նորություններ 1 Մայիսի, 2025 • Մրցույթը կայացել է, սակայն հայտնի չէ, թե ինչպես են շահագործվելու ավտոբուսները

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի կողմից ուղևորատար ավտոբուսների գնման համար հայտարարված մրցույթը կայացել է, սակայն տեղական իշխանությունները դեռևս չգիտեն, թե ինչպես են այդ ավտոբուսները շահագործվելու։

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը երկու ուղևորատար ավտոբուսների ձեռքբերման մրցույթը հայտարարել է ապրիլի 17-ին։ Գնման բյուջեն կազմում է 424 178 լարի։ Նոր ավտոբուսները կօգտագործվեն Ախալքալաքի մունիցիպալիտետի տարածքում ուղևորների տեղափոխման համար։

Մրցույթին մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը ապրիլի 28-ն էր։ Մրցույթը հաղթել է Թբիլիսիի «Սենա Ավտո» ՍՊԸ-ն՝ 398 000 լարիի չափով։ Ընկերությունը նաև մասնակցում է այլ պետական մրցույթների հետևյալ ոլորտներում՝ նավթ, ածուխ և նավթամթերք, տրանսպորտային միջոցներ, տրանսպորտային միջոցների և դրանց շարժիչների պահեստամասեր և պարագաներ, մոտոցիկլետներ, հեծանիվներ և մոտոսայլակներ, բեռնամբարձման և բեռնաթափման սարքավորումներ և դրանց պահեստամասեր, ինչպես նաև տրանսպորտային միջոցների և դրանց հետ կապված սարքավորումների նորոգում, սպասարկում և դրանց հետ կապված ծառայություններ։

Ըստ մրցութային փաստաթղթերի, ավտոբուսները պետք է լինեն նոր, ավտոմատ դռներով, 33 ուղևորի նստատեղով, մոնիտորով, օդորակիչով, հրդեհամարման համակարգով և այլ անհրաժեշտ բնութագրերով, ուղևորափոխադրման միջազգային չափանիշներին համապատասխան։ Ավտոբուսները պետք է մատակարարվեն պայմանագրի կնքման օրվանից ոչ ուշ, քան 180 օրացուցային օրվա ընթացքում։

Ախալքալաքի մունիցիպալիտետի տնտեսական զարգացման և գույքի կառավարման ծառայության պետ Մնացական Փամբուխչյանի խոսքով՝ դեռևս հայտնի չէ, թե դրանք ինչ տեսակի ավտոբուսներ կլինեն և որ ուղղություններով կգործեն։

«Ավտոբուսների մակնիշը հայտնի չէ, բայց դրանք պետք է համապատասխանեն մրցույթի պահանջներին: Մենք դեռ չգիտենք, թե ինչպես և որ ուղղությամբ կշահագործվեն այս ավտոբուսները: Կարծում եմ, որ այս հարցերի լուծումը դժվար գործ չէ: Ավտոբուսներն Ախալքալաք հասցնելու համար կա 3 կամ ավելի ամիս: Այս ընթացքում էլ մենք կորոշենք: Մենք ունենք ավտոտնակ, ավտոբուսները առայժմ այնտեղ կկայանվեն», — ասաց Մնացական Փամբուխչյանը:

Հիշեցնենք, որ, 2023 թվականի մայիսի 17-ին «Բաց սահմաններ» (Jnews) կազմակերպության երիտասարդական խմբի կողմից Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլո էր ներկայացվել խնդրագիր։ Դրանում խոսվում էր մունիցիպալիտետի քաղաքներում և գյուղերում մունիցիպալ տրանսպորտային ցանց ստեղծելու անհրաժեշտության մասին, ինչպես արվել է Ախալցիխե քաղաքում։

Տեղական իշխանությունները խոստացել էին 2024 թվականի բյուջեում հասարակական տրանսպորտի գնման համար միջոցներ ներառել, սակայն ֆինանսավորման բացակայության պատճառով գնումը ստիպված էին եղել հետաձգել։ Այս տարի մունիցիպալիտետը գտել է միջոցներ, ու ավտոբուսների գնման մրցույթն արդեն հայտարարված է։ Խնդրագրի շուրջ տեղի ունեցած քննարկումների համաձայն, տեղական իշխանությունները մտադիր են մունիցիպալիտետում գործարկել հասարակական տրանսպորտի փորձնական գիծ, ու եթե այն իրեն արդարացնի, ապա մունիցիպալիտետն հետագայում կընդլայնի հասարակական տրանսպորտի ցանցը, իսկ եթե չարդարացնի, ավտոբուսները կօգտագործվեն մունիցիպալիտետի այլ կարիքների համար։

2021 թվականի սեպտեմբերին Ախալքալաքի մունիցիպալիտետը երեք դեղին «Isuzu» մակնիշի ավտոբուս է ստացել։ Ախալքալաքի մունիցիպալիտետն իր հին ավտոբուսները ստացել է Թբիլիսիի քաղաքապետարանից։ Սկզբում որոշում էր կայացվել, թե որ ուղղությամբ պետք է երթևեկեին ավտոբուսները, բայց դրանք այդպես էլ չօգտագործվեցին և ի վերջո անսարք վիճակի հասան։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝