պատասխանատվությունը  ստանձնում են գյուղի հանրային դպրոցի ավարտական դասարանի շրջանավարտները, ովքեր ապահովում են ուրախ մթնոլորտ՝ երգով, պարով և խնջույքով:

IMG_9984

Խանդո գյուղում Ախալքալաքի քաղաքապետի ներկայացուցիչ Աշոտ Սահարյանը շնորհակալություն հայտնեց՝ այն մարդկանց, ովքեր հազարավոր կիլոմետրեր են անցել, որպեսզի ներկա լինեն Ծռատոնի միջոցառմանը:

«Խանդոցիները տարիներ անց հավաքվում են այստեղ միմիանց տեսնելու համար։ Այսօր մեր գյուղում կբացվի նոր մանկական խաղահրապարակ, որ կառուցվել է Սեյրան Թորոսյանի շնորհիվ:

Գյուղի կենտրոնում կա փոքրիկ գերեզմանատուն, որտեղ հանգչում են մանկահասակ երեխաները։ Այսօր արդեն տարածքը ցանկապատված է, շնորհիվ մեր գյուղի բարերար Հովիկ Սպերցյանի։ Չեմ ուզում անուն առ անուն շնորհակալություն հայտնել մեր գյուղի բարերարներին քանզի նրանք շատ-շատ են», — իր խոսքում ասաց Աշոտ Սահարյանը։

IMG_9973

Ավանդույթ է դարձել, որ Ծռատոնի օրը 7 անգամ անձրև է գալիս։ Տեղացիներն ասում են, որ այս օրն առանձնահատուկ է, ինչ-որ բան անելիս պետք է շատ զգույշ լինել, հատկապես պետք է զգույշ լինեն նրանք, ովքեր տանը հղի կին ունեն։

«Այս ավանդույթը մեզ փոխանցվել է մեր ավագ սերնդից: Այս օրը հղի կանայք չպետք է կատարեն որևէ աշխատանք, հատկապես՝ կտրելու, ծակելու կամ փորելու գործողություններ, քանի որ դա կարող է բացասաբար ազդել դեռ չծնված երեխայի վրա։ Եթե այս արգելքը խախտվում է, ապա խորհուրդ է տրվում գարի ցանել՝ մեղքը «բարեխոսելու» համար», — ասաց Խանդո գյուղի բնակիչ Վարդան Նուրջանյանը։

Խանդո գյուղի բնակիչների համար Ծռատոնը ոչ միայն կրոնական կամ ժողովրդական տոն է, այլ նաև համայնքային ինքնության և համախմբման խորհրդանիշ։

«Տարբեր վայրերում ապրող խանդոցիներն այս օրը վերադառնում են գյուղ, հանդիպում միմյանց։  Անցած տարի մեր դասարանցիները 47 տարի անց հավաքվել էինք Ծռատոնի ժամանակ», — պատմեց Խանդո գյուղի բնակիչ Գագիկ Գրիգորյանը։

IMG_9974

Սրբավայրի բուժիչ ուժը

Վանքի անցքը: Վանքի ներսում գտնվող հատուկ անցքից յոթ անգամ երեխային անցկացնելը համարվում է բուժիչ՝ հատկապես խոսքի խնդիրներ ունեցող երեխաների համար։

Ծծմարի ավազան

Կրծքի ցավ ունեցող կանայք այցելում են այս ավազան՝ հավատալով դրա բուժիչ հատկություններին։

Քարե խոյերը

Վանքի տարածքում գտնվող երկու քարե խոյերից մեկը, որի գլուխն առանձնացված է, համարվում է մայրանալու ցանկություն ունեցող կանանց համար բարեխոս։ Նրանք նստում են այդ խոյի վրա՝ աղոթելով երեխա ունենալու համար։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝