Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին պաշտոնական այցով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում։ Այցի շրջանակում Երևանում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է Միխեիլ Ղավելաշվիլուն Նախագահական նստավայրում։
Վրաստանի նախագահի վարչակազմի տեղեկացմամբ` անձնական հանդիպման ժամանակ երկու երկրների ղեկավարները քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև առկա ամուր բարեկամական հարաբերությունների և գործընկերության խորացման հեռանկարները։ Կողմերը քննարկել են նաև տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության ընդլայնման հարցեր։
Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել իր հայ գործընկերոջը Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության աջակցության համար։ Հանդիպմանը երկու երկրների նախագահները քննարկել են Վրաստանում և Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններն ու խոսել են տարածաշրջանային խաղաղության և կայունության կարևորության մասին։
Միխեիլ Ղավելաշվիլին նշել է, որ ոչ վաղ անցյալում Թբիլիսում կայացած Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը ևս մեկ անգամ հստակորեն հաստատում է Վրաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու Հարավային Կովկասում երկխոսությանը, խաղաղությանը և կայունությանը։ Վրաստանի նախագահը հույս է հայտնել, որ ապագայում այս ձևաչափով երեք երկրների համագործակցությունը կշարունակվի։
Հանդիպումից հետո Վրաստանի և Հայաստանի նախագահները հանդես են եկել ԶԼՄ-ների համար համատեղ հայտարարություններով։