նորություններ 5 Մայիսի, 2025 • Ջավախքցի երիտասարդները՝ Վրաստանի քաղաքական իրավիճակի մասին

Վրաստանում քաղաքական իրավիճակը բավականին երկար ժամանակ է ինչ լարված է։ Թբիլիսիում կրկին ընթանում են ցույցեր։ Լարված քաղաքական իրավիճակի, ցույցերի և աշնանը կայանալիք ընտրությունների մասին, այս անգամ Jnews-ը խոսել է Ախալքալաքի շրջանի տարբեր գյուղերի երիտասարդների հետ։

Բնակչության մեծամասնությանն անհանգստացնում է ներկայիս քաղաքական իրավիճակը։ Ուսանողներից ոմանք ակտիվորեն մասնակցում են Թբիլիսիում ընթացող ցույցերին, ոմանք էլ՝ խուսափում են անգամ անցնել այդ փողոցներով։ Jnews-ը Վրաստանի քաղաքական անցուդարձի մասին խոսել է 3 ջավախքցի երիտասարդների հետ, որոնք մասնագիտությամբ տնտեսագետներ են։

Առաջին երիտասարդը, ում հետ խոսեցինք, սովորում է Թբիլիսիի պետական համալսարանում՝  4-րդ կուրսում։ Նա ապրում է Թբիլիսիում և մասնակցում է ցույցերին։

«Ցույցերին մասնակցել եմ մի քանի անգամ, բայց ժողովուրդը չկարողացավ ինչ-որ բան փոխել։ Վրաստանում ապրում է մոտ 3 728 000 մարդ, նրանցից մոտ 100 000-ն է մասնակցել ցույցերին, մնացածը ոչ մի բան չի արել։ Դա նշանակում է, որ  այդ մնացածին «ձեռք է տալիս» ներկայիս կառավարությունը։ Չէի ուզում ցույցերին շատ մասնակցել զուտ նրա համար, որ կար վրացիների մի խումբ, ովքեր որ հայերին մեղադրում էին, որ հայերը որոշեցին այս երկրի ապագան։ Բայց մոտ 30 000 հայը չէր կարող Վաստանի ապագան որոշել, ինչպես իրենք են ասում», — ասում է մեր առաջին զրուցակիցը։

Եթե վաղը լիներ ընտրություն, ապա ո՞ւմ կցանկանար տեսնել որպես ղեկավար և ի՞նչ կարծիք ունի ԵՄ-ում անդամակցելու մասին, վերջինս պատասխանեց․

«Ցույցերի հիմանական նպատակն է, որ փոխվի կառավարությունը, շատ կուզեի, որ փոխվելու դեպքում Գախարիան լիներ։ Կառավարությունն ուզում է մտնել Եվրամիություն, բայց  իր օրենքներով։ Դրան ես կողմ եմ։ Օրինակ, Կալաձեն որ ասում է՝ «ընդունեցեք մեզ այնպես, ինչպիսին մենք կանք», շատ ճիշտ է ասում։ Վրաստանը քրիստոնյա երկիր է, քրիստոնեությունը այստեղ «դոմինանտ» է։ Մի տեղ կարդացել եմ, որ 10 կետերից 8-ը ընդունված են, մնացել են այն 2-ը, որոնք հակասում են մեր կրոնին։ Ես չեմ ուզում, մի քանի տարի հետո երեխաներս տեսնեն հակակրոնական բաներ։ Ուզում, որ Եվրամիություն մտնենք, լավ ապրենք, աշխատավարձերը բարձրանան, երկիրը կզարգանա, կոռուպցիա չլինի, դեմոկրատիա լինի։  Ըստ իս, Վրաստանը վարում է չեզոք արտաքին քաղաքականություն, քանի որ այլ տարբերակ չունի»։

Չնայած այն հանգամանքին, որ մեր զրուցակիցը նույնիսկ մի քանի անգամ մասնակցել է Թբիլիսիիում ընթացող ցույցերին, տեղյակ չէր աշնանը Վրաստանում կայանալիք ընտրությունների մասին։

«Ընտրությունների մասին տեղյակ չեմ, բայց մտածում եմ, որ այդ ընտրությունները ոչ մի բան չեն փոխի։ Ընտրություններից սպասելիքներ չունեմ, էլի 41-ն է անցնելու, որովհետև, փոքր երկրներում միշտ էլ այդպես է լինում, հաղթում է մեծամասնությունը»։

Մեր հաջորդ զրուցակիցը քաջատեղյակ է Վրաստանի քաղաքական անցուդարձից։ Նա 2024 թվականին է ավարտել Թբիլիսիի պետական համալսարանը, հիմա Թբիլիսիում է, իր կարիերան շարունակելու նպատակով։

«Վրաստանում ներկայումս քաղաքական ճգնաժամ է, 2024 թվականի հոկտեմբերի ընտրությունները և դեկտեմբերի նախագական ըտրությունները համարում եմ կեղծված։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որը ղեկավարում է Բիձինա Իվանիշվիլին, հայտարարել է, որ հաղթել է, բայց ընդդիմությունը և միջազգային դիտորդները վիճարկել են արդյունքները։ Նոյեմբերին կառավարությունը հայտարարեց ԵՄ-ին անդամակցության բանակցությունների սառեցման մասին՝ մինչև 2028 թվականը։ Այս որոշումը, ինչպես նաև նոր սահմանափակող օրենքները, որոնք ուղղված են քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների դեմ առաջացրել են զանգվածային բողոքներ»։

Աշնանը կայանալիք ընտրությունների մասին նա ասաց․ «Իմ տեղեկություններով՝ այո,  հոկտեմբերին նախատեսվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, բայց ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցելու դրանց։ Եթե քաղաքական ճգնաժամը չլուծվի, ընտրությունները կարող են անցկացվել առանց ընդդիմության մասնակցության», — ընդգծեց մեր երկրորդ զրուցակիցը։

Երրորդ երիտասարդը, ում հետ խոսեց Jnews-ը, ծնվել ու մեծացել է Ախալքալաքում, բայց բարձրագույն կրթությունը ստացել է Հայաստանում, նա ասաց․ «Վրաստանը քաղաքական առումով ներկայումս բարդ իրավիճակում է գտնվում Վրաստանը։ Այն իր վատ ազդեցությունն է թողնում բնակչության, հատկապես՝ երիտասարդների վրա։ Կառավարությունից սպասելիքներ չունեմ, բայց հույսով եմ, իրավիճակը շուտ կբարելավվի»։

Իսկ հարցին, թե տեղյակ է արդյո՞ք աշնանը՝ հոկտեմբերի 4-ին, Վրաստանում կայանալիք ընտրությունների մասին, նա ասաց․ «Այո, գիտեմ, որ աշնանը լինելու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, ընկերներիցս եմ լսել»։

Ինչպես նկատեցիք, Jnews-ի երեք երիտասարդ զրուցակիցները, անկախ նրանից, թե որտեղ են ուսանել, ոչ միայն հետաքրքրված են, այլ նաև բավականաչափ տեղեկացված են Վրաստանի ներքաղաքական վիճակի մասին։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝