Ախալքալաքի մունիցիպալիտետի մի շարք գյուղերում արդեն սկսվել է կարտոֆիլի ցանքսը։ Ապրիլին տեղացած անձրևներով պատճառով այս տարի կարտոֆիլի ցանքսն ուշ սկսվեց։
Սուլդա գյուղից Մեձո Ափոյանն արդեն սկսել է կարտոֆիլի ցանքսը։ Նա պատրաստվում է մեկ հեկտարից ավելի կարտոֆիլ ցանել։ Գոհ է անցած տարվա բերքատվությունից և վաճառքի գներից։
«Արդեն մի քանի օր է սկսվել է ցանքսը։ Մի փոքր անձրևներն են խանգարում գյուղատնտեսական աշխատաքներ իրականացնելուն, բայց օրական 20-30 ար ցանում ենք։ Ես ինչպես անցած տարի, այնպես էլ այս տարի 1 հեկտար 30 ար կարտոֆիլ եմ ցանելու։ Իմ կարծիքով, ինչքան շուտ ցանվի կարտոֆիլը, այնքան բարձր կլինի կարտոֆիլի բերքատվությունը», – ասում է Մեձո Ափոյանը:
Վերջինս խոսքով, սեփական գյուղատնտեսական տեխնիկա չունի։ Չնայած նրան, որ կարտոֆիլը ցանելու մշակելու և քանդելու ընթացքում ցանկացած աշխատանքի համար վճարում է, միևնույն է կարտոֆիլագործությունն իր համար շահավետ է։
«Ես տեխնիկա չունեմ, ամեն ինչի համար գումար եմ տալիս ու ինձ համար շահավետ է զբաղվել հողագործությամբ։ Մեկ հեկտարից ստացել եմ 50 տոննա մեծ կարտոֆիլ։ Վաճառքի հետ կապված խնդիրներ չառաջացավ, սկզբնական շրջանում գինը էժան էր, բայց հիմա կարտոֆիլի ինքնարժեքը բարձր է», – ասում է Մեձո Ափոյանը:
Անցած տարի Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում միջինը մեկ հեկտարից ստացել են 35-40 տոննա կարտոֆիլ, ինչը շատ բարձր ցուցանիշ է։