Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ Վրաստանի առևտրային բանկերում պահվում է ավելի քան 4 միլիարդ ռուսական ռուբլի։ 2025 թվականի մարտի դրությամբ ռուբլով ավանդների ծավալը կազմել է 121.021 միլիոն լարի։ Սա գրեթե 138%-ով ավելի է, քան նախորդ ամսվա ցուցանիշը և 102%-ով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։
Վրաստանի Ազգային բանկի վիճակագրության համաձայն՝ 2025 թվականի փետրվարի դրությամբ ռուսական ռուբլով ավանդների ընդհանուր գումարը կազմել է 50,903 միլիոն լարի, մինչդեռ մեկ տարի առաջ՝ 2024 թվականի մարտի դրությամբ, ռուբլով ավանդների ծավալը կազմել է 59,655 միլիոն լարի։
Ինչ վերաբերում է ընդհանուր տվյալներին, ապա Ազգային բանկի տվյալներով՝ բանկային ոլորտում տեղադրված ավանդների ծավալը (բացառությամբ միջբանկային ավանդների) 2025 թվականի մարտի վերջին կազմել է 58.47 միլիարդ լարի, ինչը 467.90 միլիոն լարիով կամ 0.81%-ով ավելի է նախորդ ամսվա վերջի ցուցանիշից (1.46%-ով ավելի՝ առանց փոխարժեքի էֆեկտի): Առանց փոխարժեքի ազդեցության ավանդների տարեկան աճը կազմել է 11.27%։ Մարտին, նախորդ ամսվա համեմատ, ժամկետային ավանդներն աճել են 67.78 միլիոն լարիով կամ 0.25%-ով (առանց փոխարժեքի ազդեցության՝ աճել են 0.93%-ով), իսկ ցպահանջ ավանդները՝ 400.11 միլիոն լարիով կամ 1.29%-ով (առանց փոխարժեքի ազդեցության՝ աճել են 1.92%-ով):
Ավանդների լարիզացման հարաբերակցությունը 2025 թվականի մարտի վերջին կազմել է 47.23%։ Նախորդ ամսվա վերջի համեմատ ավանդների լարիզացումը աճել է 0.35 տոկոսային կետով (առանց փոխարժեքի էֆեկտի՝ 0.04 տոկոսային կետով):
Մարտին ժամկետային ավանդների միջին տարեկան հաշվեկշռված շուկայական տոկոսադրույքը կազմել է 6.84%։ Այդ թվում՝ 9.84%-ը՝ ազգային արժույթով ներդրված ավանդների և 2.56%-ը՝ արտարժույթով ներդրված ավանդների համար։ ԱՄՆ դոլարի մասնաբաժինը արտարժույթով ավանդներում կազմել է 79.65%, եվրոյինը՝ 18.91%։
Ինչ վերաբերում է ռուբլու մասնաբաժնին, ապա 2025 թվականի մարտի դրությամբ այն կազմում է ավանդների ընդհանուր ծավալի 0.21%-ը։ Նույն թվականի փետրվարի դրությամբ այն կազմել է 0.09%, իսկ նախորդ տարվա մարտին՝ 0.12%: