նորություններ 30 Ապրիլի, 2025 • Ընտրությունները Վրաստանում. կմասնակցի արդյոք ընդդիմությունը

Մունիցիպալիտետի ներկայացուցչական մարմնի՝ Սակրեբուլոյի հերթական ընտրությունները, ինչպես նաև քաղաքապետերի ընտրությունները Վրաստանում, կկայանան 2025 թվականի հոկտեմբերի 4-ին։ Քաղաքական շրջանակներում ակտիվորեն քննարկվող հիմնական հարցերից մեկն այն է, թե արդյոք ընդդիմությունը կմասնակցի այս ընտրություններին, թե կհրաժարվի։ Jnews-ը այս մասին զրուցեց «Բազմազգ Վրաստան — Համաքաղաքացիական Շարժում» կազմակերպության նախագահ Առնոլդ Ստեփանյանի հետ։

Մինչ օրս Վրաստանի ընդդիմադիր կուսակցություններից ոչ մեկը հստակ չի հայտարարել ընտրություններին մասնակցելու մասին։ Միայն «Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցությունն է հայտարարություն արել, որ չի բացառում իր մասնակցությունը, ինչը, որոշ փորձագետների կարծիքով, նույնպես չի կարելի միանշանակ անվանել։

Այս ընթացքում, իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը փոփոխություններ է կատարում ընտրական օրենսգրքում, որոնք, քննադատների կարծիքով, արվում են բացառապես իշխանությունը պահպանելու շահերից ելնելով։ Սա հիմք է տալիս այն կարծիքին, որ ընդդիմությունը նման պայմաններում հաջողության քիչ հնարավորություններ ունի, և որ ընտրություններին մասնակցելը կարող է անիմաստ լինել։

«Բազմազգ Վրաստան — Համաքաղաքացիական Շարժում» կազմակերպության նախագահ Առնոլդ Ստեփանյանը կարծում է, որ նույնիսկ բարդ քաղաքական իրավիճակում ընդդիմությանը արժե մասնակցել ընտրություններին։

«Դժվար է ասել, բայց կարծում եմ, միշտ էլ արժե մասնակցել, հարցը կայանում է նրանում, թե որ ընդդիմությանը։ Վերջերս Վրաստանում ընդդիմությունն այնքան թույլ է, սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով, որ նրանք չեն կարողանում հավաքել այն քանակությամբ ձայներ, որոնք կապահովեին նրանց մասնակցությունը գոնե որոշակի մակարդակով իրական որոշումների կայացման գործընթացին։ Ես չեմ խոսում մեծ քաղաքների, ես խոսում եմ մունիցիպալիտետների մասին», — ասում է Առնոլդ Ստեփանյանը։

Նրա կարծիքով, ընդդիմությունն ավելի մեծ հնարավորություն ունի հաղթելու խոշոր քաղաքներում, քան մարզերում, եթե կարողանան արդյունավետ աշխատել։

«Խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ «Վրացական երազանքը», չնայած խախտումներին, ընտրակեղծիքներին, վարչական ռեսուրսների օգտագործմանը և այլն, չկարողացավ մեծամասնություն ստանալ խոշոր քաղաքներում, կամ վերցրեց ընդամենը 1-2%-ով ավելի, քան ընդդիմությունը: Մեծ քաղաքներում ընդդիմությունը, իհարկե, ավելի մեծ հնարավորություն ունի հաղթելու, եթե կարողանա ինտեգրվել, եթե կարողանա արդյունավետ աշխատել: Գնալով քիչ ժամանակ է մնում, եթե նրանք համաձայնության գան ընդհանուր թեկնածուների շուրջ», — հավելեց նա:

Որոշ փորձագետներ «Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցության ընտրություններին մասնակցելու հայտարարությունն համարում են երկիմաստ։

Առնոլդ Ստեփանյանի խոսքով, նույնիսկ եթե այս կուսակցությունը մասնակցի ընտրություններին, այն հաղթելու ոչ մի շանս չունի։

«Գախարիան իրեն իրավունք է վերապահում և հնարավորություն է ընձեռում, իրավական և գործնական հարթությունում, մասնակցելու ընտրություններին, ինչը, կարծում եմ, տրամաբանական է, քանի որ որպես աջակողմյան քաղաքական գործիչ, իշխող թիմում իր մասնակցության փորձը ապարդյուն չի անցել, նա հասկանում է, թե ում հետ գործ ունի և հասկանում է, թե ինչ է անհրաժեշտ հաղթանակի համար, չնայած մի շարք հանգամանքների պատճառով դեռևս չի կարող ապահովել հաղթանակը։ Եթե միայն Գախարիան մասնակցի, ես նրա հաղթանակի հնարավորություն չեմ տեսնում, քանի որ նա չի կարողանա ընտրություններին բերել քանակական առումով ավելի մեծ ընտրազանգված, քան «Վրացական երազանքի» ընտրազանգվածն է», — ասում է նա։

Պատասխանելով այն հարցին, թե ինչու ընդդիմությունը չի ցանկանում մասնակցել ընտրություններին, Առնոլդ Ստեփանյանը պատասխանում է.

«Նրանք մի քանի մարդկանց պատանդներն են հանդիսանում, ովքեր վերջին տարիներին քաղաքական գործընթացը տանում էին դեպի անդունդ, և նրանք նաև արագ որոշումների պատանդներն են։ Այսպիսով, կարծում եմ, որ ներսում շատ գործոններ կան, առաջին հերթին՝ սխալները, որոնք նրանք իրենք են թույլ տալիս։ Երկրորդ՝ «Վրացական երազանքը» ստեղծում է այնպիսի պայմաններ, որոնց պատճառով ընդդիմությունը գնալով ավելի թույլ է դառնում և չի կարողանում կամ չի ցանկանում մասնակցել ընտրություններին»։

Ընտրություններին մասնակցելը ոչ միայն իշխանության համար պայքար է, այլև պատասխանատվություն հասարակության առջև։ Որոշ կուսակցություններ մինչև հուլիսի 14-ը ժամանակ ունեն ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնելու, իսկ որոշները՝ մինչև օգոստոսի 8-ը, սակայն արդյունքի հասնելու համար կուսակցությունները պետք է որոշում կայացնեն իրենց մասնակցության վերաբերյալ և շատ ավելի վաղ սկսեն աշխատել։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝