Jnews-ը Ախալքալաքի մունիցիպալիտետի Արագվա գյուղ այցի ժամանակ պարզեց, որ գյուղի տարեցները ոչ միայն հետաքրքրված չեն, այլև անտեղյակ են մայրաքաղաքում ընթացող ցույցերի մասին։
Գյուղի կենտրոնում հավաքված միջին տարիքի և տարեց տղամարդիկ նարդի ու դոմինո են խաղում։ Jnews-ը մոտեցավ ու հետաքրքրվեց, Արագվայում մարդիկ տեղյակ են, որ մայրաքաղաք Թբիլիսիում ցույցեր են ընթանում, ինչի՞ համար են մարդիկ փողոց դուրս եկել և այլն։ Պարզվեց, որ տարեցները գրեթե չեն հետևում մայրաքաղաքում ինչ է կատարվում: Նրանք նույնիսկ չուզեցան շարունակել այս թեմայով խոսել, փոխարենը առաջարկեցին խոսել իրենց անհանգստացնող խնդիրների մասին:
Քառասունին մոտ միայն մի տղամարդ Արագվայում չխուսափեց պատասխանել մեր հարցերին։ Նա ամենօրյա ռեժիմով հետևում է երկրում ընթացող իրադարձություններին։
«Ամեն օր կարդում եմ նորությունները, հետևում թե ի՞նչ է կատարվում Թբիլիսիում։ Այստեղ ենք ապրում, ինչպես կարող ենք չհետևել մեր երկրում տիրող իրավիճակին։ Հիմնականում տեղական լրատվամիջոցներից եմ տեղեկություն ստանում», — ասաց Արագվա գյուղի բնակիչ Ռուդիկ Թուրվանդյանը:
Հետաքրքրական է, որ գյուղի խնդիրների մասին խոսելիս առաջինը իրար հերթ չտալով տարեցներն են խոսում, հերթ չտալով երիտասարդներին։
Այստեղ կարևորում են գիշերային լուսավորության, աղբահանության և քարուքանդ ճանապարհների խնդիրները։
«Գյուղամիջյան ճանապարհի հարցն ամենակարևորն է, կամ ասֆալտապատեն կամ գոնե հարթեցնեն։ Ինչպես տեսնում եք ոչ մեկը չեն անում, ճանապարհը գտնվում է ծայրահեղ վատ վիճակում՝ լցված բազմաթիվ փոսերով, խիճով ու ցեխով, իսկ անձրևային և ձմեռային եղանակներին ճանապարհը դառնում է գրեթե անանցանելի», — ասում է գյուղի բնակիչներից Սիրական Ունանյանը:
Արագվայում մինչ օրս չի լուծվել նաև գիշերային լուսավորության խնդիրը։
«Անցած տարի գյուղի մի մասում լուսավություն անցկացրեցին, հիմա գյուղի կեսը լուսավորված է, մյուս կեսը՝ ոչ։ Ամեն գործ մեր գյուղում կիսատ է արված, գոնե լուսավորության հարցը լուծեն։ Գլխավոր ճանապարհը նույնպես լուսավորված չէ», — ասաց գյուղի տարեց բնակիչներից մեկը, ով խուսափեց նշել անուն ազգանունը:
Արագվա գյուղում Ախալքալաքի քաղաքապետի ներկայացուցիչ Ղազարոս Ունանյանը գյուղի խնդիների մասին ասաց․
«Անցած տարվա և այս տարվա «Օգնություն գյուղին» ծրագրով գումարը հատկացրել ենք լուսավորությանը։ Այս տարի լուսավորությունը վերջնական փուլին հասցնելու համար պատրաստվում ենք 30 000 լարի հատկացնել։ «Օգնություն գյուղին» ծրագրի գումարը կազմում է 16 000 լարի, մնացած գումարը տեղական բուջեից են հատկացնելու։ Այս ծրագիրն իրականացնելուց հետո մեր գյուղում 95% կլուծվի լուսավորության հարցը։ Ին վերաբերում է ճանապարհի խնդրին, ապա ամեն տարի գյուղամիջյան ճանապարհները հարթեցվում են», — ասում է Ղազարոս Ունանյանը։