Գարնան գալուստը շատերի մոտ ասոցացվում է ծաղկած բնությամբ՝ կանաչ և ծաղկած ծառերով, կանաչապատ այգիներով։ Գարնան այսպիսի նկարագրությունն այսօր համապատասխան չէ Ախալքալաքի այգիների համար։ Ախալքալաքի կենտրոնական փողոցում գտնվող Մաշտոցի արձանի շրջակա տարածքն անմխիթար վիճակում է։
Երկու տարի առաջ Ազատության փողոցում, Մաշտոցի արձանի շրջակա տարածքը բարեկարգեցին և տնկեցին ծառեր։ Այսօր, այդ հատվածում տկնկված ծառերի մեծամասնությունը չորացել են։ Անխնամ վիճակում են գտնվում նաև քաղաքի շատ այլ տարածքներում տնկված ծառերը։
Կանաչապատման ծառայության պետ Աղվան Աբաջյանի խոսքով, ծառերը շուտով մշակվելու են․ «Ծառերը միշտ էլ խնամվում են, ուղղակի, այս տարի, գարնան բացվելուն պես աշխատողները բոլորն զբաղված են, այգու ծառերն են մշակում, երբ վերջացնեն կանցնեն մյուս տարածքներին։ Մաշտոցի արձանի մոտի ծառերը զարթնեն, հետո նոր կսկսենք մշակելը, չորացածները կկտրենք» — ասաց նա։
«Խաս Բախչա» այգում հիմա կատարվում են սանիտարական աշխատանքներ։ Մշակում են ծառերը, կտրելով չորացված ճյուղերը։ Աշխատաքները կատարվում է Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի Կանաչապատման ծառայության կողմից։
Աբաջյանը նաև նշեց, որ քաղաքում ինչքան այգիներ կան, բոլորն էլ մշակվելու և խնամվելու են։ Կա նաև նոր ծառեր տնկելու ծրագիր, որը կիրականցվի այս տարի աշնանը, քանի որ, ինչպես նշեց Կանաչապատման ծառայության պետը, հիմա արդեն ուշ է ծառատունկ անելու համար։
Նա նաև հավելեց, որ դեռ հաստատ որոշված չէ, թե որ հատվածներում են տնկելու ծառերը, բայց հավանաբար կտնկվեն «Խաս Բախչա» այգում և Դարբինյան փողոցում։