Գյուղացիները բողոքում են, որ աղբամաններ են տեղադրված միայն կենտրոնական ճանապարհին և այն էլ քիչ քանակությամբ։ Արագվա գյուղում քաղաքապետի ներկայացուցիչը վստահեցնում է, որ շուտով աղբամանների քանակը կավելացնեն։
Ախալքալաքի մունիցիպալիտետի Արագվա գյուղում ընդամենը 5 աղբաման է տեղադրված, որը բավարար չէ ամբողջ գյուղի համար։
«Գյուղի մի ծայրից ստիպված բերում եմ, որ աղբը աղբամանը գցեմ։ Բնակիչների մի մասը մեքենայով է բերում, իսկ մյուս մասը՝ ստիպված ձեռքով է բերում։ Գնում ես մյուս գյուղ 100 մետրի վրա մի աղբաման է տեղադրված։ Ծիսական արարողւոթյունների տան կողքին սկզբում մի աղբաման կար, հիմա էլ չկա, ի՞նչ արեցին, ո՞ւր տարան, ոչ ոք չգիտի, գոնե աղբամանների թվաքանակը ավելացնեն», — ասաց Արագվա գյուղի բնակիչ Վիլեն Արոյանը։
Արագվայում Ախալքալաքի քաղաքապետի ներկայացուցիչ Ղազարոս Ունանյանը Jnews-ի հետ զրույցում վստահեցրեց, որ այս տարի գյուղում աղբամանների քանակը կավելացվի և աղբահանության խնդիրը կլուծվի։
«Այս տարի մեր գյուղը կունենա նոր աղբամաններ, մոտավորապես 15-20 աղբաման կտեղադրվի գյուղամիջյան ճանապարհի տարբեր հատվածներում։ Ամենաանհրաժեշտ տեղերից է խանութի և ծիսական արարողությունների տան մոտ։ Գլխավոր ճանապարհին աղբամաններ տեղադրված են, բայց դրանք մեր գյուղի համար չեն դրանք ճանապարհի համար է դրված», — ասաց Ղազարոս Ունանյանը։
Ընդգծենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետն այս տարի նախատեսում է 200 000 լարիի չափով նոր աղբամաններ գնել։ Այսպիսով քաղաքապետարանը վերջնականապես կլուծի մունիցիպալիտետում աղբամանների պակասի խնդիրը։
Ախալքալաքի Սպասարկման կենտրոնն անցած տարի 246 աղբաման է գնել և տեղադրել քաղաքում և գյուղերում։ Դրանք տեղադրվել են ինչպես այն բնակավայրերում, որտեղ դրանք ընդհանրապես չեն եղել, այնպես էլ այն վայրերում, որտեղ զգացվել է դրանց պակասը։