Ախալքալաքի մունիցիպալիտետը պատրաստվում է 200 000 լարիի չափով նոր աղբամաններ գնել։ Ախալքալաքի քաղաքապետարանը նախատեսում է այս գնմամբ վերջնականապես լուծել մունիցիպալիտետի աղբամանների պակասի խնդիրը և բոլոր գյուղերում սկսել աղբահանության վճարի գանձումը։
Չնայած այն հանգամանքին, որ Սպասարկման կենտրոնն անցյալ տարի ձեռք բերեց 246 աղբաման, որոշ գյուղերում դեռևս աղբամաններ չկան, իսկ որոշներում էլ դրանց պակաս է նկատվում։
Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանն ասաց, որ նախատեսվում է մունիցիպալիտետի բոլոր գյուղերը լիովին ապահովել աղբամաններով, որպեսզի սկսեն աղբահանության վճարի հավաքման կազմակերպված գործընթացը։
«Կան գյուղեր, որտեղ տեղադրված է ընդամենը 3-4 աղբարկղ։ Մենք ուզում ենք ավելացնել դրանց թիվը, ապահովել մաքրությունը բնակավայրում, որպեսզի բնակիչները չբողոքեն աղբարկղերի բացակայությունից, և որպեսզի հնարավոր լինի վճարը հավաքել։ Հիմա, եթե գյուղում կա ընդամենը երեք աղբարկղ, ես չեմ կարող պահանջել աղբավճար», — նշում է Մխիթար Ռստակյանը։
Նրա խոսքով, Մեծ Սամսար, Փոքր Սամսար և Մոդեգամ գյուղերում տեղադրված է միայն մեկական աղբարկղ, և մունիցիպալիտետում բավակաին շատ նման բնակավայրեր կան, որտեղ տեղադրված է ընդամենը 3-4 աղբարկղ։
Ռստակյանը ընդգծեց, որ այս տարի նախատեսվում է, գյուղերում, ավարտել աղբամանների տեղադրման գործընթացը, որպեսզի սկսեն վճարի համակարգված հավաքումը։
Մխիթար Ռստակյանի խոսքով, այսօրվա դրությամբ, մունիցիպալիտետի 60 գյուղերից աղբահանության վճար հավաքվում է մոտավորապես 30 գյուղից։
«Կարտիկամ գյուղում, այս տարի, մենք արդեն սկսել ենք վճարի հավաքումը, մենք ավելացրել ենք աղբամանների քանակը, և ամբողջ տարվա համար նախապես հավաքվել է 6762 լարի», — հավելեց Սպասարկման կենտրոնի տնօրենը։
Հիշեցնենք, որ անցած տարի մունիցիպալիտետը ստացել և տեղադրել է ընդհանուր առմամբ 246 աղբաման։ Դրանք տեղադրվել են ինչպես այն բնակավայրերում, որտեղ դրանք ընդհանրապես չեն եղել, այնպես էլ այն վայրերում, որտեղ զգացվել է դրանց պակասը։
Ախալքալաքի սպասարկման կենտրոնը, 2025 թվականին, աղբահանության համար վճար հավաքում է հետևյալ գյուղերից.
Խանդո, Գոման, Դադեշ, Բալխո, Խուլգումո, Խոսպիո, Մարտունի, Կուլիկամ, Մուրջախեթ, Տուրցխ, Դիլիսկա, Չամդուրա, Բարալեթ, Լոմատուրցխ, Բավրա, Կորխ, Թոթխամ, Մաջադիա, Բուղաշեն, Ղադոլար, Օրջա, Կարտիկամ, Ֆիլիպովկա և այլն։
Ախալքալաքի մունիցիպալիտետում մեկ անձի համար աղբահանության սակագինը սահմանված է 50 թեթրի, եթե ընտանիքում չորս հոգուց ավելի է, ապա վճարը 2 լարի է, իսկ իրավաբանական անձինք 1 խոր/մ աղբի համար վճարում են 25 լարի։ Հսկիչները, ովքեր բնակիչներից վճար են հավաքում, ստանում են հավաքված գումարի 30%-ի չափով աշխատավարձ։ Սպասարկման կենտրոնը պայմանագիր է կնքում, ըստ որի, հավաքում է վճարները։
Աղբահանության համար վճարող գյուղերի թվի ավելացումից հետո Սպասարկման կենտրոնի եկամուտները նույնպես ավելացել են։ 2024 թվականին ֆիզիկական անձանցից գանձվել է 71700 լարի, սպասարկման կենտրոնի տարեկան եկամուտը մինչ այդ կազմում էր 40 000 լարի: Իրավաբանական անձանցից եկամուտները կազմում են 90 643 լարի։
Անցյալ տարի Սպասարկման կենտրոնն իրավունք է ստացել վարձակալել իր հատուկ տեխնիկան, ինչը նույնպես նպաստել է կազմակերպության եկամուտների ավելացմանը։ Սպասարկման կենտրոնը մի քանի ամսում 7800 լարի է վաստակել իր տեխնիկան վարձակալելու շնորհիվ։
Ախալքալաքի սպասարկման կենտրոնում ներկայումս կա 6 միավոր աղբահան տեխնիկա: