Սա Աբլար գետն է, որը հոսում է երկու՝ Կուլիկամ և Խուլգումո գյուղերի միջով։ Խուլգումո գյուղի վերջնամասում, որտեղ Աբլար գետը միանում է Փարվանային, գետաբերանին երկաթե պատնեշ կա, որտեղ և հավաքվում է այն աղբը, որը բնակիչները թափում են գետ։ Ջուրը կեղտոտ է, իսկ հունը՝ աղբով լցված, բայց ժամանակին այս գետն այնքան մաքուր է եղել, որ մարդիկ այստեղ նույնիսկ լողացել են։
Կուլիկամ և Խուլգումո գյուղերի բնակիչները կենցաղային և շինարարական աղբը լցնում են գետը՝ սովորույթի ուժով՝ տարածքում տեղադրված աղբամանները նրանց հեռու են թվում, չնայած նրան, որ երկու գյուղում էլ աղբամաններ են տեղադրված և կանոնավոր կերպով աղբահանություն է իրականացվում։
Գետերի մաքրությունը Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի իրավասության մեջ չի մտնում։
«Այդ տարածքում ՀԷԿ կա, դրա համար գետում արհեստական պատնեշ է կառուցվել, գետում հայտնված աղբը հավաքվում է այդտեղ։ Գետերի մաքրությունը մեր իրավասության մեջ չի մտնում։ Եթե ՀԷԿ-ի սեփականատերը մեզ հետ է պայմանագիր կնքի, ապա մենք պարտավոր կլինենք պարբերաբար մաքրելու», — ասաց Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանը։
Ախալքալաքի մունիցիպալիտետի գետերում և լճերում մաքրության վերահսկողությունն իրականացնում է Վրաստանի Բնապահպանության վարչության էկոլոգիայի բաժինը։ Ախալցիխեից Բնապահպանության վարչության աշխատակիցները տարին մի քանի անգամ գալիս են, շրջում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում և խախտումներ արձանագրելու դեպքում նախ զգուշացում են գրում, հետո միայն տուգանում, եթե իհարկե արձանագրված խախտումը չի վերացվում։
Jnews-ը հաջորդ նյութերում մանրամասն կներակայացնի, թե Բնապահպանության վարչության էկոլոգիայի բաժինը կոնկրետ ինչ մեխանիզմներ է կիրառում ՀԷԿ-երի սեփականատերերի կամ անհատների նկատմամբ։
Աբլար գետում ոչ միայն պլաստիկե տարաներ ու ապակե շշեր կան, այլև սատկած կենդանիներ։
Անգամ ամեն ամիս մաքրելու դեպքում Աբլար գետը կլինի կեղտոտ, քանի դեռ գյուղերի բնակիչները իրենց աղբը թափում են գետը։ Ամեն տարի մաքրման աշխատանքներ տարվում են, սակայն բնակիչներիս թեթև ձեռքով ունենք այս պատկերը։