Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ապրիլի 28-29-ը պաշտոնական այցով Հայաստանում էր գտնվում։ Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր։
Պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի նախագահի գլխավորած պատվիրակությանը կառավարությունում հյուրընկալել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը շնորհավորել է Կավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով այդ պատասխանատու առաքելության մեջ։ Փաշինյանը նշել է, որ հայ-վրացական հարաբերություններն այսօր հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի, ինչը երկու երկրների երկարաժամկետ մտադրությունների արտահայտությունն է։ Նա ընդգծել է, որ Հայաստանը և Վրաստանն ունեն ընդհանուր շահեր, որոնք տեղավորվում են նաև Հարավային Կովկասի երկարատև զարգացման համատեքստում։
Իր հերթին, Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին նշել է, որ Հայաստանի Հանրապետություն կատարած իր առաջին պաշտոնական այցն ունի խորհրդանշական նշանակություն՝ հաշվի առնելով երկու ժողովուրդների միջև հազարամյակների պատմություն ունեցող բարեկամությունը։ Նա կարևորել է անցյալ տարի ստորագրված ռազմավարական համագործակցության համաձայնագրի գործնական իրագործումը՝ հավելելով, որ անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի Հարավային Կովկասը դառնա կայուն և հզոր տարածաշրջան։
Կողմերը նաև քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր՝ ներառյալ տնտեսությունը, ենթակառուցվածքներն ու կրթությունը։ Նշվել է բարձրաստիճան փոխայցելությունների և ակտիվ երկխոսության կարևորությունը, որոնք նպաստում են ոլորտային համագործակցության խորացմանը։
Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային զարգացումներին։ Երկու ղեկավարները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցումը՝ հույս հայտնելով, որ շուտով այն կստորագրվի, ինչն էլ կնպաստի Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանը։
Հայաստանն ու Վրաստանն օրինակելի երկկողմ համագործակցություն ունեն բազմաթիվ ոլորտներում․ Երևանի ու Թբիլիսիի միջև 2024 թվականին ստորագրված ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրն սերտ և ամուր բարեկամական հարաբերությունների ևս մեկ հաստատում է, և ճանապարհ է հարթում բոլոր ոլորտներում ավելի խորը և համապարփակ համագործակցության համար։ Այս մասին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարության ժամանակ ասել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին: Վերջինս մանրամասնել է, որ Հայաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում ինքը գոհունակությամբ նշել է, որ աշխարհում ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին Թբիլիսին և Երևանը շարունակում են խորացնել երկկողմ սերտ քաղաքական, տնտեսական կապերը։ Նա նկատել է, որ Հայաստանը Վրաստանի ամենակարևոր առևտրային գործընկերներից մեկն է։
«Մեր երկիրն ամեն տարի մեծ թվով այցելուներ է ընդունում Հայաստանից, և այս ցուցանիշով Հայաստանը միշտ գտնվում է այցելուների ցուցակի 1-ին եռյակում», — շեշտել է Վրաստանի նախագահը։
Հայաստանում պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին այցելել է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ նրան հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Կողմերը շեշտել են հայ-վրացական բարեկամության դարավոր ժառանգությունը և հոգևոր արժեքների դերն ազգային ինքնության պահպանման գործում։
Հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Ներկա են եղել նաև Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը և այլ հոգևորականներ։ Ողջունելով Վրաստանի նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ, Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է հայ և վրաց ժողովուրդների միջև պատմական բարեկամությունը, ընդգծելով, որ երկու ժողովուրդները պատմության ընթացքում համատեղ հաղթահարել են բազմաթիվ փորձություններ՝ պահպանելով ազգային ինքնությունը։ Նորին Սրբությունը շնորհակալություն է հայտնել Վրաստանի իշխանություններին՝ հայ ռազմագերիների վերադարձին ուղղված միջնորդական ջանքերի և հայ համայնքի հանդեպ ցուցաբերված հոգածության համար։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները է փոխանցել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդին։
Վրաստանի նախագահը, իր հերթին, գոհունակություն է հայտնել պաշտոնական այցի ընթացքում ունեցած հանդիպումների և արդյունքների կապակցությամբ։ Նա հատուկ ընդգծել է քրիստոնեական հավատքի բացառիկ դերը հայ և վրաց ժողովուրդների հոգևոր և մշակութային դիմագծի պահպանման գործում։
Այցի ավարտին Միխեիլ Կավելաշվիլին հոգևորականների ուղեկցությամբ այցելել է Մայր Տաճար, ծանոթացել հիմնանորոգված սրբավայրի պատմությանը։
Նշենք նաև, որ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահը այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Երկու երկրների հարաբերությունների, ինչպես նաև պաշտոնական այցի մասին Jnews-ը զրույց է ունեցել Վրաստանի հարցերով փորձագեր Ջոնի Մելիքյանի հետ, ում խոսքով նորընտիր կառավարիչների առաջին պաշտոնական այցերը կատարվում են ըստ ավանդույթի հենց հարևան երկրներում: Առաջարկում ենք կարդալ հատված այդ զրույցից:
Ինչպե՞ս կգնահատեք այս փուլում երկու երկրների միջև հարաբերությունները և այս այցը ինչպե՞ս կանդրադառնա հարաբերությունների աճի և հետագա դինամիկայի վրա:
Հարաբերությունները դրական են, ձևավորված դինամիկա կա և այս այցը հերթական ներդրումը կունենա մեր հարաբերություններում, քանի որ ընտրություններից հետո նախագահի առաջին պաշտոնական այցն է Հայաստանում, ուստի ցույց է տրվում, որ Թբիլիսիի համար կարևորվում է հայկական ուղղությունը, նամանավանդ, որ մեկ տարի առաջ մենք ստորագրել ենք հռչակագիր, որով հռչակվեց մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը, ուստի այն հավելյալ դինամիկա է հաղորդում հարաբերություններին:
Ըստ Ձեզ՝ որո՞նք են այն հիմնական ուղղությունները, որոնցում Հայաստանը և Վրաստանը կարող են սերտ համագործակցել այս, արդեն նոր ձևավորված փուլում։
Քանի որ հռչակել ենք ռազմավարական հարաբերություններ, ապա այս ուղղությամբ պետք է աշխատենք, որևէ բան բավարար չէ այսօր և կողմերը պետք է այս ուղղությամբ շարունակեն աշխատանքները, խորացնելով առևտրատնտեսական համագործակցությունը, նախաձեռնելով տարբեր և նոր փոխշահավետ ծրագրեր, որոնք ապագայում կարող են բավականին լուրջ ներդրում ունենալ առկա հարաբերություններում և էլ ավելի խորացնել դրանք:
Որպես հարևան պետություն, ի՞նչ կարող է Հայաստանը առաջարկել Վրաստանին և հակառակը:
Ժամանակին Վրաստանը կարող էր օգտվել մեր՝ ԵԱՏՄ-ում անդամակցությունից իր որոշ ապրանքների արտահանման մասով, մենք Վրաստանի քվոտաներից՝ Եվրոպական շուկա արտահանման որոշ հարցերում, համատեղ արտադրության պարագայում: Հայաստանը նաև այն երկրներից է, որտեղից տարեկան մոտ միլիոն ու կես այցելու է ֆիքսվում Վրաստանում, ինչը քիչ թիվ չէ, և իրենից ենթադրում է մեծ գումարների ներդրում Վրաստանի տնտեսությում, ուստի միասին համագործակցելով, մենք կարող ենք էլ ավելի ընդլայնել հնարավոր համագործակցային շրջանակը, ներառելով տարբեր ոլորտներ, կլինի դա սպորտային տուրիզմը, ենթակառուցվածքային կամ տեխնոլոգիական համագործակցությունները և այլն:
Վրաստանը տարածաշրջանային խաչմերուկում է։ Ի՞նչ դեր կարող է խաղալ երկիրը հայ-ադրբեջանական հարաբերություններում՝ հատկապես խաղաղ գործընթացի հարցում։
Ինչ կարելի էր անել, վրացական կողմն արդեն արել է, գերիների վերադարձ, հանդիպումների հարթակ տրամադրել, ուստի՝ իմ կարծիքով, եթե պահանջարկ լինի, կողմերը կարող են դիմել պաշտոնական Թբիլիսիին հարթակ տրամադրելու համար: Չէի ասի, որ Վրաստանը կարող է հավակնություն ունենալ մոդերատոր երկրի կարգավիճակի, քանի որ այսօր այդպիսի հնարավորություններ ունեն շատ քիչ երկրներ, ուստի Վրաստանը միշտ ցույց է տալիս շահագրգռվածություն հայ-ադրբեջանական բանակցությունների դրական ավարտի մասով: