Այս տարի Ախալքալաքում որոշ գյուղատնտեսներ որոշել են նվազեցնել կարտոֆիլի ցանքատարածությունները, նախապատվությունը տալով հացահատիկային մշակաբույսերի։ Չնայած նրան, որ անցած տարի թե կարտոֆիլի բերքատվությունը, թե գինը գոհացուցիչ էր։ Գյուղատնտեսների գլխավոր փաստարկներից մեկն այն է, որ հացահատիկայինների մշակումն ավելի քիչ աշխատուժ է պահանջում։
Դիլիսկա գյուղի բնակիչներից Վելիկ Կարախանյանն, այս տարի՝ ի հաշիվ կարտոֆիլի դաշտերի ընդարձակել է հացահատիկի ցանքատարածությունները։ Վերջինս արդեն ավարտել է հացահատիկայինների ցանքսը:
«Անցած տարին բարենպաստ տարի էր բերքատվության առումով։ Կարտոֆիլի իրացման հետ կապված խնդիրներ չառաջացան, գնորդներ միշտ կային։ Ես ցանքսն ավարտել եմ, ավելի շատ գարի և ցորեն եմ ցանել, քան կարտոֆիլ։ Գարու և ցորենի աշխատանքը շատ քիչ է կարտոֆիլի համեմատ։ Այդ իսկ պատճառով ավելացնում եմ հացահատիկների ցանքատարածությունները», — ասում է Վելիկ Կարախանյանը։
«Հացահատիկի մեկ կիլոգրամը վաճառվում էր մեկ լարիով։ Ֆերմերներ կան, ովքեր որոշել են ավելացրել հացահատիկի ցանքատարածությունները, քանի որ մեծ ծախսեր և շատ աշխատանք չի պահանջվում և ամենակարևորը չի փչանում։ Ես մեկ հեկտարով ավելի շատ ցորեն եմ ցանել այս տարի», — ասաց Դիլիսկա գյուղի բնակիչներից մեկը, ով չցանկացավ նշել անուն ազգանունը։
Սուլդա գյուղի բնակիչ Սերգեյ Ափոյանն ինչպես անցած տարի, այնպես էլ այս տարի նույնչափ կարտոֆիլ ու գարի է ցանելու։
«Գարին և ցորենն արդեն ցանել եմ։ Այս պահին եղանակը բարենպաստ չի, ամեն օր անձրև է գալիս, հենց եղանակը լավանա այդ ժամանակ կարտոֆիլը նույնպես կցանեմ։ Ես կարտոֆիլ ավելի շատ եմ ցանում, քան գարի կամ ցորեն։ Կարող եմ ասել, որ մեր գյուղում ավելի շատ կարտոֆիլ են ցանում», — ասում է Սերգեյ Ափոյանը:
Մունիցիպալիտետի Խանդո գյուղում նույնպես գյուղատնտեսները ավելի շատ կարտոֆիլ են ցանում, քան հացահատիկային մշակաբույսեր։
«Ներկայիս գները հաշվի առնելով, ավելի շահավետ է կարտոֆիլ աճեցնել, քան հացահատիկ։ Կարտոֆիլի մեկ հեկտարից ստանում ենք մոտավորապես 30 տոննա բերք, իսկ մեկ հեկտար հացահատիկի տարածքից ստանում ենք 5 տոննա բերք, դա այն դեպքում, երբ տարին բերքառատ է լինում», — ասում է գյուղատնտես Արթուր Պապոյանը:
Մարտին Մելքոնյանը Չամդուրա գյուղից է, արդեն ավարտել է հացահատիկայինների ցանքսը, և սպասում է անձրևների դադարին, որպեսզի սկսի կարտոֆիլի ցանքսը:
«Ես ավարտել եմ հացահատիկի ցանքսը, բայց դեռ չեմ սկսել կարտոֆիլ ցանելը։ Մեր գյուղում կարտոֆիլ ավելի շատ են ցանում, քան գարի կամ ցորեն, մոտավորապես 40-% կազմում է հացահատիկը, 60%-կազմում է կարտոֆիլի ցանքատարածությունները։ Եղանակն է մի փոքր անհանգստացնում, տեսենք երբ է անձրևները դադարելու, որ կարողանանք կարտոֆիլը ցանենք», — ասում է նա
Մարտին Մելքոնյանի խոսքով, Չամդուրա գյուղում հացահատիկի ցանքսը 80–90%-ով ավարտված է։
Նույն գյուղից Հայկ Անտոնյանը կարծում է, որ ներկայիս գները հաշվի առնելով, ավելի շահավետ է կարտոֆիլ աճեցնելը, քան հացահատիկ։
«Կարտոֆիլի բերքատվությունն ավելի բարձր է 1 հեկտարից մոտավորապես ստանում ենք 30-40 տոննա կարտոֆիլ, իսկ հացահատիկի ստանում ենք 4-5 տոննա բերք։ Մեր գյուղում կարտոֆիլ ցանքատարածություներն ավելի շատ են, սակայն այս տարի շատերից եմ լսել, որ ավելի շատ գարի ու ցորեն են ցանել, քան անցած տարի», — ասում է Հայկ Անտոնյանը։