նորություններ 30 Ապրիլի, 2025 • Հարթեցման աշխատանքներ են կատարվել Խանդոյի աղբավայրում

Խանդո գյուղի մեծ աղբավայր թափված տոննաներով փչացած կարտոֆիլը ինչ-որ չափով կոնսերվացվել է։ Գյուղի խոշոր ֆերմերների և գյուղապետի անմիջական նախաձեռնությամբ՝ գումար են հավաքել ու աղբավայրում հարթեցման և հողալցման աշխատանքներ են իրականացրել, որպեսզի հոտած կարտոֆիլը վարակի աղբյուր չդառնա։

Խանդո գյուղում Ախալքալաքի քաղաքապետի ներկայացուցիչ Աշոտ Սահարյանն ասում է, որ գյուղացիները այլ տարբերակ չունենալով են տոննաներով հոտած կարտոֆիլն անցած տարի փակված աղբավայրում լցրել։

«Այնքան շատ է նեխած կարտոֆիլը, որ մինչև օրս մարդիկ դեռ թափում են։ Իմ գնահատմամբ՝ մոտավոր 1000 տոննայից ավելի կարտոֆիլ է հայտնվել աղբավայրում։ Գյուղացին ի՞նչ կարող է անել, ելք չկա, եթե քիչ լիներ, ապա հնարավոր էր կոնտեյները, աղբամանները լցնելով խնդիրը լուծվեր», — ասաց Խանդո գյուղում Ախալքալաքի քաղաքապետի ներկայացուցիչ Աշոտ Սահարյանը։

hotac kartol

Վերջինս միաժամանակ հավելում է՝ կան մարդիկ, որ հողամասում կամ պահեստի հետնամասում հորեր են փորել ու այնտեղ թափել հոտած կարտոֆիլը, բայց դա համակարգային բնույթ չի կրում և ստեղծված իրավիճակում լուծում չէ։

«Մալարիայի բուն է, ահավոր հոտ է գալիս, եթե քայլեր չձեռնարկեինք, շատ վտանգավոր է, առաջին հերթին մեր առողջության համար», — հավելեց Աշոտ Սահարյանը։

Խանդոյում Ախալքալաքի քաղաքապետի ներկայացուցիչ Աշոտ Սահարյանի և ֆերմերների նախաձեռնությամբ, գյուղի խոշոր ֆերմերները գումար են հավաքել և աղբավայրում տրակտորով հարթեցման աշխատանքներ են կատարվել։

hartecrac axb

«Տրակտորով հարթեցրել են ու հող լցրել, բայց մինչև վերջ չի փակվել աղբավայրը։ Սպասում են կարտոֆիլի վաճառքն ու ցանքը վերջանա, հետո նոր հող լցնեն ու փակեն։ Գյուղացիներն իրենց որոշմամբ են դա արել», — ասաց Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանը։

Գյուղացիների գնահատմամբ՝ այս տարի 1000 տոննայից ավելի կարտոֆիլ է թափվել ու դեռ այս պրոցեսը շարունակվում է, քանի դեռ մարդիկ ամբողջությամբ չեն վաճառել կարտոֆիլը։

axb xando

Հիշեցնենք, որ Խանդոյի արհեստական աղբավայրը գյուղացիներն իրենք էին հիմնել 2000-ականների սկզբին։ Տասնամյակներ անց, ի վերջո հնարավոր եղավ այն մաքրել ու փակել, սակայն դա կարճ տևեց։ 2024 թվականի աշնանը եղանակային բարդ պայմանների պատճառով գյուղացին չհասցրեց ժամանակին բերքը հավաքել, ինչի հետևանքով կարտոֆիլի բերքի 40-50 տոկոսը սառավ և փչացած կարտոֆիլը նորից հայտնվեց մաքրված աղբավայրում։

Հոտած, փտած, փչացած կարտոֆիլը մեթան է արտանետում շրջակա միջավայր, այսինքն՝ ֆերմենտացիա է տեղի ունենում։ Այդ իսկ պատճառով կարևոր է, որ կոմպոստացում կատարվի։

Մեթանը (CH4) հզոր ջերմոցային գազ է, որը էական ազդեցություն ունի շրջակա միջավայրի վրա:

Մեթանը գետնի մակարդակում օզոնի (O3) առաջացման նախադրյալն է: Երբ մեթանը արտանետվում է մթնոլորտ, այն փոխազդում է այլ աղտոտիչների հետ արևի լույսի առկայության դեպքում՝ առաջացնելով օզոն: Ցամաքային օզոնը վնասակար օդի աղտոտիչ է, որը կարող է առաջացնել շնչառական խնդիրներ, սրտանոթային և այլ առողջական խնդիրներ:

Այս թեմայով կարդացեք նաև՝

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝